Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|
15:46 - 03 հունիսի, 2021

Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միջամտի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սա կրկին կդառնա ուկրաինացի գործընկերների հետ քննարկման առարկա: Այս մասին Զալկալիանին հայտարարել է` պատասխանելով լրագրողների տրված հարցին, գրում է Грузия Онлайн կայքը:

Ինչպես նշել է նախարարը, դեսպանը, որը հետ էր կանչվել Ուկրաինայից Սաակաշվիլիի պատճառով, արդեն վերադարձել է աշխատանքային գործընթաց և այսօր ներկա է գտնվել Ուկրաինայի վարչապետի պատվիրակության հետ հանդիպումներին: Ըստ Զալկալիանիի, կարևոր է, որ Ուկրաինան, որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, հարգի Վրաստանի օրենսդրությունը:

«Դեսպանը վերադարձել է Կիև և սկսել է իրականացնել իր լիազորությունները:  Նա պատվիրակության հետ մասնակցում էր հանդիպումներին: Մեր ուկրաինացի գործընկերները քաջատեղյակ են այս թեմայի շուրջ մեր դիրքորոշմանը: Մեզ համար, այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր է հարգել միմյանց պետականությունն ու օրենսդրությունը:

Երբ որևէ միջամտություն է տեղի ունենում այլ երկրի գործունեությանը, այդ թվում`ընտրական օրենսդրության խախտում, դա, իհարկե, անընդունելի է: Մենք դա ասել ենք մեր ռազմավարական գործընկերոջը և ընկերոջը: Սա դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է: Դեսպանին հետ կանչելուց հետո մենք ոչ մի օր չենք ընդհատել հարաբերություններն ու կապը: Ես անընդհատ կապի մեջ էի ուկրաինացի գործընկերոջս հետ, մենք ունեցել ենք հեռախոսազրույցներ, նամակագրություն, հանդիպել ենք տարբեր ձևաչափերով և քննարկել` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Դեսպանը վերադարձել է, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան աճող դինամիկայով:

Ուկրաինայի վարչապետը նույնպես հայտարարություն է տարածել ԶԼՄ-ների համար այն մասին, որ իրենց դիրքորոշումը այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի ազդում Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի քաղաքականության ձևավորման վրա, նա չունի գործադիր իշխանության մեջ այն դիրքը, որը փորձում էին ներկայացնել, նա միայն ունի խորհրդատուի գործառույթ: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր օրենսդրության խախտում չլինի: Եթե նա խառնվի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մենք դա կքննարկենք մեր ուկրաինացի գործընկերների հետ: Ես բոլորին կոչ եմ անում հարգել Վրաստանի օրենսդրությունը և մեր պետականությունը»,-ասել է Զալկալիանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել