2024թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որ այն պայթեցնի։
Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից, որ անհայտ քաղաքացին բենզատար մեքենան կայանել է Հանրապետության Հրապարակի կենտրոնում, ապա դիմել փախուստի: Միաժամանակ հաղորդում է ստացվել ոստիկանությունից, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մասնաշենքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում կայանված է եղել «ԿԱՄԱԶ» մակնիշի, բենզատար մեքենա։ Պարզվել է նաև այն ընկերությունը, որին պատկանում է նշված բենզատարը, որի պահոցում բենզին չի եղել:
Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը մուտք է գործել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։
Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում՝ ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ չենթարկվելով ոստիկանության ծառայողի՝ հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո միայն օգնության հասած ոստիկանության մյուս աշխատակիցների հետ միասին հաջողվել է վնասազերծել նշված անձին։
comment.count (0)