ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին
21:07 - 03 օգոստոսի, 2021

ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:   

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում: «Ես խոսում եմ տարածաշրջանի  իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ:

Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ: «Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ, ցավոք, դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը: «Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն:  Հետևաբար` ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:

Նշվում է, որ, իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ: «Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա: 

ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդում է, որ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք  ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի  ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»:

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել