ԱԱԾ  գործելաոճը կարող է ընկալվել քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ․ Քաղաքացու որոշում
07:02 - 02 մայիսի, 2019

ԱԱԾ գործելաոճը կարող է ընկալվել քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ․ Քաղաքացու որոշում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ  պետ Արթուր Վանեցյանի ներկայացուցչի կողմից  կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղարկված նամակի վերաբերյալ․

«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։

Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։

ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար։

Գրության հեղինակ, դրա մեջ որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ հանդիսացող անձը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից։ Այս կապակցությամբ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար։

Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ։

Մեզ համար կարևոր են խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքները, որպես ժողովրդավարական հանրություն կառուցելու հիմնասյուներ։ Պետական որևէ ինստիտուտի կամ պաշտոնյայի նկարագրված տիպի միջամտությունը սահմանափակում և խոչընդոտում է քաղաքացու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

Ցանկանում ենք նաև այս ակնառու օրինակով հիշեցնել վտանգի մասին, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս, «կեղծ լուրերին հետևելու և արձագանքելու» հանձնարարական տալը խոսքի ազատության սահմանափակման հարցում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել