ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը |armtimes.com|
15:11 - 25 հունիսի, 2020

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 70 կողմ եւ 11 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։

Այս նախագծով միավորվում է հողի եւ բարելավումների (շենք-շինություն) հարկման բազան։ Մյուս փոփոխությունը սանդղակման վերանայումն է։ Առաջարկվում է նաեւ վերացնել չհարկվող շեմը։ Ի պատասխան ընդդիմության այն պնդումների, թե պետք չէ ճգնաժամային այս պայմաններում ավելացնել հարկային բեռը՝ մի շարք պատգամավորներ մեջբերեցին, որ համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար առաջարկվում է ներդնել այն 2021 թվականի հունվարի 1-ից սկած՝ 4 հաջորդական տարիների ընթացքում։

Այսօր նույնպես օրենքի այս նախագիծը երկար քննարկման արժանացավ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը օրինակ բերեց մի առանձնատուն, որը գտնվում է Էրեբունի համայնքում եւ որը այժմ չի վճարում հարկ։ Ըստ հաշվարկների՝ այս տունը միայն 6 տարի հետո է վճարելու հարկ եւ միայն 3000 դրամ։ Նա նաեւ հայտնեց, որ Ազատության պողոտայի վրա նույնպես կա մի առանձնատուն մի քանի միլիոն դոլար արժեքով, որի համար վճարում է մեկ միլիոն դրամ հարկ։ Վերահաշվարկի արդյունքում նշված գույքի սեփականատերը վճարելու է 7 միլիոն դրամ հարկ։

Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ հայտնեց, որ ներկայումս կա մինչեւ 3 միլիոն գույքի շրջանակներում չհարկվող շեմ։ Այնուհետեւ նա ասաց, որ այս ռեֆորմների արդյունքում ձեւավորվելու են ուժեղ համայնքներ, սակայն միաժամանակ շեշտեց, որ հարկման առավելագույն ավելացման չափը կազմում է 1500 դրամ տարվա ընթացքում։ Օրական կտրվածքով սա կազմում է 4 դրամ, այսինքն՝ վճարելով 4 դրամ տեղական մարմիններին որպես համայնքային բյուջե՝ քաղաքացին հնարավորություն է ունենում այդ ծառայությունների նկատմամբ զգալ սեփականության իրավունք եւ պահանջել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել