Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|
15:39 - 11 մարտի, 2025

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

armenpress.am: Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։  

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարտի 11-ի նիստում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ 

Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ այդ եղանակով իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ, նույնպես ներկա է նիստին։ 

Նշվում է, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո։ 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, այնուհետև շարունակվել։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել