Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

ՄՍԾ տարածքային կենտրոններ այցելելու համար հնարավոր է հերթագրվել նաև առցանց

ՄՍԾ տարածքային կենտրոններ այցելելու համար հնարավոր է հերթագրվել նաև առցանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը հնարավոր է ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։ «Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://socservice.am/ կայքէջ և սեղմել հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա։ ՔԱՅԼ 2։ Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա։ ՔԱՅԼ 3։ Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրը և ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» պատուհանի վրա։ Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:39 - 07 մայիսի, 2025
Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254: Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:
10:35 - 06 մայիսի, 2025
Ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է․ ԱՍՀ նախարար

Ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է․ ԱՍՀ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։ «Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։ Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։ Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։ Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։ Սիրելի՛ քաղաքացիներ, Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն»,- ուղերձում նշել է Նարեկ Մկրտչյանը։
12:38 - 01 մայիսի, 2025
Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

ԼՂ –ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910)։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որոնք նախորդիվ կիրառել եք օգտահաշիվը գրանցելիս։ Ձեր օգտահաշիվ մուտք գործելու համար կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 2։ Վերը նշված եղանակներից որևէ մեկով Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ենթաբաժինը, որից հետո հարթակն անցում կկատարի դիմումի ներկայացման պատուհանին։ ՔԱՅԼ 3։ Դիմում ներկայացնելիս «Դիմումատուի տվյալներ» հատվածում Ձեր անձնական տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ Այս դաշտում անհրաժեշտ է նշել միայն Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» հատվածում ևս Ձեր տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ ՔԱՅԼ 4։ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է ընտրել Ձեր փաստացի բնակության մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) և  կառույցի համարը։ ՔԱՅԼ 5։ «Իմ բանկային տվյալները հատվածում» անհրաժեշտ է նշել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել բանկային քարտի համարը (16 նիշ)։ ՔԱՅԼ 6։ «Ունե՞ք ընտանիքի այլ անդամներ» դաշտում «Այո» նշումը կատարելու դեպքում անցում կկատարեք դիմումի ներկայացման հաջորդ էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամների մասին տվյալներ՝ նրանց նույնականացնելով։ ՔԱՅԼ 7․ Եթե ունեք անչափահաս երեխա(ներ), ապա նրա(նց) վերաբերյալ տվյալները մուտքագրելուց և նույնականացնելուց հետո հարթակը կստուգի երեխաների կապը դիմումատուի և ենթադիմումատուներից որևէ մեկի հետ։ Այն դեպքում, երբ երեխայի ծնողական կապի տվյալը չստացվի դիմումատուի կամ ենթադիմումատուներից որևէ մեկի հետ, երեխայի դիմումը կստանա «Մերժված» կարգավիճակ։ ՔԱՅԼ 8․ Դիմումը հաստատելու համար պարտադիր է «Իմ ներկայացրած տվյալները կարող են տրամադրվել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով» դաշտում ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը, ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 11․ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո դիմումի կարգավիճակը ցուցադրվում է անհատական օգտահաշվի «Ծանուցումներ» բաժնում։  Եթե դեռևս չունեք  անհատական օգտահաշիվ  ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Անհրաժեշտ է այցելել www.e-social.am, որտեղ հարկ է «Գրանցվել» կոճակի միջոցով ստեղծել Ձեր օգտահաշիվը։ Գրանցման նպատակով կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 1.1։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկն ընտրելու դեպքում հետևեք «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի հրահանգներին։ ՔԱՅԼ 1.2։ Գրանցվելու 3-րդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ՝ սոցիալական քարտի համարը), անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օրը/ամիսը/տարի, ապա սեղմել «Որոնել» դաշտը՝ նույնականացում անցնելու համար։ «Դիմումատուն հաջողությամբ նույնականացվեց» հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո կստանաք ծանուցում՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն՝ Ձեր անհատական օգտահաշիվն ակտիվացնելու մեկանգամյա ծածկագրի հղումով (մեկանգամյա ծածկագրի հղումն ակտիվ է 30 րոպե, որի ընթացքում Ձեր անհատական օգտահաշիվը չակտիվացնելու դեպքում այն կդառնա անվավեր և անհրաժեշտ կլինի կրկին նույնականացվել` կատարելով նույն քայլերը): Մեկանգամյա ծածկագրի հղմամբ անցնելու դեպքում կբացվի պատուհան, որտեղ նշված են հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա ծածկագիրը և նոր գաղտնաբառի մուտքագրման դաշտերը։ Ձեր կողմից նոր գաղտնաբառ մուտքագրելուց և «Հաստատել» սեղմակն ընտրելուց հետո անցում կկատարեք ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի մուտքի/գրանցման էջ, որտեղ Ձեր էլ․ փոստի հասցեն և նոր ստեղծված գաղտնաբառը մուտքագրելուց հետո՝ «Մուտք» հրահանգի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր անհատական օգտահաշիվ և ներկայացնել «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ծրագրի դիմումը, ինչպես նկարագրված է վերևի քայլերում։  Ուշադրություն․ ԼՂ բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեները՝ https://socservice.am/offices)», - նշված է հայտարարությունում։
20:30 - 22 ապրիլի, 2025
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Անդրադառնալով Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպմանը՝ նախարարը մանրամասնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դերի ու գործառույթների մասին՝ վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։ Նարեկ Մկրտչյանը միաժամանակ խոսել է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանելու կարևորության մասին։   Դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ևս ընդգծել է Եգիպտոսի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի կազմակերպման կարևորությունը և վերջիններիս համար երաշխավորված աշխատանքային պայմանների և անվտանգ միջավայրի ապահովումը։  Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։
16:44 - 09 ապրիլի, 2025
Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։ Պետական բյուջեից մարտ ամսվա համար ֆինանսավորվել է 70,6 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Ծրագրի շրջանակում այս պահին համակարգում առկա է 3200 հաստատված դիմում։ Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է (դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում)։   Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։   Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։   Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։   Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
11:52 - 07 ապրիլի, 2025
ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։   Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի մշակման կարևորության, թիրախային ուղղությունների և առաջիկա միջոցառումների մասին։   Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության ու Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը․ դիտարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
18:53 - 17 մարտի, 2025
Գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ում

Գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ում

Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը և այս համատեքստում ընդգծել Պեկինի հռչակագրի ու Գործողությունների հարթակի դերը՝ ազգային մեխանիզմների ամրապնդման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: «Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր օրենսդրական մեխանիզմներ և քաղաքականության գործիքներ՝ ապահովելու գենդերային հեռանկարների համակարգված ինտեգրումը կառավարման և քաղաքականության մշակման մեջ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։ Անդրադառնալով ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարարը շեշտել է Կանանց հարցերի խորհրդի, տարածաշրջանային մակարդակում գենդերային քաղաքականության իրականացման հանձնաժողովների, համայնքային մակարդակում կանանց և երիտասարդների խորհրդատվական մարմինների ու մի շարք այլ կառույցների գործունեության կարևորությունը։ Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով։
11:42 - 12 մարտի, 2025
Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO) նախագահ Մարիա Անդրիանի Կոստոպուլուի և ԵԽ Կանանց դեմ բռնության վարչության գործադիր քարտուղար Յոհաննա Նելլեսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության, պետությունների կողմից վերջիններիս տրամադրվող ծառայությունների ու ծրագրերի վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության վերջին լայնածավալ փոփոխություններին։ Փորձագիտական խմբի ներկայացուցիչները մանրամասնել են GREVIO-ի գործունեությունը՝ ներկայացնելով հիմնական գործառույթները, սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացվող ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները։ Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբը (GREVIO) անկախ փորձագիտական մարմին է, որը վերահսկում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) իրականացման գործընթացը:
12:20 - 11 մարտի, 2025
Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․ «Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։ Չշահագործվող, լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն էր հաստատել ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակից․ նրանցից շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձինք ուղեգրվել են խնամքի կենտրոններ, նախարարության առաջարկով ընտանիքների մի մասը տեղափոխվել է Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ, ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալությամբ տներում։ Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնց ևս առաջարկվել են առավել ապահով ու արժանապատիվ պայմաններ։ Նրանցից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։ Ընտանիքներից մեկը՝ 8 անձից բաղկացած, պատրաստվում է տեղափոխվել վարձակալությամբ ապրելու (կարող են դիմել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին), մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։ Շենքից տեղափոխվելուց հետո հայրենակիցները կկարողանան օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցությունից», - նշված է հայտարարությունում։
16:22 - 23 փետրվարի, 2025
Աշխատանքային պայմանագրերը՝ բացառապես էլեկտրոնային․ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով |armenpress.am|

Աշխատանքային պայմանագրերը՝ բացառապես էլեկտրոնային․ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Արդեն ստեղծվել է  աշխատանքային խումբ, առաջիկայում սպասվում է ենթակառուցվածքների ապահովման գործընթացը։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով։   Նոր կարգավորումները 2025 թվականի հուլիսի 1-ից կլինեն կամավոր, 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր։ Ո՞րն է գործատուի անելիքը Դա նշանակում է, որ հաջորդ տարվանից բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թվային համակարգով, և բոլոր գործընթացները լինելու են էլեկտրոնային եղանակով։ «Գործելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները, և այնտեղ լինելու է հնարավորություն ստեղծելու աշխատանքային պայմանագիր։ Ասեմ, որ ի սկզբանե լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն՝ կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Ամեն դեպքում համակարգը ճկուն է ,և, եթե կլինեն դրույթներ, աշխատանքային պայմաններ, որոնք աշխատողը կամ գործատուն կուզենան ներառել պայմանագրում, ապա կարող են ավելացնել»,-ասաց ժորա Սարգսյանը։  Երբ գործատուն լրացնում է բոլոր դաշտերը, դրանից հետո այն էլեկտրոնային եղանակով ստորագրում է։ Հարթակում հնարավոր է լինելու պայմանագրում կատարել փոփոխություն կամ պայմանագրերը լուծել։ Մեկ հավելում ևս։ Գործատուն աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային հարթակում աշխատողի հետ կնքելուց հետո այլևս գրանցման հայտ տալու անհրաժեշտություն չի ունենալու։ Պայմանագրի բովանդակությունից կգեներացվի գրանցման հայտը։   Ի՞նչ պետք է անի աշխատանքի ընդունվող քաղաքացին  Գործատուի կողմից էլեկտրոնային ստորագրությունը դնելուց հետո աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին ստանում է ծանուցում, որ իր անունով ստեղծվել է աշխատանքային պայմանագիր։ Անձը այդ դեպքում մուտք է գործում «Ես եմ» հարթակ և տեսնում է իր համար ստեղծված աշխատանքային պայմանագրի նախագիծը։ Համաձայնության դեպքում այն ստորագրում է։  «Այստեղ ուզում եմ նշել հետևյալը։ Այսօր քաղաքացիների մի զգալի մասն իրենց եկամուտները հայտարարագրում են հենց «Ես եմ» հարթակի միջոցով, բջջային օպերատորների մոտ ձեռք բերված էլեկտրոնային ստորագրությամբ, այն է 6-8 նիշից բաղկացած կոդով։ Դա նշանակում է, որ թվային պայմանագրերը տեսնելու, դրանք ստորագրությամբ հաստատելու համար հավելյալ գործողությունների կարիք չի լինի, խնդիրներ չեն առաջանա։ Ինչպես հայտարարագրի համար մուտք են գործում «Ես եմ» հարթակ, այդպես էլ աշխատանքային պայմանագիրը տեսնելու համար նույն կերպ մուտք կգործեն ու կտեսնեն ու այն կստորագրեն»,-ասաց Ժորա Սարգսյանը։ Նախարարության ներկայացուցիչը միայն հորդորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս փուլում չեն աշխատում, միևնույնն է դիմեն բջջային օպերատորին և իրենց էլեկտրոնային ստորագրությունը ստանան։ Հետագայում աշխատանքի ընդունվելու պարագայում այդ ստորագրությունը ստանալու համար կարող է ժամանակ պահանջվել։  Ի՞նչ է լինելու այն աշխատողների պարագայում, որոնց պայմանագրերը կնքվել են ավելի վաղ  Այս մասով ևս Աշխատանքային օրենսգրքով նախատեսված են փոփոխություններ։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որ ավելի վաղ ընդունված աշխատողների պայմանագրերը ևս այդ հարթակում լրացնեն։ Խոսքն այն աշխատողների մասին է, որոնք այդ պահին գործատուի մոտ աշխատում են։ Այն պայմանագրերը, որոնք մինչ այդ լուծվել են, ապա դրանց տվյալները համակարգում պետք չէ ներկայացնել։  Աշխատողների աշխատանքային պայմանագրերը կմուտքագրվեն այդ օրվա ամսաթվով ու քաղաքացին կդնի իր էլեկտրոնային ստորագրությունը, սակայն պայմանագրում նշվելու է, որ նա աշխատանքի է ընդունվել, օրինակ, 2001 թվականին։ Գաղտնիության պայմանները  Ցանկացած ժամանակ քաղաքացին այդ նույն հարթակում կարող է տեսնել իր մյուս աշխատանքային պայմանագրերը ևս, հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Քաղաքացին տեսնելու է միայն իր պայմանագրերը, մյուս աշխատողների պայմանագրերը տեսնելու հնարավորություն չի ունենալու։ Գործատուն էլ տեսնելու է միայն իր աշխատողների պայմանագրերը։ Այսինքն՝ գործատուն չի տեսնելու իր աշխատողի՝ տարբեր գործատուների մոտ եղած պայմանագրերը։  Ակնկալիքները համակարգի ներդրումից  Ժորա Սարգսյանը նշեց, որ այս սպասվող փոփոխությունները նախ կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի, գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը, կխուսափեն այն հնարավոր խնդիրներից, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը թղթային տարբերակով կազմում է, սակայն գործնականում պատկան մարմիններին հայտ չի տալիս։ Ու ստացվում է, որ այդ թղթային տարբերակով պայմանագիրն իրավական ուժ չունի, դա միայն թուղթ է։  Այս հնարավոր խնդիրները ևս չեն լինի։ 
16:06 - 19 փետրվարի, 2025
Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. դիմումներն ընդունվում են

Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. դիմումներն ընդունվում են

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը: Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, դիմումներն ընդունվում են այս հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև. ՔԱՅԼ 1։ Մուտք գործել հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը, ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտը, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։ Ուշադրություն Բջջային նույնականացման քարտ (mID)  և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեներն՝ այստեղ)։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։   Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։  
17:25 - 03 փետրվարի, 2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ․ նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով: Արքայազն Աբդուլազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը: Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։
17:58 - 31 հունվարի, 2025
Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ |armenpress.am|

Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը բարձրաձայնեց մանկապարտեզների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում սննդի գնումների խնդիրները։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ուսումնասիրության հիմնական առարկաներն են եղել կաթնամթերքը, կարագն ու պանիրը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնաժողովին է ներկայացրել հարցը՝ խնդրահարույց գնումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովը դիտարկել է բոլոր համայնքները և արձանագրել է մի շարք խախտումներ։ «Հաճախ մանկապարտեզներում մատակարարվում են կարագ և պանիր, որոնք գնային սեգմենտով շատ էժան են: Արդյունքում մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ապրանքները ֆորմալ առումով համապատասխանում են տեխկանոնակարգերի պահանջներին, բայց իրականում չեն համապատասխանում որակի չափանիշներին»,- նշեց Գևորգյանը։ Նա ասաց, որ հանձնաժողովը նախատեսում է ոչ միայն վարչական պատասխանատվության ենթարկել խախտում կատարող տնտեսվարողներին, այլև ձեռնարկել համակարգային փոփոխություններ։ «Մենք ցանկանում ենք, որ գնումների գործընթացում կարգավորումներ իրականացվեն, որոնք կբացառեն որակապես ոչ համապատասխան ապրանքների մատակարարումը մանկապարտեզներին և այլ սոցիալական կառույցներին»,- ասաց Գևորգյանը։ Գևորգյանը մատնանշեց, որ կաթնամթերքի որոշ տեսակներ՝ կարագը և պանիրը, վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով, ինչը ենթադրում է հնարավոր խախտումներ։   «Հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, և վերջնական արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- եզրափակեց Գևորգյանը։
16:16 - 27 հունվարի, 2025