ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
2018-2024 թվականներին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց, որից 46%-ը՝ 2023 և 2024 թվականներին. Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության 2024 թվականի հաղորդումը

2018-2024 թվականներին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց, որից 46%-ը՝ 2023 և 2024 թվականներին. Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության 2024 թվականի հաղորդումը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովին է այսօր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակվել է Դատախազության պաշտոնական կայքէջում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝ Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները: Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն: Զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը: Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների հիման վրա Դատախազության կողմից մշակված և Հաղորդման մեջ մանրամասն շարադրված՝ 2024 թվականի ընթացքում հանցավորության կառուցվածքը, դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարի ու հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ուստի իմ ելույթում չեմ կրկնի Հանձնաժողովի նիստում արդեն քննարկված հարցերը:      2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ: 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում: 2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր): 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով: 2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ): Շարունակելով պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ու դրամական միջոցների թեման՝ նշեմ, որ Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին: Մասնավորապես՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 39 միլիարդ 571 միլիոն դրամ: 2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 10 միլիարդ 327 միլիոն դրամ: 2020 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 12 միլիարդ 256 միլիոն դրամ: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 15 միլիարդ 467 միլիոն դրամ: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 35 միլիարդ 522 միլիոն դրամ: 2023 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց: 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց: 2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա: Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում արգելադրված գույքային միջոցների վերաբերյալ տվյալները. պատկերը հետևյալն է՝ 2018-2024 թվականների ընթացքում ավարտված քրեական վարույթներով արգելադրված գույքային և դրամական միջոցները կազմում են 42 միլիարդ 317 միլիոն 283 հազար դրամ (108 միլիոն 12 հազար ԱՄՆ դոլար): Արգելադրված շուրջ 300 անշարժ գույք դեռևս գնահատված չէ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից մինչև 2025 թվականի ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից 2018-2024 թվականներին ներկայացված 65 քաղաքացիական գործերով (ընթացիկ) դատարանների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու արդյունքում՝ շուրջ 28 միլիարդ 768 միլիոն 229 հազար դրամ (73 միլիոն 429 հազար ԱՄՆ դոլար) հայցագնի չափով արգելանքներ են դրվել պատասխանողներին պատկանող գույքերի վրա (դրամական միջոցների բռնագանձման հայցապահանջներով), շուրջ 567 հա մակերեսով հողամասերի վրա դրվել են արգելանքներ կամ պատասխանողներին արգելվել է նշված հողամասերի նկատմամբ որոշակի գործողությունների կատարումը: Հողամասերի մի մասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները (որոնք հնարավոր է եղել պարզել) կազմում են ընդհանուր շուրջ 12 միլիարդ 171 միլիոն դրամ (31 միլիոն 65 հազար ԱՄՆ դոլար): Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները: Այսպիսով, հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:  2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում: Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ: Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն (արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ): 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը: Հիշեցնեմ, որ 2023 թվականին հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ: 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին): Բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է: Հիշեցնեմ, որ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման: Ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց (2023 թվականին՝ 113 միլիոն 386 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց): Հարգելի՛ գործընկերներ, Հաշվետու ժամանակահատվածում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հետևողական և պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև շրջադարձային դատախազական ակտեր կայացնելու արդյունքում հաստատված մեղադրական եզրակացություններով դատարան են հանձնվել մի շարք քրեական վարույթներ, մասնավորապես՝ Պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը: Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետ Վ.Բ.-ի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախկին նախագահ Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություն, ապա փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը: Երևան քաղաքի Աբովյան-ԱրամիՆալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում և կառուցապատում իրականացրած ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից, անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.- ի օժանդակությամբ, մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը (նախաքննության ընթացքում Ա.Կ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը): «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը կադաստրային արժեքից հինգ անգամ ավել ցածր գնով ձեռք բերելու փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթը: Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից համայնքապատկան մանկապարտեզը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը: Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարի կողմից կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով իր աներոջը վաճառելու վերաբերյալ քրեական վարույթը: Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի վերաբերյալ քրեական վարույթը: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթը: «Արմավիր» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով անազատության մեջ գտնվող անձի սպանություն արձանագրելու վերաբերյալ քրեական վարույթը: «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկա նախագահների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը: Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը: Զորակոչի բաժնի պետի կողմից 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը: Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2023 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերը, տուրքերը և այլ վճարները վճարելը) և 291-րդ (կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը։ Այս համատեքստում Հաղորդման մեջ վերլուծված են պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու ներկայացված են դրանց վերաբերյալ Դատախազության դիրքորոշումները: Նշված խնդիրներից են՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի հաշվարկը: Հարկային պարտավորություններ առաջացրած համալիր հարկային ստուգման ակտերը, մինչև քրեական վարույթի ընթացքի լուծումը, Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվելը: Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային վաղեմության հաշվարկը: Մեղսագրվող արարքում բուն հարկային պարտավորություններից զատ (ապառք) չվճարված հարկի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների ներառումը: Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2022, 2023 թվականների և 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածով (ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննված քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ՝ 2022 թվականի ընթացքում 15 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 396.292.786 դրամ, որից 1 վարույթով վերականգնվել է 130.455.130 դրամը: 2023 թվականի ընթացքում 6 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 775.394.290 դրամ, որից 1 վարույթով վերականգնվել է 147.192.448 դրամը: 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում 15 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514.409.890 դրամ, որից վերականգնվել է 92.078.102 դրամ: Այսպիսով 2022 թվականի համեմատությամբ 2023 թվականի ընթացքում ենթադրյալ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված պարզված վնասի չափը ավելացել է 379.101.504 դրամով կամ 95.66 %-ով: Համեմատության համար նշենք, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պարզված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514.409.890 դրամ: Աճի դինամիկա է արձանագրվել նաև պատճառված վնասների վերականգնման գործընթացում: Մասնավորապես, 2023 թվականին, 2022 թվականի համեմատությամբ, վերականգնված վնասի չափը կազմել է 16.737.318 դրամով կամ 12.8 %-ով ավելի: Համեմատության համար պետք է նշել, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը կազմել է 92.078.102 դրամ, ինչը վկայում է գործընթացում դրական դինամիկայի կայունության մասին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ ընկերությունների տնօրեններ, իրականում չունենալով ձկնաբուծարան կառուցելու և ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակ, այդ գործունեությամբ զբաղվելու պատրվակով դիմել են տեղական ինքնակառավարման մարմնին, ստացել ձկնաբուծարան կառուցելու շինթույլտվություն և, օգտվելով ոչ վտանգավոր թափոնի իրացմամբ զբաղվելու արգելք նախատեսված չլինելու հանգամանքից, խախտելով «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և չունենալով ընդերքօգտագործման իրավունք՝ փաստացի ապօրինի արդյունահանել են պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածոն: Մասնավորապես, ապօրինի հանքարդյունահանումն իրականացվել է ջրավազանների համար փոսեր փորելու անվան տակ: Նշված խնդիրների մասին Դատախազության կողմից 2024 թվականի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացվել են գրավոր առաջարկություններ: Առաջարկությունների կապակցությամբ Նախարարության կողմից կազմվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը: Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ Դատախազությունը, կարևորելով անկախ և անաչառ դատարան ունենալու հրամայականը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել քրեական օրենսդրությամբ ամրագրված խնդիրների կենսագործումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքով և կարգով՝ 2024 թվականի ընթացքում դիմել է իրավասու մարմիններին՝ կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով: 2024 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել 11 հաղորդում (2023 թվականին՝ 10), որոնցից 7-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 1-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 3 հաղորդման դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: Վերոնշյալ երեք միջնորդության քննության արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել երեք դատավորի՝ նշանակելով «նախազգուշացում», «խիստ նախազգուշացում» և «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակները: Հարկ է արձանագրել, որ դատավորի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ միջին ծանրության հանցագործության կատարման համար մեղադրվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է շուրջ 3 տարի, որի ընթացքում չի պահպանվել գործի՝ ողջամիտ ժամկետում քննության պահանջը:   Հարգելի՛ գործընկերներ, Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների՝ տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենց կողմից օգտագործվում են՝ որպես ուսումնասիրության աղբյուր: Շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք նկարագրածս արդյունքները»:
11:50 - 08 մայիսի, 2025
Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում: Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:15 - 07 մայիսի, 2025
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։  Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ)։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 - 07 մայիսի, 2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի հետ, ձեռքերով և փայտով հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին: Ա.Թ.-ն, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մահացել է: Ռ.Կ.-ին ևս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ռ.Կ.-ին սպանել են հաջորդ օրը՝ պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով: Սպանություններից հետո Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի  դիերը թաղել են տան բակում նախապես փորված փոսում։ Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 11-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ հանցանքը թաքցնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն): 2024 թվականի հունվարի 9-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ: 2025 թվականի մայիսի 5-ին Դատարանի դատավճռով Է.Ե.-ն դատապարտվել է 19 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Է.Մ.-ն՝ 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
18:30 - 06 մայիսի, 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ. 92 միլիոն 313 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար:  
17:43 - 05 մայիսի, 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲԸ-ի նախկին տնօրենից և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել 4 անշարժ գույք, 330 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲԸ-ի նախկին տնօրենից և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել 4 անշարժ գույք, 330 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
11:59 - 05 մայիսի, 2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրերում վաճառքի գնի փոխարեն նշելով տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարներից էականորեն ավելի ցածր գին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել վերոնշյալ անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Մ.-ի և Գ.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը): Մեղադրանք ներկայացնելուց հետո, վերոնշյալ անձինք վերականգնել են պետությանը պատճառված վնասից 75 միլիոն դրամը: Նախաքննությունն ընթացքի մեջ է», - նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:30 - 02 մայիսի, 2025
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ

Գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Գաբրիելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացնում է, որ այսօր՝ 21։00-ին նշանակված նիստը հետաձգվել է նյութերին ծանոթանալու նպատակով։ Այն կշարունակվի առավոտյան՝ 09:30-ին։ Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Սա նշանակում է, որ նա չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ։ Տվյալ դեպքում նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր դատական նիստ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ քննչական գործողություններ իրականացնելու։ Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ավելի ուշ պարզեցինք, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Արտուշ Գաբրիելյանը պաշտոնավարում է 2003 թ․-ից։   Միլենա Խաչիկյան
22:02 - 29 ապրիլի, 2025
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։  Դիլիջան համայնքի ղեկավարի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ՝ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ Կազմակերպությանը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տարածքը Կազմակերպությանը տրամադրելուց հետո, այն չի օգտագործվել, իսկ իրավասու համայնքային պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում՝ գույքը մնացել է անհատույց օգտագործման իրավունքով ծանրաբեռնված և համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքը լիարժեք տնօրինելու հնարավորությունից: Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև քննչական հետևողական աշխատանքի արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպության ղեկավարի և Դիլիջան համանքի ղեկավարի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է համայնքին։  Վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ։
20:38 - 25 ապրիլի, 2025
ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
18:02 - 25 ապրիլի, 2025
Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր
 |news.am|

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր |news.am|

news.am: «Գոլդեն փելես» հյուրանոցը  նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 դրամով, այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը, բայց այդ նվերը երկուս ու կես տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով, ամեն տարի մեկ միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է, արդյոք դատախազության կողմից որևէ ուշադրության արժանացել է»,-ասաց նա: Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, խոսքը պատճառված հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ, բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը և կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու և ցանկանում է նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելը։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը ևս մեխանիկական նվիրատվություն չէ: Այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք, ճիշտն ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել»: Թագուհի Թովմասյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե տարաժամկետ վճարման մասին էր, այլ այն մասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։ «Հիմա պետությունը օգտվե՞լ է, թե՞ տուժել այս թվաբանության մեջ։ Արդյո՞ք այստեղ կա ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ, ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ հենց այդ գործարարին, ինչու՞ հենց այս դեպքով և ինչո՞ւ 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 5 միլիարդով: Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բա այդ դեպքում պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացե՞լ, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է»: Գլխավոր դատախազը միայն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որոշելու, թե գույքը ոնց պետք է տնօրինվի. «Եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, և եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ, մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն դրսևորումներ կան, թե չէ»:
14:12 - 25 ապրիլի, 2025
Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 թվականի ապրիլի 3-ի թիվ 672-Ա որոշման երկրորդ կետն ու վերացնել հետևանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 22-ի N 849-Ա որոշմամբ, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցը վերանվանվել է «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ Քաղաքապետի՝ 2007 թվականի սեպտեմբերի 26-ի N 3404 որոշմամբ, վերակազմավորվել է Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցի։ Հետագայում, Կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ, Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցը վերակազմավորվել է Երևանի թիվ 30 ավագ դպրոցի, իսկ Կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 865-Ն որոշմամբ, վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց: Գլխավոր դատախազության հայցադիմումի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից 2007 թվականի ապրիլի 3-ի՝ «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» թիվ 672-Ա որոշումը կայացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքի համաձայն, միայն հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը: Տվյալ դեպքում՝ «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադիրը հանդիսացել է Կառավարությունը, սակայն լիազորությունն իրացվել է Երևանի քաղաքապետի կողմից՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջինս լիազորված է եղել կատարելու միայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
18:22 - 23 ապրիլի, 2025
4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին: Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:31 - 22 ապրիլի, 2025
Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։  Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց մեղադրական ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։ Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ճառի սկզբում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն հիշեցրեց իրադարձությունները, որ նկարագրված են Իշխան Վահանյանի մեղադրանքում, ապա առանձնացրեց ու վերլուծեց այն բոլոր ցուցմունքները, որոնք, ըստ նրա, արժանահավատ են եւ հաստատում են Վահանյանի մեղքը։  Նշենք, որ ճառը դատավարության կողմերի եզրափակիչ ելույթն է, որի ընթացքում նրանք ամփոփում են ողջ դատաքննությունը՝ հիշատակելով դատարանում հետազոտված այն բոլոր ապացույցները, որոնցով, իրենց գնահատմամբ, հաստատվում կամ հերքվում է մեղադրանքը։ Կատարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել 6, գերեվարվել 7 զինծառայող Մեղադրական ճառի համաձայն՝ իրադարձությունները տեղի են ունեցել հետեւյալ կերպ․ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը Իշխան Վահանյանին հրաման է տվել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սար եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հոկտեմբերի 9-ին հրամանը կատարվել է։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման։ Ըստ մեղադրանքի՝ մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել մի շարք իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները եւ որևէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Փոխարենը նա, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին շրջանում բեկորային թեթև վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը, պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չի փոխանցել,  անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների եւ ինքնակամ լքել մարտադաշտը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ընդգծեց՝ Վահանյանի դրսևորած իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի՝ Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է այդ ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց (առ այսօր Խուռհատ սարի մարտական օպերացիային մասնակցած անձանց ամբողջական ցանկ առկա չէ-հեղ․), զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ Տիգրան Ագանեսյանը Նարեկ Ղազարյանը Հարութ Ղարախանյանը Սուրեն Խեչումյանը Էրիկ Մարտիրոսյանը Արտաշես Այվազյանը Հայկ Հարությունյանը Սասուն Պետրոսյանը Ալբերտ Ստեփանյանը Սամվել Սամբատովը Կարեն Ներսեսյանը Գրիշա Գրիգորյանը Դավիթ Ադոյանը Արտյոմ Մկրտչյանը Արման Գաբրիելյանը Ռաֆիկ Սահակյանը։  Հակառակորդի կողմից գերեվարվել են՝ Էրիկ Գասպարյանը Ալբերտ Գրիգորյանը Նարեկ Սիրունյանը Էրիկ Խաչատրյանը Ռոբերտ Վարդանյանը Կարեն Մանուկյանը Արայիկ Գալստյանը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝  Արման Արմաղանյանը Արթուր Հարությունյանը Նիկոլայ Ստեփանյանը Դավիթ Սահակյանը Արսեն Այվազյանը Ռուսլան Թումանյանը։ Մեղադրողը պնդեց՝ Վահանյանը, որպես հրամանատար, պարտավոր է եղել անձնուրաց ծառայել եւ եղած միջոցներով ազդել մարտի վրա Ըստ մեղադրողի՝ առաջին հարցը, որը Իշխան Վահանյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, նրա պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է (375-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ). «Քրեական գործով ձեռք բերված և հետազոտված՝ ՊԲ նախկին հրամանատարի՝ 09.10.2020 թվականի թիվ 2224-Ա հրամանի համաձայն՝ Իշխան Վահանյանը նույն օրն ազատվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից և նշանակվել՝ որպես նույն գումարտակի հրամանատար: Որպես այդպիսին, ամբաստանյալ Վահանյանը եւս, թե՛ նախաքննության և թե՛ դատաքաննության ընթացքում չվիճարկեց իր կողմից պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը»,- նշեց մեղադրողը։ Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է. 2020 թ․ հոկտեմբերի 10-ի դրությամբ Իշխան Վահանյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղե՞լ են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր էր կատարել Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, ինչպես նաև ստորաբաժանման նահանջը կազմակերպելու և իր պարտականությունները ենթակա անձնակազմի սպաներից որևէ մեկին փոխանցելու ժամանակ։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն թվարկեց «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով եւ Մարտական կանոնադրությամբ սահմանված զինծառայողի, հրամանատարի, գումարտակի հրամանատարի, շտաբի պետի այն պարտականությունները, որոնք տվյալ դեպքում վերաբերելի են Վահանյանին․ Հրամանատարը (պետը) պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և  պարտավոր է  միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական ծառայության ժամանակ պահանջել ենթականերից խստագույն կատարել նշված պահանջները: Գումարտակի  հրամանատարն անձամբ պատասխանատու է ընդունվող որոշումների, ենթակա ստորաբաժանումների ճիշտ կիրառման և նրանց՝ առաջադրված խնդիրների կատաման համար: Նա պարտավոր է սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրված խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների անմիջական նախապատրաստությունը մարտին (ստացած խնդրի կատարմանը), ինչպես նաև անընդհատ ու հաստատակամորեն ղեկավարել նրանց, հետևողականորեն հասնել ընդունած որոշումը սահմանված ժամկետներում կատարելուն: Գումարտակի նահանջը կազմակերպվում ու իրականացվում է ստորաբաժանումները հակառակորդի գերազանցող ուժերի հարվածներից հեռացնելու, հետագա գործողությունների համար ավելի բարենպաստ դիրք զբաղեցնելու, այլ ուղղություններում օգտագործելու համար ուժերի մի մասն ազատելու (դուրս բերելու) նպատակով: Այն անցկացվում է միայն ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, պետք է մանրակրկիտ նախապատրաստվի և իրականացվի կազմակերպված ու գաղտնի՝ գումարտակը (վաշտը) մարտունակ վիճակում  (Ձեր ուշադրություննեմ հրավիրում այդ պահանջին) ժամանակին որոշված շրջան (Սա ևս կարևոր է մեղադրանքի հիմնավորվածությունը քննարկելու տեսանկյունից) հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջանը զբաղեցնելով [...]»։ [...] Գեւորգ Ավետիսյանը հիշատակեց նաեւ մի քանի վկաների ցուցմունքներ, որոնք եւս փաստել են, որ հրամանատարի վրա դրված են եղել վերոնշյալ պարտականությունները։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Օրինակ՝  18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը հայտնել է, որ ըստ մարտական կանոնագրքերի՝ վիրավորման դեպքում մարտի դաշտից դուրս գալու պարագայում հրամանատարը, սահմանված կարգի համաձայն, պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին և այդ մասին հայտնել վերադասին։ Մեկ այլ վկա վկա, զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը հայտնել է, որ ըստ Մարտական  կանոնադրոության՝ նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ: Նույն գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Իշխան Վահանյանը, Մարտական կանոնադրությունների համաձայն, պարտավոր է եղել մինչ հեռանալը իր փոխարեն, եթե անգամ վիրավորում էր ստացել, նշանակել պաշտոնակատար, խնդիրներ առաջարել եւ այդ մասին զեկուցել վերադասին ու փոխանցել կապի միջոցները․ «Վերը նշված, ինչպես նաև քրեական գործում առկա այլ ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ գործով հաստատվել է 10.10.2020 թվականի դրությամբ գումարտակի հրամանատար հանդիսացող Իշխան Արմենի Վահանյանի վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և մարտական կանոնադրության՝ առաջադրված մեղադրանքում նշված կետերով դրված պարտականությունների առկայությունը: Մասնավորապես այն, որ Իշխան Վահանյանը պարտավոր է եղել անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  հմտորեն ղեկավարել գումարտակը, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում և խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով, կազմակերպել ստորաբաժանման նահանջը՝ սահմանելով այն շրջանը, որտեղ պարտավոր է նահանջել գումարտակը»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ բազում ցուցմունքներով հերքվել է Վահանյանի այն պնդումը, թե ինքը կատարել է իր պարտականությունները Երրորդ հարցն էլ, ըստ մեղադրողի, որ պաշտոնեական անգործության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, հետեւյալն է․ Իշխան Վահանյանը, որպես գումարտաակի հրամանատար, կատարե՞լ է իր վրա դրված վերը նշված պարտականությունները, թե՞ ոչ կամ այլ խոսքով՝ դրսևորե՞լ է անգործություն թե՞ ոչ. «Եթե նախորդ երկու դեպքերում Իշխան Վահանյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ հայնեց, որ ինքը կատարել է իր վրա օրենսդրությամբ և Մարտական կանոնագրքերով դրված պարտականությունները, և մարտադաշտից հեռացել է իր այդ պարտականությունները կատարելուց հետո, երբ ստացած վիրավորման պատճառով այլևս հնարավոր չի եղել մնալ տեղում կամ տեղաշարժվել։ Հայտնեց նաեւ, որ առաջացած հետևանքները իր մեղքով»,- նկատեց մեղադրողը։ Վերջինիս խոսքով՝ իր այս ցուցմունքով Իշխան Վահանյանը նպատակ է հետապնդել խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ: Նրա հայտնած տեղեկությունները, սակայն, ըստ մեղադրողի, հերքվում են մի շարք վկաների ցուցմունքներով․ Տուժողների իրավահաջորդները «Օրինակ՝ զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանն իր ցուցմունքով հայտնել է, որ 10.10.2020 թվականին Իշխան Վահանյանը զանգահարել է իրեն և խուճապահար վիճակում  զեկուցել, որ հակառակորդը հարձակում է գործել, ինչի արդյունքում զորքը փախչում  է, բացի այդ, ունեն զոհեր և վիրավորներ, ինքը նույնպես վիրավոր է, ինչի համար նահանջում են, իսկ Վահանյանը ցանկանում է հեռանալ։ Տեղեկանալով, որ Վահանյանը ծանր վիրավորում չի ստացել, հայտնել է, որ պետք չէ խուճապի մատնվել և հեռանալ, անհրաժեշտ է զորքին հավաքել և շարունակել ղեկավարել զորքը: Այնուհետև, Իշխան Վահանյանը երկրորդ անգամ զանգահարել է իրեն և հայտնել, որ գրեթե հասել է Հադրութ քաղաք, ինչին պատասխանել է, որ հակառակորդի կողմից գրավված լինելու պատճառով պետք չէ գնալ Հադրութի վերևի գյուղի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում տեղյակ չի եղել, որ Վահանյանը չի կատարել իր հրամանը և առանձնացել է գումարտակի անձնակազմից: Նշել է նաև, որ ինքը որևէ կերպ տեղեկացված չի եղել Վահանյանի կողմից հրամանատարությունը այլ սպայի հանձնելու մասին, մինդեռ այդ մասին նա պարտավոր է եղել հայտնել: Ինքը դեպքի օրը գումարտակի սպաներից կապի մեջ է գտնվել միայն Իշխան Վահանյանի հետ: Եթե ենթակա անձնակազմը լիներ Վահանյանի ղեկավարության ներքո, ինքը ոչ Վահանյանին և ոչ էլ անձնակազմին դեպի Հադրութի ուղղությամբ չէր ուղղորդի: Վերլուծելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերը՝ կարծիք է հայտնել, որ այնտեղ պատշաճ կերպով չի կազմակերպվել նահանջը, իսկ թեթև վիրավորում ստացած գումարտակի հրամանատարի փախուստը ազդել է ենթակա անձնակազմի մոտ խուճապ առաջացնելու և նմանատիպ զոհեր տալու տեսանկյունից,- հիշեցրեց մեղադրողը։ Վերջինիս պնդմամբ՝ ամբաստանյալի ցուցմունքը հերքվել է նաև նրա տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանի՝ հետեւյալ ցուցմունքներով․ «(․․․) Երբ անձնակազմը իջել է սարի ներքևի հատվածի խաչմերուկ, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ նստել է տեղում գտնվող ավտոմեքենաներից մեկը և իր հետ վերցնելով կապի միջոցները, հեռացել՝ չսահմանելով անգամ իրենց հետագա գործողությունների շրջանակը կամ նահանջ կատարելու ուղղությունը: Անձնակազմը, տեսնելով կատարվածը, ավելի է մատնվել խուճապի: Իշխան Վահանյանի հեռանալուց հետո կապի բացակայության, կոնկրետ նահանջի ուղղությունը չիմանալու պատճառով 5-ից 6 ժամ ինքը և մյուս սպաները փորձել են դուրս գալ տեղանքից, բացի այդ կապի դուրս գալ գնդի հրամանատարի հետ, սակայն չի հաջողվել, բոլոր ուղղություններից կրակել են իրենց ուղղությամբ: Հակառակորդի կրակոցների ազդեցության տակ ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանը և կամավոր Արտյոմը շարժվել են Վանք գյուղի ուղղությամբ, իսկ իրենք՝ մոտ 35 զինվորով և 4 սպաներով, փորձել են բարձրանալ նույն զորամասի 3-րդ գումարտակի  ուղղությամբ, ինչը չի ստացվել, քանի որ այդ հատվածից ևս կրակոցներ են հնչել։ Այնուհետև փոխել են ուղղությունը և կարողացել շրջափակումից դուրս գալ՝ գնալով Սարուշեն գյուղի ուղղությամբ»:  Վահանյանի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համատեքստում մեղադրողը հիշեցրեց, որ Հայկազ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ, երբ ինքն ու Իշխան Վահանյանը կալանավորական նույն մեքենայում են եղել, Վահանյանը փորձել է համոզել, որ Գրիգորյանը դատարանում հայտնի, թե ինքն իբր կապի միջոցները և հրամանատարությունը փոխանցել է նրան, ու ինքն իրականում լուրջ վիրավորում է ստացած եղել, ինչին, սակայն, Գրիգորյանը չի համաձայնվել։ Ի թիվս այլնի, մեղադրողը հիշատակեց նաեւ սխալ ուղղությամբ գնացած, 70-օրյա շրջափակումից հրաշքով փրկված զինծառայողների ցուցմունքները (նրանց ցուցմունքները՝ 1,2,3,4,5,6)։ Միակ ցուցմունքը, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը գնահատեց անարժանահավատ, կապի ծառայության պետ Վիգեն Ծատրյանինն էր․ «Վիգեն Ծատրյանից որևէ այլ վկա սույն քրեական գործի շրջանակներում չհայտնեց կապի միջոցներ ունենալու մասին: Խոսքը լիցքավորում ունեցող կամ սարքին վիճակում գտնվող կապի միջոցների մասին է: Ծատրյանը հանդիսացել է կապի ծառայության պետը, ով անմիջական պատասխանատվություն է կրել կապի միջոցների համալրվածության, բաշխման և սարքինության համար, եւ չի բացառվում, որ իր ծառայությունը դրական ներկայացնելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար է նման բովանդակության ցուցմունք տվել։ Բացի այդ,  քրեական գործում առկա է ձայնագրություն, որտեղ Վիգեն Ծատրյանի ենթակա Հովհաննես Մուրադյանը, ով եղել է գումարտակի կապի թիվ մեկ պատասխանատուն, հեռախոսային խոսակցության ժամանակ ևս հայտնում է, որ ինքը կապ չունի, ինչով պայմանավորված էլ զանգահարել է ոչ թե զորամասի հրամանատարությունից որևէ մեկին, այլ զինծառայողների ծնողներին»,- ասաց Ավետիսյանը։ Նա պնդեց՝ Իշխան Վահանյանը 10.10.2020 թվականին Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, գտնվելով նշված հատվածում, չի իրականացրել որևէ գործողություն, որն ուղղված կլինի իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և մարտական կանոնագրքով սահմանված պարտականությունների կատարմանը: Ըստ մեղադրողի՝ Վահանյանը պարզապես նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը Չորրորդ հարցը, որ առաջ քաշեց Գեւորգ Ավետիսյանը, հետեւյալն էր, Վահանյանն ունեցե՞լ է  հնարավորություն կատարելու իր վրա դրված պարտականությունները․ «Այս հարցի շուրջ ցուցմունք տալուց Իշխան Վահանյանը նշել է, որ ինքը որոշակիորեն զրկված է եղել նաև իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից: Որպես այդպիսին, դրանք կապել է երկու հանգամանքների հետ՝ աջ ազդրի շրջանում ստացած մարմնական վնասվածքի, որը զրկել է մարտադաշտում իրեն ազատ գործելու և երկար մնալու հնարավորությունից, եւ ենթակա անձնակազմի կողմից խուճապահար վիճակում Խուռհատ սարից իջնելու և բարոյահոգեբանական վատ վիճակում իրենց կողմից տրված հրամանները չլսելու և չկատարելու հետ: Ինչպես նախորդ դեպքում, այս հանգամանքը ևս հերքվել է քրեական գործում առկա ապացույցներով»։ Մեղադրողը դարձյալ մեջբերեց Վահանյանի տեղակալ Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը այն մասին, որ իր գնահատմամբ Վահանյանն ի վիճակի է եղել կատարել իր վրա դրված պարտականությունները, ավելին, նրա գործողություններն իրեն կասկածելի են թվացել, քանի որ վիրավորին ինքը ասոցացնում է այնպիսի վնասվածքների հետ, որոնց դեպքում անձը զրկվում է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այլապես գլխացավը կամ ոտքի ցավն իր համար վիրավորում չէ: Վահանյանը մշտապես ոտքի վրա է կանգնած եղել և տեղաշարժվել ինքնուրույն, ինքը որևէ օգնություն նրան չի ցուցաբերել․ «Հիշեցնեմ, որ Հայկազ Գրիգորյանը նշեց նաև այն մասին, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ ի թիվս այլնի Վահանյանը փորձել է Հայկազ Գրիգորյանին համոզել լուրջ վիրավորում ստանալու մասին»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ ՊԲ 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը եւս նշել է, որ թեթև վիրավորումը, որը կյանքին վտանգ սպառնացող չէ, հնարավոր է բուժել նաև մարտադաշտում: Ամեն դեպքում ցանկացած հրամանատար պարտավոր է գտնվել իր զորքի կողքին և կատարել վերադասի ցուցումները․ «Միաժամանակ բոլոր վկաներն առանց բացառության հայտնեցին, որ թեև իրենց բարոյահոգեբանական վիճակը լավ չի եղել, սակայն դա իրենց չի զրկել վերադաս հրամանատարության հրամանները լսելու և դրանք կատարելու ունակությունից»։ Ըստ մեղադրողի՝ Իշխան Վահանյանի կողմից մարտադաշտում մնալու և իր պարտականությունները կատարելու հնարավորությունը հիմնավորվել է նաև դատաքննության ընթացքում դատարանի կողմից իրականացված հարցման պատասխանով, որով ուղղակիորեն նշված է, որ նման վիրավորումների դեպքում բուժօգնությունը տրամադրվում է տեղում, առկա սանիտարական միջոցներով. «Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից, վերը նշված ապացույցները համադրելով քրեական գործում առկա մյուս ապացույցների հետ, կարելի է փաստել, որ Իշխան Վահանյանը, թե ստացած վիրավորման, թե՛ զորքի բարոյահոգաբանական վատ վիճակում գտնվելու պայմաններում, հնարավորություն ունեցել է իրականացնել իր վրա դրված պարտականությունները և մնալ մարտադաշտում, ինչը չի կատարել և նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը»,,- նշեց մեղադրողը։ Վերադաս հրամանատարությունը տեղյակ եղել է, որ թշնամին Հադրութում է Դատախազ Գեւորգ Ավետիսյանն իր ելույթում շեշտեց՝ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ վերադաս հրամանատարությունը՝ զորամասի հրամանատար Արթուր Քյարամյանի գլխավորությամբ, տեղյակ եղել է հակառակորդի՝ Հադրութում գտնվելու մասին: Նա դա հայտնել է Իշխան Վահանյանին, սակայն վերջինս այդ մասին թե՛ Խուռհատ սարում գտնվելու, թե՛ շրջափակման մեջ մնացածների հետ հեռախոսով զրուցելու ժամանակ չի տեղեկացրել:  Ավետիսյանի խոսքով՝ քրեական գործում եղած ապացույցներով հիմնավորվում է նաև, որ Հադրութ չգնալու և սահմանված ուղղության նշված լինելու պարագայում Հովհաննես Մուրադյանի և «Քեռի» մականունով կամավորականի ուղեկցությամբ դեպի Վանք գյուղ իջած զինծառայողները հնարավորություն ունեցել են դուրս գալու, քանի որ Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի և մյուս զինծառայողների ուղեկցությամբ դուրս եկած անձնակազմը առանց լուրջ մարդկային կորուստների կարողացել են դուրս գալ մարտի դաշտից: Ճանապարհին վիրավորում է ստացել ընդամենը մեկ զինծառայող, որը հաջորդ օրը դուրս է բերվել:  Այս համատեքստում մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Արսեն Ղուկասյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում ներկայացված լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որը ցույց է տալիս՝ եղե՞լ է արդյոք անկառավարելի վիճակ, թե՞ ոչ, սպայակազմը և ժամկետային զինծառայողներն ունեցե՞լ են վերադաս հարամանատարության կողմից ուղղորդման կամ սահմանված կարգով նահանջ կատարելու կարիք, թե՞ ոչ, կամ ունեցե՞լ են արդյոք սահմանված բնագիծ կամ ուղղություն, որով պետք է նահանջեին: Նշենք, որ Արսեն Ղուկասյանը անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է։ Շրջափակման մեջ գտնվող Սարգիսը զանգահարել է հորեղբորը եւ օգնություն խնդրել։ Վերջինս էլ այդ խոսակցությունը ձայնագրել եւ հետագայում փոխանցել է քննչական մարմնին։ Մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Սարգիս Ղուկասյան- Ուզում ես՝ տամ ավելի լավ իմացող մարդու, թող ինքը տեղանքը նկարագրի, հետո զապիս արեք, ուղարկեք։ Արսեն Ղուկասյան- Շուտ արեք, շուտ արեք։ Սարգիս Ղուկասյան- Արեք, ով գիտի տեղանքը: Մուրադյա՛ն, տվեք Մուրադյանին հեռախոսը։ Հովհաննես Մուրադյան- Ախպերս, լսո՞ւմ ես։ Արսեն Ղուկասյան- Հա, ասա, սաղ ասա միանգամից, շուտ․․․ Հովհաննես Մուրադյան- Նայի, Հադրութի պոստից, որ նայում ես դեպի հակառակորդը, հենց ուղիղ աջ կողմը մենք անտառի մեջ ենք, ես ԿԳԲ-ի զորքին ասացի, որ մենք էդ սարի գլխին անտառի երեք տեղ պոստ ունենք դրած, հիմի էդ պոստի վրից կրակում են մեզ: Պտի իմանանք՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն,  հելնենք գոնե էնտեղ: Արսեն Ղուկասյան-Դե, էդքանը պետքա փոխանցենք։ Հովհաննես Մուրադյան- Հա, ախպեր, թեկուզ համար-մամար խոսացեք կգբ-շնիկներ են, հաստատ իրանք գիտեն: Արսեն Ղուկասյան- Լավ, հենց հիմա կանենք: Հովհաննես Մուրադյան- Մեկին ասա՝ հետս կապնվի, մեկ էլ ջոգենք՝ զորքը ոնց կարանք տանենք ավելի ապահով տեղ: Հա, թող մի հատ զանգեն, սաղ ասեն։ Արսեն Ղուկասյան-Լավ: Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ հիշյալ խոսակցությունից հետո այլևս Սարգիս Ղուկասյանի հետ չի կարողացել կապ հաստատել և մինչ օրս եղբոր որդու՝ Սարգիս Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Մյուս ապացույցը  սպա-հոգեբան Արայիկ Հայրյանի ցուցմունքն է, որը դատարանում հայտնեց, որ երբ զինծառայողները Խուռհատ սարից եկել են զորամասի ժամանակավոր տեղակայման վայր, ինքն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ։ Վերջիններս հայտնել են, որ իրենց ղեկավար սպա չի եղել, ինչի պատճառով, չիմանալով, թե ուր գնան, բաժանվել են խմբերի ու գնացել տարբեր ուղղություններով: Նշել են, որ այդ մարտերի ժամանակ Վահանյանը թեթև վիրավորման պատրվակով թողել է մարտադաշտն, ինչը հոգեբանական առումով ևս բացասական ազդեցություն է ունեցել իրենց վրա: Մեղադրողի գնահատմամբ՝ Վահանյանը պատերազմի ընթացքում պարբերաբար դրսեւորել է խուսափողական վարքագիծ Իր ելույթի վերջին հատվածում դատախազ Ավետիսյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանին մեղսագրված է հանցանք, որը դրսեւորվել է մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությամբ։ Այս հանգամանքը ապացուցելու համար Ավետիսյանը նշեց մի քանի դրվագներ՝ պնդելով, որ Իշխան Վահանյանն օգտագործել է ցանկացած առիթ մարտական գործողությունների շրջանից դուրս գալու համար եւ իր այդ մտադրությունն իրականացնելու համար անգամ օգտագործել է վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար հրամանատարական կետից դուրս գալու հնարավորությունը։ Այդ ժամանակ ձևականորեն կատարել է իր այդ պարտականությունը, և հասնելով զորամասի մշտական տեղակայման վայր, որի թույլտվությունը նա վերադաս հրամանատարի կողմից չի ունեցել, երկու օր բացակայել է մարտական գործողությունների վայրից:  Իր այս պնդումը հիմնավորելու համար մեղադրողը հիշատակեց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը․ Գարիկ Վարդերեսյանը նշել է նաև, որ 02.10.2020 թվականին, երբ գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը Նյուզգյար գյուղում ենթարկվել է հրետակոծության, Իշխան Վահանյանին հանձնարարել է շտապօգնության մեքենայով ուղևորվել գյուղ և տարածքում գտնվող վիրավորներին տարհանել, սակայն հետագայում տեղեկացել է, որ գյուղի մոտակայքից նա վերցրել է մի քանի վիրավորների և գյուղ չմտնելով, թողնելով վիրավորների մի մասին՝ հեռացել: Դրանից հետո՝ մինչև հոկտեմբերի 4-ն  ընկած ժամանակահատվածում, Իշխան Վահանյանը իր հետ կապ չի հաստատել և ինքը տեղեկություն չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին։ Վահանյանի խուսափողական վարքագիծը հիմնավորելու համար մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Վարազդատ Հովհաննիսյանի ցուցմունքը։ Ըստ դրա՝ Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտերի ժամանակ իրեն և գումարտակի այլ ծառայողներին հրամայել է  բարձրանալ սարի վրա, իսկ նա մնացել է թիկունքում՝ մոտ 50 մետր իրենցից ներքև։ Երբ առաջին խումբը բարձրացել է վերև, հակառակորդը կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի պատճառով սկսել են վիրավորներին տարհանել: Այդ ընթացքում շրջվել են և մոտ 10 մետր հեռավորության վրա նկատել Իշխան Վահանյանին, ով միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենան և հեռացել՝ իրենց թողնելով մարտական գործողությունների վայրում: Անգամ իր հետ չի տարել ավտոմեքենայի մոտ վազող երեք զինծառայողներին: Մեղադրողը կարեւորեց նաեւ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դատաբժիշկ փորձագետ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Իշխան Վահանյանի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների առկայության պայմաններում վերջինս հնարավորություն ունեցել է ինքնուրույն գործողություններ կատարելու և տեղաշարժվելու․ «Իշխան Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ 1.5*1.0 սմ չափսերով վիրավարումով լքել է մարտադաշտը, իսկ դրանից առաջ՝ 29.09.2020 թվականին ստացած 2.7*1.0 սմ չափսերով վիրավորումով (ԱՎԵԼԻ ՄԵԾ), շարունակել է իր պարտականությունների կատարումը մինչև 02.10.2020 թվականը ներառյալ»,- ընդգծեց մեղադրողը։ Ամփոփելով իր ելույթը՝ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածներով: Ուստի միջնորդում եմ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին, նշանակել պատիժ ազատազրկում 11 տարի ժամկետով, իսկ նախկին քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 9 տարի ժամկետով: Նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների համաձայն՝ պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը»,- նշեց մեղադրողը՝ միջնորդելով, որ Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 21 ապրիլի, 2025