hetq.am: Կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից։ Կառավարության չզեկուցվող որոշման հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։
Փաթեթով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Օրենքի այդ հատվածում սահմանված է․
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարությանը, որոնք անըդունելի են համարվել, և օրենքի նախագիծը նախնական տեսքով կառավարությունը հաստատեց։
ՄԻՊ-ում կարծում են, որ Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքն ամրագրված է Սահմանադրությունում, որ պետությունն ապահովում է Պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Իսկ ՄԻՊ-ի մասին օրենքով Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:
«Վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք: 2019 թվականին նույնպես արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմումների ու բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2396-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք»,- այս մասին առարկություններում նշել է ՄԻՊ աշխատակազմը։
ՄԻՊ-ում համարում են, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման չափը:
ՄԻՊ–ի աշխատակազմից փոխանցեցին նաև, որ կառավարության առաջարկած փոփոխությամբ պաշտպանի անկախության երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)