Սա լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի կոորդինատի վերաբերյալ, և դա հիմնավորող փաստարկներ կան. Նիկոլ Փաշինայն |1lurer.am|
20:18 - 14 մայիսի, 2021

Սա լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի կոորդինատի վերաբերյալ, և դա հիմնավորող փաստարկներ կան. Նիկոլ Փաշինայն |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերն Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին գործողությունը, որն արվել է Կառավարության, ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ԱԽ-ի կողմից, իրադրության գնահատումն է եղել՝ ո՞րն է իրականում նպատակն ադրբեջանցիների այդտեղ հայտնվելու: Եվ, ըստ նրա, այդ գնահատումից է եղել կախված մեր հետագա գործողությունները: 

«Մեր գնահատականը եղել է միանշանակ՝ Ադրբեջանի նպատակը եղել է ռազմական բախում հրահրելը ՀՀ տարածքում: Սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան կամ մի կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան. 

Առաջին՝ նման տեղանքում գտնվելն ադրբեջանցիները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել որպես ադրբեջանական: Ես արդեն նշել եմ, որ ԽՍՀՄ քարտեզները ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցնիենրը, իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում: 

Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություն անցկացնելու մասին: Սա չէր կարող պատահականություն լինել: 

Երրորդ՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարաքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով: 

Չորրորդ՝ եթե ուշադիր նայենք քարտեզին, մենք կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է բոլոր տեղանքներից: 

Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք վերլուծել ենք իրավիճակը և որոշել ենք գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, իսկ այսօր արդեն բոլոր փաստաղթերը մուտք են արվել և հասել հասցեատերերին: 

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ըստ ընթացակարգի՝ նամակն առաջինը պետք է ուղղվի ՀԱՊԿ խորհրդի նախագահողին, այս դեպքում՝ Տաջիկստանի նախագահին, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ՝ համաձայն ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգի»: 

Փաշինյանը նշեց, որ ըստ այդ Կանոնակարգի՝ հնարավոր է որոշում կայացնել ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելուն կամ հետ մղելու ուղղված գործողությունների իրականացման համար: «Այսինքն՝ մենք գործարկել ենք մի մեխանիզմ, որտեղ հնարավոր են քաղաքական, ռազմաքաղաքական, ինչպես նաև ուժային լուծումներ»,- ընդգծեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել