ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը |lragir.am|
13:43 - 18 նոյեմբերի, 2019

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը |lragir.am|

lragir.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

Խորհրդարանի նոյեմբերի 18-ի նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացնելու ժամանակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պատգամավորների կողմից առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն հնչել:

Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին:

Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել