Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, ում երեկ բերման էր ենթարկել ԱԱԾ-ն, մեկ ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։
Փաստաբան Վահե Եփրիկյանն «Ազատությանն» ասաց, որ քննիչը 2 ամսվա կալանք է պահանջել, դատավորը մասնակի է բավարարել ու մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և պնդում է, որ որևէ առնչություն չունի այդ ամենի հետ։
Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։
Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:
Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։
comment.count (0)