Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել
 |azatutyun.am|
13:25 - 24 հունիսի, 2025

Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել: Նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ հաստատելով «Ազատության» տեղեկությունները, որ Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին:

Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Թեև 2019-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերաբացվեց, բայց ոչ սա, ոչ էլ դատախազի սպանությունը բացահայտված չեն։

Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեին, թե էժան գնով ձեռքբերված կայանի թանկարժեք խողովակներն ու սարքավորումները նախկին քաղաքապետի ու իր եղբոր կառուցած հիդրոկայանի համար են օգտագործվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել