Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան
14:21 - 22 ապրիլի, 2024

Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որը քիչ առաջ Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, այժմ եկել է Ոսկեպար։

Ոստիկանապետ Հակոբյանից նա հետաքրքվեց՝ ինչ է կատարվում այստեղ, որովհետեւ տարբեր բաներ է լսել։

Ոստիկանապետը ասաց, որ իրենք հասարակական կարգ են պահում եւ անվտանգություն, իսկ թե մյուս կողմում՝ եկեղեցու մոտակայքում, ինչ է կատարվում, չեն կարող ասել (սակրավորները եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ էին կատարում-խմբ.)։

Ոստիկանապետը Սրբազանին ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։ Մեկ ժամ առաջ նույնը ասել էին նաեւ քաղաքացիներին։ 

Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, ու այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ։

«Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։

Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել