Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում. պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում |armenpress.am|
14:25 - 16 դեկտեմբերի, 2024

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում. պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում |armenpress.am|

armenpress.am: Այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքների նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Ինչպես տեղեկացնում է PR Newswire, այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի փաստաբանական թիմը։ Նշվում է, որ Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մեղադրանքները ներառված են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածների ներքո և վերաբերում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: 

Ըստ Վարդանյանի փաստաբանական թիմի՝ մեղադրանքները հիմնվում են ավելի քան 25,000 էջանոց նյութերի վրա, որոնք հավաքված են 100 հատորներում և գրված են ադրբեջաներեն։ Այդպես կոչված ապացույցները թաքցված են թե՛ Վարդանյանի, թե՛ հանրության համար։ Նրան և նրա փաստաբանին թույլատրվում է միայն սահմանափակ ժամկետներում ծանոթանալ նյութերին՝ առանց պատշաճ թարգմանության կամ գրառումներ կատարելու լիարժեք հնարավորության։ Այս ամենը հիմնավորվում է «ազգային անվտանգության նկատառումներով»: 

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք միջազգային իրավունքի բացահայտ խախտում են։ Նա ընդգծել է, որ այս մեղադրանքները ներկայացվել են Ալիևի վարչակարգի կողմից՝ արդարացնելու գաղտնի դատավարությունը, որը չի կարող լինել անկախ և անկողմնակալ։ 

Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը և ժողովրդավարական երկրներին վերջ դնել այս խախտումներին։ 

«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար ​​աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: 

Ռուբեն Վարդանյանը եղել է Լեռնային Ղարաբաղի պետական նախարար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվար։ Նրա ձերբակալությունն ու Ադրբեջանում նրա նկատմամբ կիրառվող քաղաքական մեղադրանքները խորհրդանշում են ռեժիմի այլախոհության ճնշման ուղղությամբ տարվող համապարփակ քաղաքականությունը։ 

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ՝ ստիպելով 120 հազար հայերի լքել տարածաշրջանը։ Այդ ընթացքում Վարդանյանն ու յոթ այլ պաշտոնյաներ ձերբակալվել են՝ կեղծ մեղադրանքներով։ Այս իրադարձությունները վկայում են Ալիևի վարչակարգի քաղաքական մղումների և հիմնարար ազատությունների բացակայության մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել