ԱԱԾ-ն բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին |azatutyun.am|
18:44 - 13 մարտի, 2024

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին, «Ազատությանը» փոխանցեց նրա որդին՝ Արամ Սարգսյանը:

«Առավոտյան 7-ի կողմերը ավտոմատներով մտել են մեր տուն, բոլորիս պառկացրել գետնին, այսինքն՝ վերաբերվել են այնպես, ինչպես կվարվեին ամենավտանգավոր հանցագործի հետ: Ինձ հարվածել են, գոռում էի, ասում, որ նախարարության աշխատակից եմ, լրագրող, բայց այդ պահին մեկը ոտքով հարվածեց դեմքիս, ասեց՝ «սուս մնա», մայրս էր շատ վախեցել», - «Ազատությանը» պատմեց Արամ Սարգսյանը:

Արամի պատմելով՝ իրեն և հորը ձեռնաշղթաներով տան առանձին սենյակներում են պահել, հետո հորը մոտ չորս ժամ հարցաքննելուց հետո առանց որևէ պարզաբանման բերման ենթարկել:

ԱԱԾ աշխատակիցները, ըստ Արամ Սարգսյանի, տան խուզարկությունից հետո առագրավել են իր անձնական օգտագործման նոութբուքը, հեռախոսի քարտ և մի քանի կրակած պարկուճ: «Վերջերս որ գնացել էինք Հոկտեմբերյանի հրաձգարան կրակելու՝ այնտեղից էի բերել, սիրունության համար», - հավելեց Արամը:

Քաղաքացին կարծում է, որ դաշնակցական հորը բերման են ենթարկել քաղաքական ակտիվ գործունեության պատճառով:

Ազգային անվտանգության ծառայությունը միջադեպի առնչությամբ ոչինչ չի հաղորդում: Արամ Սարգսյանի խոսքով՝ հայրն արդեն Քննչական կոմիտեում է: Նախաքննական մարմնից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, միայն ասացին՝ քիչ անց հաղորդագրություն կտարածեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել