pastinfo.am: Այսօր Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։
Վարչական դատարանը` Հրաչ Այվազյանի նախագահությամբ, հենց այսօր, երբ նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որոշել է մասնակի բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պատասխանողներին արգելելով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողություն կատարելուց մինչև գործով Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։
Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։
Այստեղ ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ընտրողների 38.70%, ՔՊ-ն այստեղ երկրորդ տեղում է՝ 25,05%-ով, ՀԱՍԿ-ը՝ 14,53%-ով երրորդն է, «Հայրենիքը»՝ 4,48%-ով՝ չորրորդ տեղում, իսկ «Ապրելու երկիրը» եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։ Վերահաշվարկի արդյունքներով որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ ՔՊ-ի ձայները մեկով նվազել է, իսկ առաջատարինը՝ Մամիկոն Ասլանյանինը՝ 4-ով ավելացել։ 1-ական ավելացել են նաեւ ՀԱՍԿ-ի ու Հայրենիքի ձայները։
Հավելենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։
comment.count (0)