Նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է պայմանագիր՝ Հայաստանում աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով
20:03 - 26 հունիսի, 2025

Նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է պայմանագիր՝ Հայաստանում աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Համաշխարհային տնտեսական ֆորումի Նոր տնտեսություն և հասարակություն կենտրոնի և միջազգային հաղորդակցության գործադիր տնօրեն Սաադիա Զահիդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի (Armenia Jobs Accelerator) իրականացման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ՝ նպատակ ունենալով պետական‑մասնավոր համագործակցության միջոցով պիլոտավորել նորարարական ծրագրեր և լուծել զբաղվածության ոլորտի ամենահրատապ խնդիրները։
 
Armenia Jobs Accelerator նախաձեռնությունը կիրականացվի երկու հիմնական ուղղություններով՝ աջակցելով 18-29 տարեկան երիտասարդների զբաղվածությանը, կանանց ձեռնարկատիրության և աշխատաշուկա ինտեգրման խթանմանը՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել մասնագիտական ուսուցման ծրագրերի, թվային գրագիտության դասընթացների և այլն։
 
Աքսելերացիոն ծրագրի համանախագահները կլինեն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Microsoft ընկերությունը, ինչպես նաև ավելի քան 50 հայաստանյան և միջազգային կազմակերպություններ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից։ Ծրագրի տեղական համակարգող է ընտրվել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
 
Նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրին՝ խթանելով մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել