Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը։ Չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների եւ նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի, ԱՀ ՊԲ-ն էլ առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս իր խոսքում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց վարչապետն ասաց, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
«Ես ուղիղ ասել եմ, որ սա իրենց համար առաջին հրադադարն է, բայց մեզ համար արդեն երրորդը եւ ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, եւ Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։ Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետեւյալն է․ ա) եթե հրադադարը չպահվի, ինչպես եք պարզելու, թե ով է մեղավորը, բ) ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ կոռեկտ չի համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը իր հարցերին, բայց վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցերին՝ արդյոք իրենք պարզեցին՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եւ եթե պարզեցին՝ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարը խախտած կողմի վրա։ Փաշինյանը հավելեց․
«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների ջանքերը՝ հրադադար հաստատելու եւ հարցին դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն։ Ես խնդրում եմ՝ որեւէ մեկը չկասկածի երեք նախագահների անկեղծությանը՝ հրադադար հաստատելու վերաբերյալ։ Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում՝ հրադադարը հաստատվի, առանց որեւէ կասկածի կարող եմ ասել։ Այս տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ, եթե ուրիշ բան հաշվի չառնենք, միայն այս փաստը պարզ է՝ հասկանալու, որ նախագահներն անկեղծորեն են ուզում հասնել հրադադարի։
ԱՄՆ-ի դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետեւ այնտեղ նախընտրական արշավ է, եւ խոսքն, ըստ էության, միջազգային իրավիճակի վրա ազդելու՝ նախագահ Թրամփի կարողությունների մասին է, ինչը կարող է պոզիտիվ կամ նեգատիվ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Իհարկե, մենք դեռ պետք է սպասենք Թրամփի կամ ԱՄՆ-ի արձագանքին՝ այս իրավիճակին։ Բայց եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա մեզ ի՞նչ եզրակացության է բերել․ սա նշանակում է, որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։ Սա ուղղակի միտք է, մենք դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց որ հիմա ունենք այս իրավիճակը, փաստ է»։
comment.count (0)