Լիբանան

Լիբանանի և Սիրիայի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել կրակը սահմանին
 |1lurer.am|

Լիբանանի և Սիրիայի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել կրակը սահմանին |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի և Սիրիայի պաշտպանության նախարարներ Միշել Մենասան և Մուրհաֆ աբու Կասրան համաձայնության են եկել սահմանին կրակի դադարեցման շուրջ: Ինչպես հաղորդվում է Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ, լիբանանյան կողմի նախաձեռնությամբ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: «Համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջև համագործակցության ուժեղացում՝ սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման նպատակով։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը»,- նշվում է տեքստում։ Պաշտպանության նախարար գեներալ-մայոր Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ աբու Կասրան համաձայնության են եկել լիբանանյան բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև համակարգման շուրջ: Նախարարներն ընդգծել են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը սահմանին իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանի հյուսիս-արևելյան շրջանների գնդակոծությունները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի:
Այսօր 09:55
Լիբանանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը
 |1lurer.am|

Լիբանանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարությունում հանդիպումների շրջանակում նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Հանի Ալ-Շամիտելին ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այդ մասին հայտնել է Լիբանանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:    Դեսպան Աթաբեկյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ավարտվել են, և բոլոր խոչընդոտների վերացվել, ինչը հնարավորություն է տալիս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։   «Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիբանանը ողջունում է այս կարևոր քայլը՝ համաձայնագրի իրագործման, երկու երկրների միջև կայունության ապահովման և ժողովուրդների անվտանգության տեսանկյունից»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում։
21:33 - 17 մարտի, 2025
Արաբական լիգայի գագաթնաժողովի մասնակիցները պահանջել են իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Լիբանանից |shantnews.am|

Արաբական լիգայի գագաթնաժողովի մասնակիցները պահանջել են իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Լիբանանից |shantnews.am|

shantnews.am: Արաբ առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները հարավային Լիբանանում և հրեական պետությունից պահանջել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը: Այս մասին ասվում է Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ հռչակագրում, որը երեքշաբթի անցկացվել է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են Լիբանանում հրադադարի համաձայնագրի բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը և Իսրայելից պահանջում են դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գերի են ընկել վերջին պատերազմի ժամանակ»,-ասվում է փաստաթղթում։ Այն աջակցություն է հայտնում Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը և անվտանգությանը։
09:56 - 05 մարտի, 2025
Վարչապետի հանձնարարականով Զարեհ Սինանյանը կմեկնի Սիրիա |armenpress.am|

Վարչապետի հանձնարարականով Զարեհ Սինանյանը կմեկնի Սիրիա |armenpress.am|

armenpress.am: Միջինարևելյան երկրներում գտնվող հայ համայնքները շարունակում են  մնալ վտանգված՝ պայմանավորված անվտանգային, տնտեսական , սոցիալական մի շարք հարցերով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես Սիրիան ու Լիբանանը։   «Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը։ Վարչապետի հանձնարարությամբ պետք է ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա։ Ասեմ, որ երբ սկսվեց հարձակումը Հալեպի ուղղությամբ, այդ օրերին ճգնաժամ առաջացավ։ Մեր հայրենակիցներից դիմումերի մեծ քանակ կար։ Նրանք խնդրում էին իրենց տարհանել Սիրիայից։ Բնականաբար լոգիստիկ իմաստով հնարավոր չէր, մանավանդ, որ այնտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։ Դրանից մեկ շաբաթ հետո էլ Դամասկոսն ընկավ։ Սկզբնական օրերին 40 հայ կարողացավ անցնել Լիբանան, հետո տեղափոխվել Հայաստան։ Դրանից հետո համարյա ամբողջ հոսքը կանգնեց, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք սիրիահայերի կայուն հոսք դեպի Հայաստան։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,-ասաց Զարեհ Սինանյանը։  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ շարունակում են վտանգված համարել Լիբանանը, որտեղ կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ իրենց ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է։   «Մեր կենտրոնն ամբողջ ռեսուրսն օգտագործում է այս մարդկանց խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազում գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը հնարավորություն ու ճկունություն է տալիս մարդկանց խնդիրներն արագ լուծելու համար։ Մենք չունենք ազատ ֆոնդ, բայց շատ կուզենայի ունենայինք, որ արագ արձագանքեինք մեր հայրենակիցների խնդիրներին։ Ամեն դեպքում այսօր էլ դա ինչ-որ առումով արվում է։ Օրինակ, Բեյրութում գտնվող 5 հոգանոց ընտանիք մեզ նամակ է գրում ու խնդրում, որ աջակցենք իրենց տեղափոխվել Երևան։ Մենք, մեր գործընկերների հետ աշխատելով, գնում ենք տոմսերը, անհրաժեշտության դեպքում այստեղ կեցության վարձերն ենք վճարում։ Այդ ամենն անում ենք այս գործին նվիրված մեր գործընկերների հետ։ Եթե մենք չստեղծենք պայմաններ, որ մեր հայրենակիցները արժանապատիվ կերպով բնակություն հաստատեն Հայաստանում, ապա նրանք կգտնեն այլընտրանքային երկրներ»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ 
14:01 - 04 մարտի, 2025
Բեյրութում ցուցարարները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը
 |azatutyun.am|

Բեյրութում ցուցարարները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Բեյրութում «Հեզբոլա»-ի աջակիցները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի օդանավակայանի իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է Թեհրանից ուղևորներ տեղափոխող Mahan Air իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում։ AFP-ն հաղորում է, որ ցուցարարներն անվադողեր են այրել բողոքի ակցիայի ժամանակ: Բեյրութի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը խնդրել է համապատասխան մարմիններին տեղեկացնել Mahan Air ավիաընկերությանը, որ Լիբանանը չի կարող ընդունել Բեյրութ մեկնող երկու չվերթ: Պատճառը չի նշվում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Լիբանանի կառավարությունը կարող է ազգային ավիափոխադրող չվերթ ուղարկել Թեհրան՝ ուղևորներին տուն բերելու համար:
14:54 - 14 փետրվարի, 2025
Փարիզն առաջարկել է Լիբանանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայել |armenpress.am|

Փարիզն առաջարկել է Լիբանանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայել |armenpress.am|

armenpress.am: Փարիզն առաջարկել է հարավային Լիբանանի՝ իսրայելական բանակի հսկողության տակ գտնվող վայրերում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորներ տեղակայել, այդ թվում՝ ֆրանսիացի: Այս մասին հայտնում է Al-Akhbar լրատվականը։ «Հրադադարը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը, որն Իսրայելի ուժերի վերջնական դուրսբերման ակնկալվող ժամկետն է», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Փարիզում Սիրիայի հարցով միջազգային համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։  Բարոն հավելել է, որ իր երկիրն աշխատել է «այս առաջարկի ձևակերպման վրա, որը կարող է բավարարել Իսրայելի անվտանգության նկրտումները, որը ծրագրում է մնալ ավելի երկար ժամանակով»։ Ավելի վաղ հրեական պետությունը հայտարարել էր, որ ցանկանում է փետրվարի 18-ից հետո իր ուժերը պահել հարավային Լիբանանի հինգ վայրերում։ Ի պատասխան դրա՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին կտրականապես մերժել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության երկարաձգման հնարավորությունը և ընդգծել, որ լիբանանյան բանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ կկատարի սահմանին անվտանգության ապահովման խնդիրը։  Փարիզը նման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Լիբանանը հրաժարվել է երկարաձգել իսրայելական զորքերի ներկայությունը սահմանամերձ մի շարք շրջաններում։  Ֆրանսիան առաջարկել է թվով 700 զինվոր տեղակայել UNIFIL-ի ֆրանսիական զորակազմից, ինչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանություն է տվել: Լիբանանի կառավարությունը փետրվարի 17-ին կքննարկի Ֆրանսիայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ Իսրայելի դիրքորոշումը մտահոգիչ է և սպառնում է նոր ռազմական էսկալացիայով։ 2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև գործում է հրադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թ. սեպտեմբերից։ 
13:41 - 14 փետրվարի, 2025
Իսրայելն առաջարկել է Ուկրաինային հանձնել Լիբանանում զավթված ռուսական զենքը |news.am|

Իսրայելն առաջարկել է Ուկրաինային հանձնել Լիբանանում զավթված ռուսական զենքը |news.am|

news.am: Իսրայելն առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական զենքը, որը գրավել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանում կամ խլել է Իսրայելի հակառակորդներից այլ վայրերում։ Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպանատունը։ «Հունվարի 21-ին կայացել է Իսրայելի պետությունում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկի եւ Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում դեսպանը երախտագիտություն է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից զավթված ռուսական արտադրության զենքերն Ուկրաինային փոխանցելու առաջարկի համար»,- նշվել է հրապարակված հաղորդագրությունում։ Ուկրաինական կողմն ընդգծել է, որ Իսրայելի նախաձեռնությունը լուրջ քայլ է, որը հաստատում է Կիեւի եւ Թել Ավիվի համար ընդհանուր սպառնալիքների գիտակցումը։ Դեսպանությունը հույս է հայտնել, որ այս առաջարկը դրական լուծում կստանա։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռազմական ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, որը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի եւ Իսրայելի ազգային անվտանգության համար։ Ուկրաինայի դեսպանը նշել է, որ այդ սպառնալիքին արդյունավետ հակազդելը բխում է երկու պետությունների շահերից։ Բացի այդ, կողմերը քննարկել են բարձր մակարդակով երկկողմ շփումների ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար եւ հյուպատոսական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ 2024թ. աշնանը իսրայելական ցամաքային ուժերը Լիբանանի հարավում հայտնաբերել են «Հեզբոլլահի» ստորգետնյա բազա։ Օբյեկտն օգտագործվել է որպես «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարական կենտրոն եւ ծառայել է որպես տարբեր տեսակի զինատեսակների, այդ թվում՝ ռուսական զենքերի պահեստարան։ Հայտնաբերված զենքերը ներառում են հրթիռներ, ականանետեր, Կալաշնիկով ինքնաձիգեր, զինամթերք, զրահաբաճկոններ եւ այլ հանդերձանք:  2024թ. դեկտեմբերին Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ավելի է սերտացել, եւ փոխըմբռնումն ամրապնդվել է։ Նա ընդգծել է, որ Իսրայելի եւ Ուկրաինայի պատերազմները կապ ունեն, սակայն Իսրայելը կռվում է ահաբեկչության դեմ, իսկ Ուկրաինան պայքարում է միջուկային տերության դեմ։
11:21 - 22 հունվարի, 2025
Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին |armenpress.am|

Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ ստացված հետախուզական տվյալների հիման վրա լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շիա շարժման մի շարք օբյեկտների: Այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում։  «Հարվածների ենթարկված օբյեկտների թվում են հրթիռների արձակման հարթակ, ռազմական օբյեկտ, ինչպես նաև սիրիա-լիբանանյան սահմանի երկայնքով ձգվող երթուղիները, որոնք «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում էին զենքի մաքսանենգության համար», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսրայելական կողմը նշել է, որ այդ օբյեկտներն սպառնայիք են ներկայացրել «իսրայելական թիկունքի և Իսրայելի պաշտպանության բանակի համար»։ «Հրադադարի համաձայնագրին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել՝ կանխելու Իսրայել պետությանն սպառնացող ցանկացած վտանգ, և կկասեցնի «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից ուժերը վերականգնելու ցանկացած փորձ», - ընդգծել են ԻՊԲ-ում։ Այս հարվածների հետևանքների մասին լիբանանյան կողմից հաղորդագրություններ չեն ստացվել։ Իսրայելի զինվորականների և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ Դրա համաձայն՝ իսրայելական բանակը պետք է փուլ առ փուլ դուրս գա լիբանանյան տարածքից, սակայն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին և օբյեկտներին, եթե որոշի, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։ Հրադադարի ուժի մտնելուց հետո մի շարք միջադեպեր են արձանագրվել, երբ իսրայելցի զինվորներն ու «Հեզբոլլահ»-ի մարտիկները հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին:
10:42 - 13 հունվարի, 2025
Հայաստանը շարունակելու է աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին. վարչապետը՝ Լիբանանի նախագահին

Հայաստանը շարունակելու է աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին. վարչապետը՝ Լիբանանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին: Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության հարուստ ավանդույթներ՝ հիմնված պատմամշակութային սերտ կապերի և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա: Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք էլ ավելի խորացնել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկրների և երկու բարեկամ ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց»: Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։ 
14:32 - 10 հունվարի, 2025