ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը
18:50 - 17 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 17] Առաջին կայծը

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Գոհարիկ Տիգրանյան] Երբեք չեմ գոռացել «ոստիկանը մերն ա, իմն ա», չէ, ես երբեք չեմ հավատացել դրան (գուցե դեռ չեմ էլ հավատում), ու եթե պետք է գոռայի, որ ինքս ինձ համոզեի, վստահեցնում եմ՝ դա ժամանակի ու էներգիայի վատնում էր, որի կարիքը ես դեռ շատ էի ունենալու, իսկ ստեր գոռալ, կներեք, ստելուց վատ եմ․․․ Չէ, ես չեմ ստում։

[Վահան Կոստանյան] Շատերը մտածում էին՝ էսօր ու վերջ, եթե չստացվի, ուրեմն ցրվելու ենք տներով, համակերպվելու ենք գլուխներս կախ ևս չորս տարի ապրելու հետ։ Բայց երեկ երեկոյան արդեն որոշումը կայացված էր, որ շարունակելու ենք։ Սա նյարդերի պայքար էր՝ երկարատև ու հյուծող։ Իսկ այդ օրվա իշխանությունների նյարդերը էսօր տեղի տվեցին։ Շաբաթներ շարունակ շարունակվող բանի տեղ չդնելու տակտիկան չէր աշխատել ու ստիպված էին նոր բան մտածել։ Իսկ նոր գաղափարը՝ հին ձևերով համատարած մարդկանց բռնելը դուրս եկավ։

[Սոնա Մնացականյան] Առավոտը ժամը 6։30 զարթնում եմ, դասավորում ուսապարկս, սուրճ խմում ու դուրս գալիս։ Նախորդ օրը պայմանավորվել ենք, որ իրար մոտ ապրողներս միասին իջնենք։ Ես ու Լուսինեն պիտի հանդիպենք Գյուլբենկյանի վրա՝ Ամերիա բանկի մոտ։ Լուսոն իր բազմամյա ակտիվիստական փորձով գնահատում ա մարտական հագուկապս․ ասելիք չունի։

[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտ էր, նորից Վահանը եկավ հետևիցս, երեկվա շվաքի տակ հավաքվում էինք Իսահակյանի արձանի մոտ, բայց այս անգամ պիտի արդեն ակցիայի մասնակիցներին հնարքներ փոխանցեինք ու ասեինք, որ ոստիկանների հետ գլուխ չդնեն։

[Վահան Կոստանյան] Էլի նույն ժամին հավաքվեցինք Իսահակյանի արձանի մոտ։ Պապաս հետս եկավ կենտրոն, բայց չթողեցի մնա ու զոռով ուղարկեցի Ֆրանսիայի հրապարակ։

Ուսանողները տեղում էին, տակտիկան՝ նույնը։ Նախապես որոշեցինք, որ եթե ոստիկանները որոշեն մեզ բռնել, մյուսները պիտի փախչեն։

[Գոհարիկ Տիգրանյան] Որոշված էր՝ ոստիկանների գալուն պես պիտի ցրվեինք ու հավաքվեինք Սայաթ Նովայի վրա (սա շշուկով էր տարածվում), բռնվելիս գոռում էինք մեր անունն ու հեռախոսը, որ դրսում եղողները կապվեին իրավաբանների ու պաշտպանների հետ։

[Դանիել Իոանիսյան] Ամսի 17-ին առավոտ շուտ ինձ արթնացրեց Անտոն Իվչենկոն, ով խնդրում էր իր հետ միասին փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը (դեպի ձոր տանող հատվածը): Ասացի, որ փակելուն անմիջականորեն չեմ մասնակցի, բայց կգամ: Անտոնը տխրեց:

[Աշոտ Խաչատրյան] Անհնազանդության առաջին օրվանից հետո կասկած չէր մնացել, որ մեթոդը աշխատում ա։ Առավոտը բարձր տրամադրությամբ էի արթնացել, գիտեի, որ հաջողությունը տասնապատկելու էինք։ Բայց տասնապատկվելու էր առանց ինձ։
Ժամը մոտ 7։30-ին մեր շենքի մոտ ինձ մոտեցան 4 ոստիկան ու հանգիստ ձևով ճանապարհեցին դեպի մեքենան։ Իմ հարևան ոստիկանն էր «նավոդկա» տվել, սպասում էի, անկեղծ ասած։ Գիտեի, որ պարզապես տանելու են բաժին, որ ժամանակ ձգեն։

[Վահան Կոստանյան] Դեռ տասը րոպե ժամանակ կար մինչև նախատեսված ժամը ու մենք հանգիստ կանգնած էինք մայթին, երբ երեք ոստիկանական ավտոբուս եկավ ու կանգնեց Մանկանի մոտ։

[Գոհարիկ Տիգրանյան] Պլանը նույնն էր՝ փակել բժշկականը, ավելի շատ էինք, արագ էինք գլուխ բերելու պլանը, իրականում ավելի մարտական էինք, նյարդերի ու զայրույթի պիկ էր բոլորիս մոտ։ Հեռվում՝ Մանկան խանութի մոտ, երևաց երկու պազիկ՝ մեջն էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ։

Մոտեցավ մի մեքենան, ու երեխեքը սկսեցին ցրվել, ոստիկաններից մեկը մոտեցավ Դավիթին ու Վահանին, Դավիթը պահանջում էր, որ նախորդ օրվա արածների համար բացատրություն տան, մենք հետևում 17-18 հոգով կանգնած էինք:

[Վահան Կոստանյան] Մի քանի րոպեից մի յոթ-ութ ոստիկան մոտեցան մեզ, մի կողմ քաշեցին ինձ ու Դավոյին ու ջուր էին ծեծում, մինչև հնչեց բռնեք էտ երկուսին հրամանը։

[Գոհարիկ Տիգրանյան] Չնկատեցինք օղակը ոնց սեղմվեց ու մեզ սկսեցին հերթով պազիկ քարշ տալ։

[Վահան Կոստանյան] Ես ու Դավոն գրկել էինք իրար, որ չկարողանան առանձնացնել մեզ, հետո մեզ գրկեցին ուրիշ ուսանողներ մոտ տասը-տասներկու հոգի, ահագին դիմադրելուց հետո բոլորիս նստացրին ավտոբուս ու պատրաստվում էին շարժվել։

[Գոհարիկ Տիգրանյան] Ես մի հստակ բան գիտեի, չէի փորձելու դիմադրություն ցույց տալ՝ նրանց համար ես մի փոքրիկ իր էի, որին կարող էին վերցնել ու դնել ավտոբուսի մեջ, բայց կարևորն իմ արժանապատվություն էր, ինձ հրող ոստիկանին, գոռալով ու արդեն առանց որևէ տոկոս հարգանք զգալու ասացի․ «Ձեռքս թող, գալիս եմ»։

[Վահան Կոստանյան] Էդ պահին գլխիս ոնց որ դույլով ջուր լցնեին․ պապաս հայտնվեց ու իրա ոտքով նստեց ավտոբուս։ Հունից դուրս էի եկել, կռվում էի հետը ասելով՝ հիմա ես ինձ ու մյուսներին փորձեմ օգնել թե քեզ։ Դավոն գոռգռում էր, Յուրը ցինիզմն էր միացրել, ավտոբուսն էլ շարժվում էր դեպի Մյասնիկյան պողոտա։

[Գոհարիկ Տիգրանյան] Աղջիկներին քաշքշեցին, տղաներին հայհոյախառը բառեր ասացին, մինչև Մասիվ մտնելը չգիտեինք՝ ուր էին տանում։ Ես սկսեցի երգել, Էլենն ու Գայանեն միացան (այդ պահին չէի մտածում, որ երաժշտական տաղանդով չեմ փայլում), երգում էինք․ «Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան։ Մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ, մենք նրանց խղճացինք, նրանք սխալ հասկացան․․․․»։

[Վահան Կոստանյան] Հասցրի գլխի ընկնել, որ մասիվի բաժին են տանում ու Դանիելին նամակ գրեցի, որպեսզի իրավաբաններ ուղարկեն։ Երեխեք կային, ովքեր առաջին անգամ էին բռնվում ու ահագին ընկճված էին, խուճապահար, սկսեցի գոռալով ինստրուկտաժ անել իրենց իրավունքների մասին ոստիկական բաժանմունքում, ոստիկանները որոշեցին, որ շատ եմ խոսում ու փորձեցին լռեցնել, փոխարենը գոռգռոցներիցս իրենց էլ բաժին հասավ, ինչը միևնույն ժամանակ ահագին գոտեպենդեց երեխեքին։

[Գոհարիկ Տիգրանյան] Պազիկի մեջ 17 հոգով էինք, երեխեքի մի մասը անփորձ էր։ Մորս ոչինչ չգրեցի, մտածում էի 3 ժամից բաց կթողնեն, չի էլ իմանա, բայց հետո պարզվեց մայրս առաջին շոկն արդեն ապրել էր (ուզում եմ, որ այս տողերը կարդալիս յուրաքանչյուր ակտիվիստ հիշի ու հասկանա, որ մեր ծնողների համար ակտիվիստի ու ակտիվ քաղաքացու ծնող լինելը հպարտանալիք, բայց նաև ուժեղ կամքի դրսևորում է եղել, նրանք մեզ աջակցել էին լուռ, բայց ամեն կրակոցի, ամեն հրմշտոցի ժամանակ, նրանք աչքերը փակում ու լուռ կրկնում էին՝ միայն թե որևէ մեկին բան չլինի, նրանք սովորել են կիսել զավակ ու այլոց իրենց զավակը համարել)։ Խոստովանում եմ՝ ես ու մայրս մինչև այսօր նրա ապրումներից չենք խոսել, մենք լուռ հասկացել ենք իրար։

[Արմեն Գալջյան] Առավոտյան քայլում էինք Մաշտոցի պողոտայով, մարդիկ քիչ-քիչ հավաքվում էին, երբ դարձանք 500 հոգի, գնացինք և բժշկականի դիմաց նստեցինք։ Փողոցի վրա կարմիր բերետավորների մի խումբ եկավ, բայց չէին կարողանում մեզ հեռացնել, որովհետև ձեռքերով շղթա էինք կազմել, հետո տեղից տեղ էինք վազում, ցրվում, խմբվում, ցրվում, խմբվում։

[Սոնա Մնացականյան] Քայլում ենք դեպի Ամերիկյան համալսարան, Սոսեի փողոցով թեքվում, մտնում նեղ արանքներ, կարծեմ Անտառայինն էր, սիրուն-սիրուն սեփական տների կողքով ենք անցնում, ինձ անծանոթ Երևան ա սա։ Հիշում եմ Աննայի մի քանի օր առաջվա պատմածը, որ ինքն ու Վիոլետն էլ էին Ամերիկյանի հետևով, Կասկադի չոլերով իջել ու զարմացել էդ թաքնված վիլլաների առատությունից։ Ինչ-որ պահի մեզ թվում ա փակուղու առաջ ենք, բայց մի կին ա հանդիպում, ցույց տալիս ճամփան ու ասում, որ գործից հետո միանալու ա մեզ։ Դուրս ենք գալիս Սարալանջ, հասնում Կասկադ։

Արարատը էնքան պարզ ա երևում շողուն ու սրսուռ օդի մեջ, քաղաքն էլ էնքան խաղաղ ա փռված, ես նկարում եմ էդ տեսարանը․ էն քիչ լուսանկարներից մեկը, որ անում եմ հեղափոխության ողջ ընթացքում։

[Վահան Կոստանյան] Հասանք բաժին, ոնց որ շատ հարազատ տեղ եկած լինեի, ազատ էի պահում ինձ, բոլորին տարբեր փոքր խմբերով սկսեցին տեղավորել սենյակներում, ինձ իզոլացրին առանձին սենյակում։

[Գոհարիկ Տիգրանյան] Ինչևէ, հասանք Մասիվի բաժին, լկտի վերաբերմունք ու արհամարհանք մեր նկատմամբ, ու դա սովորական բան էր՝ նրանք բոլորին էին այդպես վերաբերվում։ Գայանեն կին ոստիկաններից մեկին ասաց․ «Իսկ եթե ձեր երեխաներից մեկը լիներ մեր փոխարեն, ի՞նչ էիք անելու»։ Պատասխանը զզվելի էր․
- Իմ երեխան չէր լինի, իսկ քո մայրը չէր ուզի, որ իրա աղջիկը էս ժամին փողոցում թափառեր։
Հունից դուրս եկա, պտտվեցի ու ասացի․
- Մեր մայրերը հպարտ են, որ մեր նման զավակներ ունեն։
Հետո պիտի պարզ դառնար, որ այս կինն իմ հարևանն է ու ծանոթներին չճանաչելու մեծ վարպետ է։

[Վահան Կոստանյան] Սենյակում նստած էի, երբ լսեցի Գոհարիկի գոռոցը միջանցքից՝ Վահան, ստեղ հրաման տվեցին հեռախոսդ ձեռքիցդ վերցնել, պահի։

[Գոհարիկ Տիգրանյան] Քանի որ նախավերջինը մտա բաժին, լսեցի, որ ոստիկաններն իրար հրահանգում էին Վահանի ձեռքից վերցնել հեռախոսը։ Վահանն արդեն երկրորդ հարկում էր, գոռացի․ «Վահան, հեռախոսդ վերցնելու են, ում պիտի զանգես հիմա արա, Վահան, լսու՞մ ես»։

[Վահան Կոստանյան] Ոստիկանը, որ եկավ, շատ հանգիստ էր իրեն պահում, չփորձեց էլ վերցնել հեռախոսը։ Սկսեցինք զրուցել ու ծխել միասին։

[Սոնա Մնացականյան] Հասնում ենք Շահումյանի դպրոցի մոտ, մերոնք հավաքվել են։ Մտածում ենք, թե որ ճամփան փակենք։ Ու ինչ-որ մեկը հիշում ա Կոնդի մի նեղլիկ փողոցի մասին, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևն ա ու ելք ունի դեպի Դեմիրճյան փողոց։ Հիմա նայում եմ քարտեզը, մեր էդ օրվա նկարահանումը, ու գտնում փողոցի անունը ․ուրեմն՝ Ֆրիկի վրա Ֆրիկից ոչ պակաս բողոքավոր մի խումբ ջահելներ սպասում ենք իրենց վոժդին ընտրելու գնացող հայոց երեսփոխաններին։ Մեկ էլ Էլիզը տանից իր արիստոկրատ հանդարտությամբ քոմենթում ա մեր լայվը, թե պատգամավորներն արդեն ներսում են։

[Անի Վարդանյան] Առավոտյան դուրս գրվեցի հիվանդանոցից։ Քայլել չէր կարելի։ Երկար ոտքի վրա մնալ չէր կարելի։ Տանից դուրս գալ չէր կարելի։ Սկսվեցին սթրեսային օրերը։

[Գարեգին Միսկարյան] Առավոտյան իննի կողմերն էր Անտոնը զանգեց (Իվչենկո), թե Միսկարյան Օպելով հասի շուտ Հալաբյանից ձոր իջնող ճանապարհը ուզում ենք փակենք, քիչվոր ենք, որ մեքենա լինի՝ կփակենք։ Մինչև ես կհասնեի՝ Անտոնենց տարել էին քաղմաս։ Շատ մարդ կար, բայց հիմնականում հանդիսատեսի կարգավիճակում էին։ Ոստիկաններն էլ քիչ չէին ու մեծ դժվարությամբ, գրեթե մի ժամ պահանջվեց, մինչև կարողացան խցանում ստեղծել ու փակել փողոցը։ Ընդ որում, դա ստացվեց միայն Թումոյի ծրագրավորողների ու մեծ թվով դպրոցականների միջամտությունից հետո։

[Թագուհի Ղազարյան] Առավոտյան մի կերպ եմ արթնանում: Ժամը 10-ն է: Միանգամից անցնում եմ լրահոսին ու օրս սկսվում է Դավիթ Պետրոսյանի բերման ենթարկվելու տեսանյութով: Իրադարձություն, որ ամենօրյա ռեժիմով կրկնվելու է: Արագ, արագ փորձում եմ ճշտել, թե ովքեր կան բերման ենթարկվածների մեջ ու անունները հրապարակում ֆեյսբուքյան էջում: Հրապարակում եմ նաև իրավաբանական աջակցության հեռախոսահամարներն ու վազում ԹիԱյ՝ ավելի մոտիկից հետևելու իրադարձություններին:

[Գարեգին Միսկարյան] Արդեն փակել էինք, որ Սուրենը զանգեց, թե Օրբելի խաչմերուկը փակում ենք, բայց քիչվոր ենք, եթե կարաս, մարդ բեր՝ արի։ Մեքենաս արդեն տարել էին տուգանային։ Մի քանի հոգու փորձեցի համոզել, որ գան գնանք օրբելին փակենք՝ չեկան։ Միայնակ գնացի։

[Աշոտ Խաչատրյան] Հեռախոսս ձեռքիցս ուժով խլեցին, ինձ բաժնում ո՛չ գրանցեցին, ո՛չ էլ արձանագրություն կազմեցին։

[Սոնա Մնացականյան] Վահրամն ա անընդհատ գրում, հարցնում, թե ինչ ենք անում, ժամերն ա հաշվում, թե երբ պիտի հասնի Հայաստան, հեռվից ամեն ինչ ավելի անհասկանալի ու դրամատիկ ա երևում (շուտով ես էլ եմ հայտնվելու «ժամանակավոր սփյուռքահայի» ոչ նախանձելի կարգավիճակում)։ Իսկ ի՞նչ էինք անում․ հիշում եմ, որ մանթո էինք, ու որ էդ պահին Արսենի՝ սուրճ հյուրասիրելու առաջարկը իսկը տեղին էր։Զանգում խնդրում ա ինչ-որ մեկին, որ սուրճ սարքի բերի։

Նստոտում ենք մի կիսապատի վրա ու Սուրբ Հովհաննեսի զանգերի ներքո խմում սուրճը՝ հընթացս քննարկելով մեր հետագա անելիքը։ Արսենին շատ լավ չեմ ճանաչում, Գեմոյի ընկերն ա, ու էս զրույցի ընթացքում եմ իմանում, որ տարածք ա վերցրել Սարյանի փոստատանը, վարձը տվել, դուռը փակել, վրան գրել «ես գնում եմ ցույցի» ու միացել շարժմանը։ Ասում ա՝ սենց կիսատ հո՞ չենք թողնի, ձև չկա, պտի կրենք, թե չէ հարկայինը գալու ա վրես մի երկու միլիոն շտրաֆ գրի։ 

Իջնում ենք նորից Մաշտոցի պողոտա, որտեղ շարունակվում է նստարաններով ու աղբարկղերով շրջափակումը։ Հիմնականում պատանիներ են ու մի տեսակ ուրախանում են՝ մեզ տեսնելով, ասում են՝ մի քիչ ստեղ մնացեք մեր հետ։ Կարծես իրենց համախոհ, բայց նաև իրենց՝ երբեմն չափից դուրս բորբոքուն վարքը զսպող թիմակիցներ են փնտրում։ Ընթացքում մի քանի մեքենա փորձում են շրջափակումը ճեղքել, վեճեր են ծագում ու հարթվում։

[Դանիել Իոանիսյան] Երբ եկա, ոստիկանները սկսեցին իրենց համեմատաբար ավելի համեստ պահել (այդ օրերին մեր ներկայությունը դեռևս սանձում էր ոստիկաններին): Տեղում սկսեցի բղավել ցուցարարների նկատմամբ ուժ գործադրող ոստիկանների վրա՝ մատնացույց անելով օրենքի բազում խախտումները: Անտոնը այդ ժամանակ մոտեցավ և ասաց. «տենց էլ շարունակի, փողոց մի փակի, սենց ավելի էֆեկտիվ ես»:

[Միքայել Նահապետյան] Վիրավորների թիվը պաշտոնապես 46 է, իրականում ավելին են։ Հույս ունեմ, որ նախորդ օրվա փորձը բավարար կլինի մարմնի տարբեր հատվածների համար արկածներ չփնտրելու։

Ուրեմն խնդիրը հետևյալն է` երեկվա ցանկին է գումարվում է նաև պետական կառավարական շենքերի բլոկադան։ Ոստիկանությունը հիստերիկ նոպայի մեջ է։
Որոշում են կայացնում հանրահավաքները դադարեցնելու մասին։ Ոստիկանության հին ուրարտերենով կազմած արձանագրությունը նորմալ հայերենով նշանակում էր «Սպասեք Սերժը ընտրվի` արգամիչ ենք նկարելու»։

Նախորդ գիշեր Թոխմախի Մհերի գազալցակայանում կայացած մեծամասշտաբ «սխոդկի» նկարներն են մեզ հասնում։ Ճշտում եմ տեղեկությունը, համոզվում, որ իրոք բոլոր թաղերից կրիմինալ են մոբիլիզացրել։

