Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը
10:16 - 16 հոկտեմբերի, 2021

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։ 

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։ 

Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և չեխական կողմի համանախագահները և երկու երկրների դեսպանները։

Վարոս Սիմոնյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։ Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․ «Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության», - ասել է Վարոս Սիմոնյանը։ Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։ 

Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան, էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։  

Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։ 

Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ 

Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել