ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ոլորտի ներկայացուցիչներ, մարզասերներ: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 8-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցում է մոտ 1000 մարզիկ՝ 54 երկրից։ 2027 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել նաև Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը:
22:15 - 08 մայիսի, 2025
Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին
 |1lurer.am|

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին |1lurer.am|

1lurer.am: Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել: «Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը: Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
13:02 - 08 մայիսի, 2025
Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի
 |1lurer.am|

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի |1lurer.am|

1lurer.am: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է լուծել 3 խումբ հարցեր: Առաջին ու ամենակարևոր փոփոխությունը կադրային փոփոխությունն է: Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը: Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ նախարարի՝ եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը: «Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը կբարձրացնի ծառայության գրավչությունը: Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար: Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
12:08 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիային: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Այս որոշումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպա-տակով:
11:45 - 08 մայիսի, 2025
ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին
 |1lurer.am|

ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրա­պետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարան­ցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրին և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարու­թյունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի՝ Աշգաբաթի համաձայնագրի իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի՝ չզեկուցվող հարցերի ցանկում: Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Աշգաբաթի համաձայնագիր) ՀՀ-ի միանալը կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում իտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցյալից օգտվելու համար։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը»: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ համաձայնագիրը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ու տնտեսական համագործակցության խորացմանը։
11:43 - 08 մայիսի, 2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

Կառավարությանն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցները, շարժական ռադիոկայանները, ջերմային պատկերման տեսախցիկները և պլանշետներն ընդունեց որպես նվիրատվություն եւ դրանք ամրացրեց Ազգային անվտանգության ծառայությանը:  Նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,775,547 դրամ արժեքով։ Նվիրաբերվող գույքը ներառում է՝   3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա, 3 հատ Kenwood NX-3820GE տեսակի շարժական ռադիոկայան, 3 հատ NightRide Trailblazer տեսակի ջերմային պատկերման տեսախցիկ, 3 հատ Samsung Galaxy A8-32 պլանշետ։   Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
11:34 - 08 մայիսի, 2025
Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025թ. հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:   Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից
11:13 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ Այս մասին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնեց Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի լճերի», ինչը վկայում է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի միայնակ միջոցներն ու հնարավորությունները բավարար չեն խնդրին ֆունդամենտալ լուծում տալու համար։ Նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։«Քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք։ Նմանատիպ խնդիրներ ունեն նաև հարթավայրային մարզերի քաղաքային բնակավայրերը։ Մենք մեր փողոցաշինական բոլոր ծրագրերում ընդգրկում ենք նաև ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման ու արդիականացման բաղադրիչը։ Արդեն իսկ նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երևանում և մի շարք այլ քաղաքներում»,- ասաց Խուդաթյանը։ Խուդաթյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ մայրաքաղաքի առավել խնդրահարույց վայրերում, իսկ 2026 թվականին նախատեսվում է ջրահեռացման համակարգերի արդիականացման ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել։ «Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կիրականացնենք, որոնց արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար», – եզրափակեց նախարարը։
18:11 - 07 մայիսի, 2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների:  ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9–ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները:   «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,–ասաց Փաշինյանը: Վարչապետը շատ կարևորեց անցկացվելիք միջոցառումը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Բայց նա նշեց, որ այդ հանդիպումներում նաև քննարկվում են այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ այցի շրջանակում կան նախատեսված երկկողմ կամ այլ հանդիպումներ՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա ֆորմալ գագաթնաժողով չէ, շփումներ կլինեն: «Բայց, թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Եվ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»,–ասաց վարչապետը:
17:28 - 07 մայիսի, 2025
Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

civilnet.am: Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։ Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա): Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։ Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։ «Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։ Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
12:52 - 07 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն: Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։ Երկրի ղեկավարը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:
16:47 - 03 մայիսի, 2025
2021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով․ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

2021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով․ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են շուրջ 20 000 սովորողի: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել ևս 20 դպրոցի կառուցումը և 70-ի հիմնանորոգումը: Զեկուցվել է, որ 2021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով, իսկ 2021-2026 թթ․ ընթացքում կառուցման կամ վերանորոգման փուլում են գտնվում 295 դպրոց՝ շուրջ 328 մլրդ դրամ արժեքով: Փոխվարչապետի ներկայացմամբ, մանկապարտեզների մասով ավարտված, շինարարության և մրցութային փուլում են գտնվում 386 մանկապարտեզներ, որոնք սպասարկելու են 37 000 երեխաների: Արդեն առկա է 500 մանկապարտեզների հստակ պատկերը, թե դրանք ինչպես են շահագործման բերվելու 2026 թվականի ընթացքում: Արդեն իսկ ավարտված են աշխատանքները 204 նախադպրոցական հաստատություններում: Նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերում հասանելիությունը կապահովվի կրթահամալիրների միջոցով, իսկ 162-ում բնակավայրում, որտեղ կրթահամալիրներ նախատեսված չեն, կկիրառվեն հետևյալ մոտեցումներից մեկը՝ մանկապարտեզ չունեցող և 50-ից ավելի սան ունեցող 14 բնակավայրերից 11-ում մանկապարտեզների կառուցումը մեկնարկել է, ևս 3-ում կմեկնարկի առաջիկայում, մինչև 50 երեխա ունեցող բնակավայրում ուսումնասիրվում են նախակրթարան հիմնելու և կլաստերներ ձևավորելու հնարավորությունները, մինչև 10 երեխա ունեցող բնակավայրերում դիտարկվում են այլընտրանքային մոդելները: Վերը նշված բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ: Հաջորդիվ քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության և խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակի և նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը», - նշված է հայտարարությունում։  
20:05 - 30 ապրիլի, 2025
«Հետաձգելու ռեկորդակիր կառավարություն». Փաշինյանը քննադատեց բարեփոխումների դանդաղ ընթացքը
 |civilnet.am|

«Հետաձգելու ռեկորդակիր կառավարություն». Փաշինյանը քննադատեց բարեփոխումների դանդաղ ընթացքը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ի կառավարության նիստում անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրներին՝ արձանագրելով, որ պետական համակարգը չի հավատացել դրա իրականացմանը։ «Երբ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն էինք ներդնում, պարզ էր, որ մեզ անհրաժեշտ է լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար էր։ Այսինքն՝ հունվարի 1-ին մենք արդեն գիտեինք, որ 400 հազար մարդ պետք է այդ քարտն ունենա՝ հայտարարագիր լրացնելու համար, սակայն թողարկման կարողությունը շատ ցածր էր։ Եվ դրա մասին ես տեղեկացել եմ ուշ»,- ասաց վարչապետը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն տպագրվել է շուրջ 82 հազար նույնականացման քարտ։ Ըստ նրա՝ Երևանում և մարզերում մոտ 56 հազար քաղաքացի սպասում է, որպեսզի դիմի անձնագրային բաժանմունք։ Փաշինյանն ընդգծեց՝ իրավիճակը պայմանավորված է համակարգի ներսում դիմադրությամբ։ «Ես համոզված եմ, որ մեր շատ գործընկերներ մտածել են՝ որոշել են, բայց հո չեն անելու։ Ասել են՝ կգա ժամանակը, հետաձգվելու է․ քաղաքական իրավիճակն էլ այլ է, հաջորդ տարի ընտրություններ են, կառավարությունն էլ կփոխվի»,- ասաց նա։ Վարչապետն ավելացրեց, որ տասնյակ դիմումներ է ստացել համակարգի ներդրումն էլի հետաձգելու համար։ «Եթե համակարգի ներդրումները հետաձգելու աշխարհի առաջնություն լիներ, մեր կառավարությունը առաջին տեղը կբռներ՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։ Ինչքան մեդալ կա, կհավաքեինք»,- հեգնեց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ չի հետաձգելու բարեփոխումները․ «Որ նախարարը եկավ ու ասաց՝ հետաձգենք, աշխատանքից ազատվելու է»։
12:56 - 30 ապրիլի, 2025
Կառավարությունը նոր որոշում ընդունեց «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ |civilnet.am|

Կառավարությունը նոր որոշում ընդունեց «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 30-ին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ նպատակ ունենալով ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեության շարունակությունը։ Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, գործադիրը որոշել էր տրամադրել մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային երաշխիք՝ Հայաստանի բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով, մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։ Ընկերության և առևտրային բանկերի միջև բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու բանկերի կազմը, ինչի պատճառով անհրաժեշտ էր վերանայել և փոփոխել կառավարության՝ բյուջետային երաշխիք տրամադրելու մասին նախկին որոշման բովանդակությունը։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագիծը ներառվել և ընդունվել է գործադիրի նիստում։ Նշվում է, որ նախագծի ընդունումը միտված է ապահովելու «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորման ընթացիկ գործընթացների կայունությունն ու ընկերության գործառույթների շարունակականությունը։
12:43 - 30 ապրիլի, 2025
Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար |armenpress.am|

Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ապրիլի 30-ի նիստում հաստատեց 17 համայնքում ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման որոշումը։ Նախագծի շրջանակում պետբյուջեից կհատկացվի շուրջ 1 միլիարդ 682 միլիոն դրամ։ Նախագիծը նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։  Ծրագրերը նպատակ ունեն խթանել համայնքների զարգացմանը միտված ներդրումային նախաձեռնությունները։ Համաֆինանսավորման արդյունքում կկատարվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք աշխատանքներ՝ բարեկարգումից մինչև ենթակառուցվածքների արդիականացում։  Ծրագրերի աշխարհագրությունն ընդգրկում է հետևյալ մարզերը՝ Արարատի մարզ – 8 ծրագիր, Արմավիրի մարզ – 6 ծրագիր, Գեղարքունիքի մարզ – 4 ծրագիր ,Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզեր –1-ական ծրագիր, Շիրակի և Տավուշի մարզեր՝ 3-ական ծրագիր։  Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային և մշակութային շենքերի նորոգում և կառուցմանը, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների բարելավմանը, խմելու, կոյուղու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի գույքի նորոգմանը՝ էներգախնայող լուծումներով։
12:37 - 30 ապրիլի, 2025