ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
20:19 - 12 հունիսի, 2025

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․դիտարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զրույցի օրակարգում եղել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցության և այլնի վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին․ մանրամասներ են ներկայացվել նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել