Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|
12:34 - 01 հուլիսի, 2021

Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին: «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը շեշտեց, որ այս նախագծով ցանկանում են ավելի բարձրացնել մարզպետների հաշվետվողականության մակարդակը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ներդնել: Այսպիսով մարզպետները հաշվետու են լինելու նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը: Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չէին եղել, ըստ այդմ՝ նախագծում փոփոխություն չէր արվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել