Չեխիա

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակությանը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովայի գլխավորությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Չեխիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Աննա Վարդապետյանը ողջունել է չեխ գործընկերներին, ընդգծել Յանա Զեզուլովայի ներդրումը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի ստեղծման աշխատանքներում և նշել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը: Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև գործում է 2009 թվականի մայիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանը Չեխիայի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Չեխիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Չեխիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Չեխ գործընկերները, ի թիվս այլնի, հետաքրքրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում գործող օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից: Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
17:22 - 30 հունիսի, 2025
Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։   Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:   Ներկայացվել են թվային մի շարք կարևոր հարթակներ, այդ թվում՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման» e-disability համակարգը, Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական՝ e-social.am հարթակը, Զբաղվածության՝ e-work հարթակը։ Քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ թվային այս գործիքներն իրենցից ներկայացնում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման նոր տեսլական՝ ուղղված մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։   Չեխիայի փոխվարչապետը ընդգծել է ներկայացված հարթակների դերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել նաև Չեխիայի փորձի համատեքստում։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը։
18:16 - 23 հունիսի, 2025
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարեւոր գործընկեր է Չեխիայի եւ չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաեւ ԵՄ-ի կողմից կայացված երկու կարեւորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին եւ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար: «Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին: Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաեւ ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
20:13 - 20 հունիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները: Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։
22:57 - 16 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

Արմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:   Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:   ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
18:05 - 18 մարտի, 2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Օնդրժեյ Բենեշիկը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Օնդրժեյ Բենեշիկը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող  աջակցությունը: Նախարարի տեղակալ Հովհաննիսյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։
16:27 - 18 մարտի, 2025
Չեխիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արագ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը |armenpress.am|

Չեխիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արագ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին և հույս հայտնել, որ կողմերը արագ կստորագրեն համաձայնագիրը։  Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։  «Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
15:25 - 14 մարտի, 2025
Սրբուհի Գալյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները

Սրբուհի Գալյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ Արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։ Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։
14:00 - 10 մարտի, 2025
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած Future Forces Forum 2024 միջազգային ցուցահանդեսին:  Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:   Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
12:39 - 21 հոկտեմբերի, 2024