[Գարեգին Միսկարյան] Հասա Օրբելի-Կիևյան խաչմերուկ՝ Սուրենենք չկան։ Դեպի Օրբելի մի ՃՈ մեքենա է կանգնած, Կիևյան փողոցի վրա էլ՝ ոստիկան։ Առանձնապես երթևեկություն չկա, մարդ չկա, Սուրենենք էլ չկան։ Նայում եմ աջ, ձախ, մեկ էլ էս ոստիկանը մոտեցավ, թե.
-Բարև Ձեզ։
-Բարև, - հանգիստ պատասխանեցի ես։
-Մարդ ե՞ք փնտրում։
-Այո,- հանկարծ ասացի ես,- մարդ եմ փնտորում։
Ոստիկանը «մտավ թևս», ու սկսեց կանչել.
-Պողոսյան, Պողոսյան, արի, մի հատ, էս մեր ընկերը մարդ ա փնտրում։
Ես առանց դիմադրելու, հանգիստ տոնով դիմեցի ոստիկանին․
-Հենց հիմա ձեռքս բաց եք թողնում ու խոսում եք հարգալից, առանց ավելորդ էմոցիաների։ Պա՞րզ է։
Մինչև Պողոսյանը կգար, սա ձեռքս մի տեսակ չուզենալով, բայց թողեց։
-Բարև Ձեզ,- քաղաքացիական հագուստով անձ էր, որ ըստ երևույթին ոստիկանության սպա էր։
-Բարև Ձեզ, -հանգիստ պատասխանեցի։
-Մա՞րդ եք փնտրում, ուրեմն։
-Ճիշտն ասած, այո, մարդ եմ փնտրում։ Մենք պայմանավորվել էինք, որ պետք ա տասնմեկին էստեղ հավաքվեինք, հիմա անց տաս ա, բայց եկել եմ, նայում եմ, ոչ մեկը չկա։ Կարող է դուք տեսել եք էստեղ երիտասարդների...
Սպասում էի, որ Պողոսյանը հիմա կմտնի թեևս, կմոտենա ՊՊԾ մեքենան, ու ինձ կտանեն Սուրենենց մոտ, եթե նրանց արդեն ձերբակալել են։
-Իսկ ինչու՞ էիք հավաքվելու, եթե գաղտնիք չի, - երկուսով կանգնեցին էնպես, որ հանկարծ չկարողանամ փախչել 
-Չէ, իհարկե գաղտնիք չի,-շարունակեցի հանգիստ, անվրդով խոսել,- թաղում պիտի գնանք։
-Ու՞ր,-Պողոսյանի մոտ մի տեսակ թյուրըմբռնում էր։
-Ինչի՞ էդպես զարմացաք, դուք կյանքում թաղում չեք գնացե՞լ։
-Ձե՞ռ եք առնում։
-Պարոն Պողոսյան, իհարկե՝ ոչ։ Սև հումորն իմ ամենաչսիրած հումորի տեսակն է։ Ոնց կարելի է մարդկանց տխրության, դժբախտության հետ կապված կատակներ անել։
-Իսկ ու՞մ թաղումն է,-քանի որ խիստ կասկածում է, որ իրեն խաբում եմ, փորձում է «բռնեցնել»։
-Չեք ճանաչի,- հանգիստ պատասխանում եմ ես, ու ժամանակ շահում լեգենդը հորինելու համար։
-Պարզ է, որ դժվար Ճանաչեմ, բայց ձեր ինչն է։
-Իզուր եք էդպես ծանր տանում, մեծ մարդ էր, 90-92 տարեկան, մեր ընկերներից Սամվելի պապն է։ Եթե չեք հավատում, կարող ենք միասին գնալ, հեռու չի, էստեղ Զեյթունում է։
-Չէ, շնորհակալ եմ։
-Դե ուրեմն ձեզ բարի ծառայություն։ Ես ոտ-ոտ բարձրանամ Բարեկամություն։
Ու ես շարժվեցի դեպի Բարեամություն։

[Վահան Կոստանյան] Էս օրը ահագին հանգստացա, էդքան քնած վերջին օրերի ընթացքում չկայի։ Ընթացքում մի քանի անգամ արթնացա։ Մի անգամ բերել էին մեզ բերման ենթարկած բերետներից մեկի վկայությունը, որ ծանոթանամ։ Չորս տող էր գրել, մի բառ չկար, որ տառասխալ արած չլիներ։ Հաջորդ անգամ կիսակուռաժիտ, կիսապպզած, կիսագողական կիսաոստիկան եկավ փռվեց դիմացիս աթոռին։ Պարզվեց մեր թաղայինն ա ու որոշել ա ինձ դաստիարակել ու քարոզ կարդալ, վախեցնել։ Բան չհաջողվեց։ Բայց ինքը վստահ էր, որ մեր էդ օրվա արածը դեռ քթներիցս գալու ա, հիմա հաճախ եմ հիշում իրեն, մտածում՝ ինչ վերաբերմունք ունի հեղափոխությանը։

[Գոհարիկ Տիգրանյան] Բոլորիս առանձնացրին, Վահանն ու Դավիթը 3-րդ հարկի ամենավերջում առանձին ու մենակ պահվում էին՝ դարի գլխավոր «չարիքներն» էին։ Մեզ տարան անչափահասների համար նախատեսված սենյակները։ Ոչինչ չասող դեմքով մի քննիչ ասաց․
- Դե ներկայացեք ու նստեք։
Աղջիկներին ասացի, որ չներկայանանք, քանի դեռ չգիտենք ինչի համար են մեզ այստեղ բերել, ինչ մեղադրանք կա, իրականում ժամանակ էինք խլում, մինչև պաշտպանները կհասնեին։ Նույն հարցը տրվեց մի քանի անգամ ու բոլորիս անունից ասացի․ «Չենք ներկայանում»։ Մյուսը եկավ ու իմանալով, որ չենք ներկայանում հրահանգեց․ «Պատի տակ կանգնացրու, մինչև չներկայանան, չեն նստելու»։ Ոստիկանը հաղթական դեմքով նայեց վրաս, թե բա կանգնեք։
Քիթս ցցած կանգնել էի, ես ու կողքիս աղջիկները քաշվելու ոչինչ չունեինք։ Ասեց․ 
- Տենամ ինչքան եք կանգնելու տենց, չհենվեք պատին, եղա՞վ։
Ի պատասխան ասացի․
- Մի կասկածեք, մենք կանգնելուց չենք նեղվում։

[Վահան Կոստանյան] Ասացին փաստաբանդ ա եկել, սենյակ մտավ հին ծանոթ-ընկերներիցս մեկը՝ Էդգարը։ Աչքիս առաջով անցան բոլոր էն տարիները, որ տեսել էի՝ ինչպես էր Էդգարը Եվրոպականի ուսանողից դառնում բարձրակարգ փաստաբան։ Ասացի, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է ու խնդրեցի ավելի շատ գնալ Գոհարիկին ու պապայիս ուշադրություն դարձնել։ Էլ չգիտեի, որ Գոհարիկը մարդու իրավունքների արագացված կուրսեր էր սկսել անել ոստիկանների համար կողքի սենյակներից մեկում։

[Գարեգին Միսկարյան] Մինչև Բարեկամություն կես ճանապարհն էլ չէի անցել, որ հանդիպեցի Սուրենենց։ Որոշեցինք, որ Օրբելին փակելը իմաստ չունի, որովհետև և ոստիկաններն են պատրաստ և մեքենաների շարժն է շատ քիչ։ Բոլորով բարձրացանք դեպի Բարեկամություն, ապա մտանք Քոչար ու... մի Բեռնատար է գալիս դեպի մետրո։
-Սուր, փակի, փակի դրա առաջը փակի,-գոռացի, քանի որ Սուրենը առաջ էր մեզանից։
Սուրենը նստեց բեռնատարի առջև, հետևից մի մեքենա դուրս եկավ հանդիպակաց գոտի, որ բեռնատարին շրջանցի, դրա դիմացից մի տաքսի՝ քիթ-քթի կանքնեցին։
Տաքսին որոշեց շրջադարձ կատարի... 
-Գնա, գնա, գնա..., -տաքսուն ուղղորդում էի ես,- մի քսան սանտիմետր էլ,- փողոցին ուղղահայաց լավ քիփացավ մայթի մոտ կանգնած մեքենային ու ես․
- Ուստա դեմը մարդ կա նստած, հանկարծ առաջ չգաս,- ու նստեցի տաքսու առաջ։
-Էս թաղում եք գնում հա՞...,- Պողոսյանն էր։ 
-Հա, Պողոսյան ջան, ոտքս ցավաց, ասի մի փոքր շունչ առնեմ...
-Հենց փողոցի մեջ տեղը չէ՞... Ես ձեզ թաղում ցույց կտամ... սպասի հեսա ավտոն գա, ես կգամ բաժին ընենց թաղում սարքեմ ձեր գլխին, դուք սպասեք...
Ոստիկանության մեքենան մոտեցավ, ոստիկաններից երկուսը մտան թևերս ու տարան դրեցին մեքենայի մեջ։ Քիչ հետո Առաքելյան Գոռին էլ բերեցին։ Երեք ոստիկանի ուղեկցութմաբ հասանք Արաբկիրի ոստիկանության բաժանմունք։

[Սոնա Մնացականյան] Հետո լուր հասավ, որ Բժշկականի մոտ ուսանողների վրա բռնություն են կիրառել։ Քայլում ենք դեպի Շրջանային, տեղում իմանում ենք, որ երեսուն հոգու բերման են ենթարկել։

Կորյուն -Չարենց –Աբովյան խաչմերուկում մոտ կես ժամ մնալուց հետո Աբովյանով երթը շարժվում ա ներքև։ Ամեն խաչմերուկից մարդիկ ավելանում են։ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում խնդրում են մի պահ կանգնել, որ լրագրողները նկարեն։ Էս ինձ խորհրդահայ ֆիլմերի մշտական դրվագներից մեկն ա հիշեցնում՝ լուսանկար, որտեղ բոլորը կարևորում են պահի լրջությունը ապագայի տեսանկյունից։

Բայց երբ հասնում ենք Հանրապետության հրապարակ, էնքան ենք շատանում, որ արդեն անհնար ա մեզ որևէ առիթով կանգնեցնելը։ Ինչ-որ պահի Քրիստն ասում ա՝ հլը շրջվի հետևդ նայի։ Նայում եմ, չեմ հավատում աչքերիս․ ոնց որ մի հսկա վիշապ օձ լինի մեր երթը, որի ոչ պոչն ա երևում, ոչ գլուխը։ Մարդիկ պատուհաններից, պատշգամբներից մեզ ողջունում են, մենք էլ միանալու հրավերներ ենք ուղարկում վերև։ 

[Անի Վարդանյան] Երբ արդեն Ապարանում էի, անընդհատ տարբեր մարդիկ էին գրում, ուզում էին իմանալ՝ ոնց եմ։ Իրականում սարսափելի էր վիճակս։ Ոտքիս ցավը մի կողմից, տանը փակված լինելը՝ մյուս։ Ահավոր էր։ Ոստիկանները սկսել էին ուսանողներին բերման ենթարկել։ Ինձ հետ կապ հաստատեց Աբրահամյան Գայանեն, միասին փորձեցինք բերման ենթարկվածների տվյալները հավաքել։ Ես իրեն տվյալներ էին ուղարկում։ Հիմնականում ամբողջ օրը դրանով էի զբաղված։ Ընկներներիս հետ էի կապ պահում՝ վստահ լինելու համար, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։

[Վահան Կոստանյան] Մի անգամ էլ քնից արթնացա, տարիքով մի ոստիկան մտավ՝ ինտերնետ ունե՞ս, կարանք նայենք ցույցերը, ձայնը մի քիչ իջացրու իրար հետ նայենք, իմով չեմ կարող։ Հասկացա, որ տարիներ շարունակ, երբ գոռում էինք ոստիկանը մերն է, էդքան էլ չէինք սխալվել։ Պատմեց համակարգում տիրող վիճակի մասին, որ մի ամիս առաջ ուզել էր դիմում գրել ու անցնել թոշակի՝ չդիմանալու պատճառով, պատմեց, որ վերջին երեք օրում տուն չէին գնացել ու ընդամենը երկու կտոր պիցցա էին կերել։

[Գոհարիկ Տիգրանյան] Դուռը բացվեց, ու երևի 9 ժամ 50 րոպե այնտեղ գտնվելուս ընթացքում միակ դրական կերպարին տեսա՝ կին ոստիկան էր, պաշտոնն էդպես էլ չիմացա, ցավոք, անունն էլ չեմ հիշում արդեն՝ Աստղիկ էր, թե Սաթեն, գուցե, այլ էր։ Նայեց մեզ ու Գյումրու բարբառով հարցրեց․
- Էս ինչ ա, ինչի՞ են կանգնած աղջիկները։
Քննիչը․ 
- Պետն ա ասել, որ կանգնեն, եթե չեն ուզում ներկայանան։

Իր անունը բարձր կրկնելով՝ ասաց․
- Ուրեմն ես էլ ասում եմ, որ աղջիկները նստելու են, էս ի՞նչ բան է։ Իրանց իրավունքն ա այ մարդ, կներկայանան, թե՝ չէ։

Հետո պտտվեց ու ասաց․
- Հանգիստ նստեք երեխեք ջան, հեսա կգամ։

Նստած տեղեկատվական թերթիկ էի կարդում, երբ քննիչը ուզեց, որ ինքն էլ կարդա։ Նայեցի վրան, մեկնեցի թերթը ու ասացի․
- Իհարկե, կարդացեք, գրողները շատ լավ գիտեն մեր ու ձեր իրավունքներն ու պարտականությունները։ Ես էլ գիտեմ և՛ ձեր պարտականությունները, և՛ իմ իրավունքները։

Աղջիկներով նայեցինք իրար, հանգստացնող հայացք նետեցի նրանց վրա, Գայանեն անընդհատ խոսում էր, ես ժպտում էի։

Պաշտպաններ եկան ՄԻՊ-ից, հետո՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումից»։ Երեք ժամն անցավ, Դավիթի գոռոցը լսեցինք, հետո պարզվեց, որ սխալ փաստաթղթեր էին տվել, որ ստորագրի։

Մեզ չէին թողնում, առիթը պարզ էր, մտածում էին առաջնորդներ կան ու դրանք՝ Դավիթն ու Վահանն են, և իրենց պահելով՝ ուսանողներին խուճապի կմատնեն։ Նրանք չգիտեին, որ յուրաքանչյուր ոք առաջնորդ էր՝ ինքն իր առաջնորդն ու անցել էր քաղաքական կամ քաղաքացիական առաջնորդ ունենալու ժամանակը։ Կարեկցող կին ոստիկանը մեր սենյակում էր, պետք է փակագիծ բացեմ, նա ասաց․ «Երեխեք ջան, թող էս անգամ ստացվի, մեղք եք, ջահելություն չեք տեսնում»։

Իմ տեսած ջահելությունն ու ուսանողական կյանքը լի էր պայքարով, մենք չէինք հանգստանում, Արփին ու ես ամեն օր իրար տեսնում ու ամեն օր հեղափոխությունից էին խոսում, հասկանու՞մ եք՝ դա սովորական էր, դա էր մեր ազատ ջահելության գինն ու արժեքը։

[Աշոտ Խաչատրյան] Մոտ 4 ժամ պահելուց հետո բաց թողեցին։ Մոտս բողոքելու ցանկություն չկար, իրավիճակը շատ հասկանալի էր, ոչ մի բողոք էլ չէր օգնելու։ Փոխարենն իրենց տրամադրությունները հասկացա․ իրենցից շատերն էլ էին Սերժից հոգնել։Երբ բաց թողեցին, վազեցի կենտրոն։

Կենտրոն հասնելուն պես տարբեր կետերում եղա, բարձրացա Երիտասարդական մետրո՝ ուսանողներին միանալու, ու ինձ մի քանի հոգու հետ նորից բռնեցին։ Էդ պահին բարձր ձայնով ծիծաղում էի, ոստիկանը մտածել էր գիժ եմ, բայց երբ բաժնում գրանցողներին պատմեցի, իրենք էլ լիաթոք ծիծաղեցին։

[Սոնա Մնացականյան] Ժամը 12-ն ա մոտենում, իսկ ես դասի եմ, ու մի քանի ուսանող էլ առանձին հանդիպում են խնդրել։ Հասնում ենք Օպերայի մոտ, ես պոկվում եմ երթից, արդեն գիտեմ համալսարան տանող զարտուղին։ Կասկադից Զարոբյանի մուտքը հսկում են երկու ոստիկան, հարցնում են՝ ուր եմ գնում, ասում եմ, որ Ամերիկյանում դասի եմ, համապատասխան փաստաթուղթ են պահանջում։ Մինչև կհասնեի համալսարան, երևի մի 4 անգամ ցույց եմ տվել համալսարանի անցաթուղթը տարբեր զինված տղամարդկանց։ Լսարանում ընդամենը երկու հոգի են, դաս չենք անում, իրենց ավարտականի հետ կապված որոշ հարցեր ենք քննարկում, ու ես նորից վերադառնում եմ ընկերներիս մոտ։

[Գոհարիկ Տիգրանյան] Չորս ժամ, հինգ ու սով, սկսեցի սովածանալ ու ասացի, որ քաղց եմ զգում, քննիչը նայեց վրաս․ «Մենք էլ ենք սոված, ձեր պատճառով հաց չենք կերել»։ Հեռախոսս վերցրի, ուզում էի զանգել մորս, վախեցա, չգիտեի ինչ սպասել, բայց գրեցի, որ ամեն ինչ լավ է, շուտով բաց կթողնեն։

Ֆեյսբուքն ակտիվ էր՝ անթիվ նամակներ էի ստանում, անգամ տարբեր երկրներից ընկերներս էին գրում։ Ուղիղ եթեր էի նայում պարբերաբար, հետո մի ուրիշ ոստիկան եկավ, վերցրեց հեռախոսը ասաց․ «Եկեք միասին նայենք, իմ ընկերներն առաջին շարքերում են»։ Նորություն չէր, էլ չէին զարմացնի։

4-ի կողմերն էր, անգործությունը սպանում էր, քաղաքը պայքար էր շնչում։ Ալիք մեդիայի ներկայացուցիչները դրսում բարձրախոսով հորդորում էին մեզ բաց թողնել։ Ոստիկաններից մեկը, ցույց տալով դրսին, ասաց․ «հահ, ձերոնք են», ես էլ ժպտացի։ Հարևանս անուն, ազգանունս ու հասցես իմանալուց հետո դեմքիս նայեց, իբր զարմացած, որ իրենց շենքից եմ։ Ծիծաղելի էր․․․․

[Աշոտ Խաչատրյան] ԱԺ ամենախայտառակ նիստերից էր, հերիք էր մի քանի կադր դիտել ԱԺ ուղիղ եթերից ու պարզ էր, որ էս մարդը այլևս չի կարողանալու ղեկավարել երկիրը։

[Թագուհի Ղազարյան] ԹիԱյը վերածվել է հեղափոխական շտաբի: Իրավաբանները նստած են մեծ սենյակում և գրեթե ամեն րոպե զանգեր են ընդունում, վազում ոստիկանական բաժանմունքներ, հետ գալիս, նորից վազում: Բոլորը ինչ-որ տեղ են գնում-գալիս: Միայն ես եմ անվերջ նստած համակարգչի դիմաց լրահոս ապահովվում, պատասխանում քաղաքացիների նամակներին, արձանագրում փակ ու բաց փողոցների մասին տվյալները և, իհարկե, սառնասրտորեն հետևում ԱԺ նիստին, որտեղ պետք է ընտրվի ՀՀ վարչապետը: Իսկ ի՞նչ է լինելու հետո, հարցնում եմ ինքս ինձ ու պատասխանը չեմ գտնում:

Մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը տեխնիկական պատճառներով չի աշխատելու:
Գրանցվել է 91 պատգամավոր, քվորում կա:

Շարժման մասնակիցները շրջափակում են կառավարական շենքերը:

ՀՀ վարչապետ է ընտրվում Սերժ Սարգսյանը 77 կողմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Է հետո՞:

«Է հետո՞»,-հարցնում եմ շուրջս գտնվող մարդկանց: Ոչինչ:

«Է հետո՞»,-գրում եմ Արմենին:

«Սպասիր»: «Է հետո՞»: 

Ոստիկանները Վանաձորում բռնի ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Ստեփանակերտում էլ են #մերժումսերժին:

Բերման ենթարկված քաղաքացիները պատմում են, որ բաժիններում Ազատության լայվով ոգևորված ցույցին էին հետևում:

«Է հետո՞»:

[Միքայել Նահապետյան] Սերժը ընտրվում է, իսկ ես թքած ունեմ, որովհետև խոշոր հաշվով Հայաստանը փախցրել ենք իր ոտքի տակից։ Ի՞նչ է կառավարելու. Կառավարական դաչա՞ն, Սիրահարների այգի՞ն... լավ թեկուզ մի քիչ էլ զորքը առաջ տան ու Լուսավոր Հայաստանի գրասենյակն էլ հայտնվի ապահով Հայաստանում։ Բա մնացածը՞ գրողը տանի)))

[Արմեն Գալջյան] Այս գործողությանը ոստիկանները սովոր չէին: Երբ արդեն ամբողջությամբ փակ էր փողոցը, երթով իջանք դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ մոտ 1000 հոգի հավաքվել էին։ Նրանք էլ միացան մեզ և որոշեցինք շրջափակել պետական կառույցները։ Քաղաքացիներին նշանակում էինք պատասխանատուներ։ Սկզբից մի փոքր վախենում էին, բայց Նիկոլն իր սեփական օրինակն էր ցույց տալիս և դա երիտասարդներին դուխ տվեց․ արդեն սկսեցին ինքնակամ շրջափակել շենքերը:

Ցուցարարների թիվը հասավ մոտ 20000-ի։ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ էինք, երբ որոշվեց այսօրվա հանրահավաքը հրավիրել Հանրապետության հրապարակում, քանի որ լուրեր էինք ստանում, որ Շենգավիթից ևս մի 5000-անոց երթ է գալիս, հասկացանք, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն անհարմար կլինի:

[Թագուհի Ղազարյան] «Թավշյա հեղափոխություն»,-գրում է Արմենը ֆեյսբուքով: «Էդ ո՞նց»: «Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, գիշերը գնում ենք տուն, առավոտը էլի շարունակում ենք»: «Ո՞նց ենք գիշերը գնում տուն, վաղը ո՞վ կգա, եթե գիշերը գնանք»: Հա, իրենք՝ որպես փողոցից իրադարձություններին հետևողներ, շատ ժամանակ կորցնում են մասշտաբների կամ իրադարձությունների ընդհանուր զգացողությունը, իսկ ես՝ որպես օնլայն հետևող, շատ ժամանակ կորցնում եմ փողոցի զգացողությունը:

[Անի Վարդանյան] Բոլոր ալիքներով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էին ցույց տալիս։ Դա ահավոր կատաղեցնում էր։ Ցինիզմին չափ ու սահման չկար։

[Միքայել Նահապետյան] Անկախ Հայաստանում երևի առաջին անգամ Հանրապետության Հրապարակում հավաքվելու չափ մարդ կա։ Հայտարարվում է թավշյա հեղափոխության սկիզբը:

[Թագուհի Ղազարյան] Սրտի կսկիծով 18:30-ի համար ֆեյսբուքյան իվենթ եմ բացում, նշում, որ ՀՀ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքն է լինելու: Բայց մի տեսակ անզգայացած վիճակ է մոտս:

«Թաֆշիա չէ, Թավշյա»,-գրում է Սոնան ֆեյսբուքով: «Ուղեղս չի աշխատում»,-արդարանում եմ, իսկ իրականում, ուղղագրական սխալը մի կողմ, իհարկե, հավեսս է փախել, էնտուզիազմս: Սերժը քիչ առաջ է ընտրվել, է հետո՞:

[Դանիել Իոանիսյան] Բերման ենթարկվողների թիվն ավելանում էր: Երեկոյան ոստիկանության բաժիններում էր արդեն 79 հոգի։ Մի քանի ՀԿ-ների համատեղ ուժերով ստեղծված Իրավապաշտպան թեժ գիծը սկսեց եռալ: Փաստաբանները չէին հերիքում: Աշխատանքի արտակարգ ռեժիմ էր: Ամեն րոպե պետք էր երկընտրանք կատարել, թե քո օգնության կարիքը ունեցողներից ում ես օգնելու: Դեռ նոր պիտի ընտելանայինք այդ վիճակին:

[Գոհարիկ Տիգրանյան] 17․50 էր, անտանելի սոված էի ու աչքս կպել էր, մեկ էլ բաժնի պետը մտավ ներս, բոլորը կանգնեցին ոտքի, նստած էի ու զարմացած, չէի հասկանում՝ ինչու պիտի կանգնեի։ Րոպե առաջ այդ սենյակից դուրս գալու համար ոտքի կանգնեցի, բայց հետո պիտի զղջայի։ Կլոր ու կատաղի աչքերով նայեց մեր վրա․
- Աղջիկ եք, էս ինչ եք անում, չեք ամաչում։

Նայեցի վրան ու ասեցի․
- Ոչ, չեմ ամաչում։

Զարմացած նայեց դեմքիս, ով էր համարձակվում իրեն պատասխանել․
- Գոնե սովորում ես, որ սենց խոսում ես։

Ժպտացի, պատուհանի կողմ նայեցի․
- Այո, մագիստրատուրայի ուսանող եմ։

Թեման փակված էր, նրանց կարծիքն էլ տգետ քաղաքացու մասին՝ փշրված էր։


[Վահան Կոստանյան] Ոստիկանական բաժնում սիգարետի սղություն էր։ Բոլորն, ով սենյակ էր մտնում, սիգարետ էի առաջարկում։ Օրենքով նախատեսված երեք ժամի փոխարեն պահեցին ինը-տասը ժամ։ Դուրս եկանք։ Մտել էի ոստիկանության բաժին որպես թշնամի, դուրս գալուց գիտեի, որ էս կառույցքում համախոհներ կան, որոնք Հայաստանի ապագան նույն կերպ էին պատկերացնում, ինչ ես ու ընկերներս։ Դրսում տատիկենքս էին, Գոհարիկի հորեղբայրը, Խառատը, Գայանեն։

Աշակերտների մի խումբ կար, որ մոտեցան ու պատմեցին, թե ինչպես են իրենց արգելել դուրս գալ դպրոցից։ Երբ իմացա, որ Հերացու դպրոցն էր, ահագին նեղվեցի, քանի որ շատերին գիտեի դպրոցի ղեկավարությոնից, ովքեր ժամանակին մեծ դեր էին ունեցել իմ, Դավիթի ու այլ ընկերների քաղաքացիական հայացքների կայացման գործում, երբ ինքներս էինք դեռ դպրոցական։

Տուն գնալ չկար, մեզ միանգամից իջեցրին Կենտրոն, որտեղ ուսանողները ֆուռոռ էին անում։ Քաղաքում նյարդ կար, շատերի մոտ անորոշ վիճակ էր, թե ինչ պիտի տեղի ունենա, որովհետև ՍՍ-ն արդեն ընտրվել էր։ Հանրահավաքը նշանակվել էր հրապարակում։ Չորս հինգ փոքր փայտի պադոնները բեմն էին, օգտագործում էինք նույն դինամիկները, որոնք հազիվ լսելի էին անգամ Ֆրանսիայի հրապարակում, եթե մի քիչ հեռու էիր կանգնած լինում։

[Սոնա Մնացականյան] Երեկոյան հանրահավաքի տեղը փոխված ա․ Հանրապետության հրապարակում ենք։ Բազմությունը աճում ա, գալիս են նաև մարդիկ, որ մինչ այդ կամ անտարբեր էին, կամ պասիվ համակիր։ Առաջին անգամ քույրս ա գալիս՝ աշխատակից ընկերուհու հետ։ Իհարկե, հեռավոր Բանգլադեշի Վեգայում նրանց սկզբում ձեռ էին առնում իրենց հանգստյան սակավաթիվ ժամերը ցույցերի վրա ծախսելու համար, բայց հետո մյուսներն էլ կմիանան։

[Արմեն Գալջյան] Երբ ժամը 18:30-ին եկանք հրապարակ, տեսանք, որ լեփ-լեցուն է, հավաքվեցինք մի անկյունում, որ հասկանանք՝ ինչ ենք անում: Հիմնական մտահոգությունը գիշերվա մնալ-չմնալու մասին էր: Կայացվեց ըստ իս ամենակարևոր որոշումներից մեկը․ որոշվեց գիշերը չմնալ փողոցներում և գնալ տուն, քանի որ շարժումը թափ էր հավաքել և իշխանությունը կարող է արդեն չհամբերել և բերման ենթարկել գիշերը փողոցում մնացած ցուցարարներին և հատկապես կազմակերպիչներին:

[Գոհարիկ Տիգրանյան] Վերջին քաղաքացին, որ լքեց բաժինը, ես էի։ Հորեղբայրս կնոջ հետ դրսում էր, ուտելիք էին բերել ու երկար կանգնած էին եղել։ Գրկեցի, ճակատս համբուրեց, ժպտում էի, զանգեցինք մորս, հանգիստ թվացող ձայնով հարցրեց եղելությանս մասին, զանգի վերջը։ Մարդկային կերպարանափոխությունների, հրահանգ կատարողների, կարեկցող ու բարեկիրթ ոստիկանի, ինքդ քեզ ու արժանապատվությունդ պաշտպանելու և քաղաքացու մասին կարծրատիպերի կոտրման բեմադրությունն ավարտված էր։

Հովհաննեսի հետ իջանք քաղաք, 19․00-ի հավաքը տեղափոխվել էր Հանրապետության հրապարակ։ Հրապարակում տեսա ընկերներիս՝ Սոնային հրաժեշտ տվեցի, Արփին գրկեց ու գոռաց․ «Առանց ինձ էլ ոչ մի բաժին, լսում ես», Մարիամիկս գրկեց, Նարեկը, Էլենը, Անին, բոլորը հրապարկում էին, չեմ հիշում ով էր՝ ասաց․ «Գործը կիսատ չենք թողել»։ Երեկոյան քեռուս աղջիկը՝ Անուշիկը, ևս միացավ։ Ընտանիքիս անդամներից ևս մեկի «ճիշտ ժամանակը» եկել էր։

Գալիս էր ամսի 19-ը, մեկնելուս օրը մոտենում էր ու մտահոգվելու առիթ կար՝ պայքարը նոր էր թափ հավաքում։

[Սոնա Մնացականյան] Նիկոլը հայտարարում ա, որ շարունակելու ենք նույն գործողությունները ավելի մեծ թափով, ավելի մեծ ուժով։ Հետո սկսում ա կոչ անել սփյուռքի նշանավոր հայերին՝ միանալու մեր պայքարին։ Ես նեղվում եմ էս կոչից, նեղվում եմ մեր ոչ բավականաչափ զորությունից, որ ստիպված ենք օգնության կանչելու երևելիներին, ստիպված ենք իրենց անունը վահան սարքելու։ Մեկ էլ Վիոլետը հոգոց ա հանում՝ «Վու՜յ, ջանի՜կ․․․», կարծես ինքն էլ ա նույն բանը զգում․ էս կոչի մեջ խորը թաքնված հուսահատություն կա, բայց հենց էդ հուսահատ փխրունությունն ա ինձ համար շատ կարևոր դարձել՝ հետագայում հակադարձելու նրանց, ովքեր ի սկզբանե ծրագրված մութ գործարքներ են փնտրում էս շարժման հետևում։

[Վահան Կոստանյան] Բոլոր կասկածները ցրվեցին, թավշյա ոչ բռնի հեղափոխությունը շարունակվում էր, մեզ կանգնեցնել այլևս հնարավոր չէր, ոնց որ Սուրենն ասաց Սահակյան մի առիթով՝ եթե տիեզերական մասշտաբների էշություններ չանենք, հաստատ կրած ենք։

Սկսելու էինք նորից հաջորդ առավոտյան, իսկ այս գիշեր բոլորը տուն պիտի գնային, որովհետև տեղեկություններ ունեինք, որ քաղաքում անկարգություններ են պատրաստվում, որոնք փորձելու են մեր վզին փաթաթել։

[Արմեն Գալջյան] Այդ որոշումը սկզից ոչ միանշանակ ընդունվեց ժողովրդի կողմից, բայց Նիկոլը այնքան լավ հարթակից բացատրեց դրա նպատակը, որ ամեն ինչ տեղն ընկավ: Ընդհանրապես կարծում եմ, որ այս շարժումը նախորդներից տարբերվում է նրանով, որ ժողովուրդը հավատում էր առաջնորդի խոսքերին՝ ոչ նրա համար, որ նա լավ է ելույթ ունենում, այլ նրա համար, որ առաջնորդն ինքը իր սեփական օրինակով ամեն քայլը ցույց էր տալիս և մինչ այս ամեն ինչ հաջողվել էր:

Սերժն արդեն ընտրվել էր վարչապետ, բայց մենք մի տեսակ թքած ունեինք դրա վրա, քանի որ երկիրը արդեն կառավարվում էր հարթակից, փողոցից: Երբ հարթակից տեսա, թե ինչքան մարդ կա հրապարակում, տարօրինակ զգացողություն ունեցա։ Երբեք այդքան մարդ չէի տեսել։ Արդեն հեղափոխության շունչը քթիս տակը էր:

[Միքայել Նահապետյան] Որոշում Է կայացվում, որ գիշերը բոլորը տուն գնան։ Սա բեկումնային որոշում էր։ Որովհետև երկու ժամից Պրոսպեկտում Ավարայրի ճակատամարտն էր բեմադրվելու` մինչև հոգու խորքը հարբած փղերով։

[Թագուհի Ղազարյան] Երեկոյան քննարկումը ՔՊ-ի գրասենյակում է: Քիթս հեռախոսից չեմ հանում: Ժողովո՜ւրդ, էս ի՞նչ ա պրոսպեկտում, ասում եմ: Ի՞նչ ա: Դուռը թակում են՝ տեսել ե՞ք ինչ ա Պրոսպեկտում, լայվ միացրեք: Իսկ Պրոսպեկտում մի իսկական կինո է, որը լիովին և վերջնականապես արդարացրեց մեր՝ տներում գիշերելու որոշումը: Երևի կինոյի սցենարը գրված էր այն դեպքի համար, եթե մենք գիշերելու լինեինք փողոցում: Երևի նույնիսկ հայտարարությունից հետո, թե գնում ենք տուն, դժվար էր նախապես գլխի ընկնել, որ ուղիղ Factor TV-ի քթի տակ են սադրանքը կազմակերպել ու կհայտնվեն տեսախցիկների աչքի առաջ:

Զանգում ենք ոստիկանություն, խնդրում մարդ ուղարկել Պրոսպեկտ: Ոստիկանները տեղում են, բայց սադրանքը չի դադարում: Նիկոլը լայվ է մտնում ու պատմում տեղի ունեցածի մասին:

[Սոնա Մնացականյան] Հանրահավաքից հետո մետրոյով ենք վերադառնում տուն։ Լիդը հիշում ա Մոսկվայի մետրոն։ Իրոք, ես էլ եմ առաջին անգամ Երևանի մետրոյում սպասում հաջորդ գնացքի մոտենալուն, քանի որ նախորդը գնաց լեփ-լեցուն։ Չնայած սպասելուն, չնայած անհարմարությանը՝ մարդիկ ուրախ են ու ժպտում են միմյանց։

[Թագուհի Ղազարյան] Բաղրամյան պողոտան ինչքան ուժ ունի, փակ է: Ես ընկերներիցս մեկի տանն եմ հանգրվանել՝ Պռոշյան-Այգեձոր խաչմերուկում: Գիշերվա ժամը 1-ի, 2-ի կողմերն է: Իլիկից պիտի գնանք իր տուն: Հնար չկա ո՛չ տաքսիով, ո՛չ ոտքով: Էդ կողմի բնակիչներին անձնագրերով են տուն թողնում, իսկ մենք՝ վարձով ենք: Գլխարկս քաշում եմ գլխիս, որ գունավոր մազերս չերևան, մոտենում ենք փշալարին: Ես լռում եմ, ընկերս ֆրանսահայ է, ինքն է խոսում: <br /


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել