Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը. Մամիկոն Ասլանյան
 |news.am|

Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը. Մամիկոն Ասլանյան |news.am|

news.am: Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր հետո, երբ որ մենք ընդհանուր հայտարարել չենք եկել, այսինքն, այսպես ասած, ես լեզու չեմ գտել իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի նախկին քաղաքապետը։ Մամիկոն Ասլանյանը, որին քիչ առաջ դատարանը դատապարտեց 4 տարի 4 ամիս ազատազրկման, 2 տարի 7 ամիսն արդեն անցկացրել է անազատության մեջ: «Ինձ ասում էին՝ դե լեզու գտնեիր: Լեզու գտնելու խնդիրը չկա այստեղ, այստեղ ուղղակի օրենքի ուժը օգտագործվում է չար նպատակով: Ուղղակի ես խղճում եմ այն մարդկանց, որոնք այդքան անսահմանափակ ուժ, հնարավորություններ ունեն և դա օգտագործում են չար նպատակներով: Հաճախ դատարկագլուխներ կան, որոնք իրենք չհասկանալով մարդկանց իրենց նկատմամբ ուղղակի չարացնում են, հետո դրա անունը, թե ինչ են դնում, դա արդեն իրենց գործն է: Իմ մեջ այդ չարությունը իրենք չեն կարող սերմանել, ես իմ ողջ գիտակցական կյանքը ապրել եմ ուղիղ հայացքով, ուղիղ քայլվածքով: Որևէ մեկից հայացքս փախցրած չկամ՝ ոչ ժողովրդից, ոչ բարձր ու ցածր չինովնիկից: Հետևաբար ես նույն ձևի եմ ապրելու, որտեղ էլ որ ապրեմ, ես նույն գաղափարներն ու սկզբունքներն եմ կրելու, ես իմ քաղաքի համար եմ առաջադրվել, ոչ թե նստելու կամ բանտում հայտնվելու համար: Ինքնանպատակ չի եղել ոչ իմ առաջադրումը, ոչ իմ հաղթանակը: Ես միշտ մնալու եմ հաղթած, այսպես թե այնպես, ինչ էլ անեն, իմ այդ գաղափարաբանությունը երբեք չի փոխվելու: Ես բանտ էլ եմ տեսել, զրկանք էլ, անապահովություն էլ, հետևաբար ինձ որևէ մեկը չի կարող որևէ լավ կամ վատ բանով զարմացնել, ու հետևաբար ես ապրում եմ այնպես, ինչպես հարմար եմ գտնում, ինչպես իմ ապրելը, իմ գործունեությունը չի խաթարում այլ մարդկանց իրավունքները»,-ասաց Ասլանյանը: Անդրադառնալով նրան, որ իրեն դատարանը նաեւ 3 տարի զրկեց պաշտոն զբաղեցնելու իրավունքից, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Այս մարդկանց հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների ապականումն ու պղծումն է, երբ իմ քաղաքի բնակիչը տեսնում է, որ իր կողմից ինձ հատկացված քվեն նպատակին չի ծառայում։ Հիմնական նպատակն է, որ կարողանան ինչ-որ պարարտ հող ստեղծեն հետագա այլ պրոցեսների համար, բայց ես չլինեմ ուրիշն է լինելու, ինձանից  հետո այլ մարդ է լինելու: Ճիշտը նույնիսկ հողի մեջ ես թաղում, ինքը միշտ այդ ծիլերը տալու է, ես էլ ինչքանով որ ուժ ունեմ, ուժ չունեմ, իմ պայքարը ոչ, ոչ մի անգամ պաշտոնի համար չի եղել: Ես որ ուզեի, այսպես ասած, կարող էի այդ հարմարվողականության մթնոլորտում էլ լինել»: Վանաձորի նախկին քաղաքապետը նկատեց, որ իրեն հիմա թույլ չեն տալիս զբաղեցնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, թեեւ ինքը հաղթել է ընտրություններում. «Պետական ողջ մեքենան, ուժային կառույցները լծված են այդ գործին՝ ճնշման գործիքներ կիրառելով, որպեսզի ես չստանձնեմ: Բայց ինձ համար ցավ է այն, որ այդքան այս մեծ մարտահրավերների ու խնդիրների մեջ այս մարդկանց թիրախները իմ նման այս երկրին ազնվորեն ու առանց տրտնջալու ծառայած մարդիկ են: Հայաստանում չկա մի մարդ, ումից ես իմ արարքի համար ամաչեմ, վատ զգամ, կամ ինչ-որ օրենքի առաջ այնպիսի գործողություններ արած լինեմ, որ մտածեմ, որ ինձ կարելի էր դատապարտել:Եթե այս մարդկանց մտածելակերպը դա է, ուշ թե շուտ այդ էֆեկտը դառնալու է դեֆեկտ: Ինձանով չի սկսվում այդ աշխարհը, ինձանով չի ավարտվել, իմ քաղաքացիներն ինձ տվել են դրոշը, ես ոչ մեկից ոչ խլել եմ, ոչ գողացել եմ, ոչ պաշտոն եմ ունեցել ընտրվելիս, ոչ ֆինանսական ու տնտեսական կարողություններ, բայց փաստորեն այս մարդկանց պայքարը ոչ թե անօրինականության, կոռուպցիայի և այլնի դեմ է, այլ իմ նման մարդկանց մեկուսացնելու, իմ ընտանիքին, իմ հարազատներին զրկանքներ պատճառելու: Այդպես չի կարելի կարծեմ»,-ասաց նա: Հարցին՝ ստեղծված իրավիճակում ելքերը որո՞նք են, Ասլանյանը պատասխանեց. «Ամեն մարդ, ամեն խումբ, ինչ փնտրում է, այն էլ գտնում է։ Հետևաբար կլինեն ելքեր: Ես տեսնում եմ, որ ռադիկալ փոփոխություններ են պետք մեր երկրում, ես հասկանում եմ, որ այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ դատական իրավական համակարգ, այնտեղ չի կարող լինի օրինականություն, իրավակարգ և որևէ քաղաքացի, օտարերկրյա ներդրող այստեղ իրեն ապահով զգալ չի կարող: Ասում են՝ ընտրությունները չենք կեղծում, բայց ընտրության արդյունքները չեն թողնում, որ դառնա իրողություն: Այնպիսի խոչընդոտներ են դրած, որ այսօր ՀՀ-ի ՏԻՄ-երի գրեթե 30-40-50%-ում դա իրացված չէ, այսինքն սահմանադրական կարգը տապալված է: Սահմանադրությամբ ամրագրված տիմ օրենսդրությունը համայնքներում չի գործում, վերցնում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակում, բյուջեներ են տնօրինում, որոնց իրավունքը իրավունք չունեն»,-ասաց նա:
15:46 - 29 հունվարի, 2025
Դատարանը մեղավոր է ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին |armenpress.am|

Դատարանը մեղավոր է ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։  Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։ 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Մամիկոն Ասլանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։   
13:40 - 29 հունվարի, 2025
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ եւ 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։ Ըստ փոխանցված տեղեկատվության` թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով: Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ: Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:   Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում։ Տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը։  Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
15:31 - 22 դեկտեմբերի, 2024
Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում․ կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը

Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում․ կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը

Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում։ Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։   Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում: Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն:
10:12 - 22 դեկտեմբերի, 2024
ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ։ Այս մասին նշված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։   «Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։  Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։   «Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում», - նշված է գրառման մեջ։  Լոռու մարզ կատարած այցի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով․ «Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ուղևորվում ենք Լոռու մարզ։ Տրանսպորտ, տեղական զարգացում, աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»։
15:43 - 17 հոկտեմբերի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով |armenpress.am|

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ու Վանաձորն առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով․ Քաղաքները կունենան հինգական էլեկտրական ավտոբուսներ։ Այս մասին նշվեց «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի ավարտի մամուլի ասուլիս ընթացքում։ Ասուլիսին ներկայացվեցին 2021-24թթ․ ծրագրի շրջանակում իրականացված գործողություններն ու ձեռքբերումները։  Ծրագրի շնորհիվ  Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններն արդեն ունեն քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստում են կայուն և նորարարական քաղաքաշինությանը, թափոնների վերամշակմանը և «կանաչ» հասարակական տրանսպորտին։ Համայնքներում կգործի էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգերով, շուտով կգործեն պլաստիկի վերամշակման հոսքագծեր, որոնք արտադրելու են շինարարական նյութեր՝ հանրային տարածքների բարեկարգման համար, իսկ համայնքապետարանները ձևավորել են քաղաքաշինության պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում նոր գործիքների կառավարման տեխնիկական հմտություններ։  Նշվեց, որ  ծրագրի շնորհիվ  Վանաձոր և Գյումրի քաղաքները հնարավորություն ունեցան  ստեղծելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», որոնք ունեն կենսական նշանակություն քաղաքաշինության ոլորտում։ Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով քաղաքային կառավարման կառույցներին հասանելի է ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ որակյալ որոշումներ կայացնելու համար։  Ծրագրի շրջանակներում, հանրության տարբեր խմբերի հետ իրականացվել են բնապահպանական վարքագծի փոփոխության  և  իրազեկման արշավներ, անցկացվել են վերապատրաստումներ՝ ուսուցիչների  և հանրային ծառայողների կարողությունների զարգացման։ Վանաձոր ու Գյումրի քաղաքներն իրենց փորձը կփոխանցեն հարակից համայնքներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:53 - 27 հուլիսի, 2024
ՔՊ-ն առաջարկել է կոալիցիոն հուշագիր ստորագրել, ասել եմ՝ դա անհնար է. Մամիկոն Ասլանյան
 |tert.am|

ՔՊ-ն առաջարկել է կոալիցիոն հուշագիր ստորագրել, ասել եմ՝ դա անհնար է. Մամիկոն Ասլանյան |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ես էլ ասել եմ՝ դա անհնար է, կարող ենք աշխատանքային համագործակցության գնալ: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրեն կալանավորելուց առաջ որևէ համագործակցության առաջարկ եղել է: «Մասնավոր խոսակցությունները չեմ ուզում հանրայնացնել, բայց եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ասել եմ՝ այս խայտառակ ընտրություններից հետո դա անհնար է, կարող է լինել միայն աշխատանքային համագործակցություն»,- պատմեց նա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հենց Ասլանյանն է փորձել ՔՊ-ի հետ համագործակցել, իրենք մերժել են, նա ասաց. «Հաղթողը եթե ես եմ՝ ո՞վ պետք է մերժեր, ՔՊ-ն ի՞նչ էր արել, որ գար ինձ ասեր: Ես ՔՊ-ից որևէ մեկին չեմ էլ տեսել, չեմ էլ ճանաչում, ինձ համար իմ համաքաղաքացիներն են»: Ճշտող հարցին՝ կոալիցիա կազմելու առաջարկ ո՞վ է արել, Ասլանյանը նշեց. «Ես աշխատանքային համագործակցության մասին եմ խոսել: Ասել եմ՝ պատրաստ եմ աշխատանքային համագործակցության, բայց ոչ քաղաքական, իրենք ասել են քաղաքական, ես մերժել եմ»: Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. նա այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։  Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՔԿ-ի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: 
17:13 - 16 հուլիսի, 2024
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձորի բնակիչը կալանավորվել է

Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձորի բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին: «Մասնավորապես, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ, երիտասարդի կազմակերպմամբ, 3000 ՀՀ դրամ գումարի դիմաց, տարբեր օրերի մասնակցել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Տավուշի մարզում իրականացված ճանապարհների փակման ակցիային, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացված հավաքին, ավելի վաղ՝ նաև այլ վայրերում հրավիրված այլ հավաքներին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վանաձորի 27-ամյա բնակչին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Միջնորդություն էր ներկայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և անձը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ հանցավոր գործողությունների իրականացման, և դրանցում հնարավոր այլ անձանց ներգրավման, վերջիններիս ինքնությունները պարզելուն, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 16 մայիսի, 2024
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր: Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին: «Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ մի շարք գործողությունների, ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին: Մասնավորապես, հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։ Պարզվել է նաև, որ 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք: Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:49 - 15 մայիսի, 2024
Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին, «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան, հայտնեց ԲԴԽ խոսնակ Մերի Գեւորգյանը։  Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում ասել է․ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետեւ դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, եւ դատարանի կարծիքով՝ կարող է նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է․․․ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, եւ մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ եւս 7 վկա պետք է հրավիրի։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել ու ասել, որ հիմա էլ այս 7-ի վրա կարող է ազդել, արդեն չեղավ․ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ 7 վկան ոչ թե ճշմարտությունը հայտնաբերելու համար հայտնվեցին, այլ զուտ, որ արհեստական հիմք ստեղծվի՝ անազատությունը շարունակելու»,- նշել է նա: Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 309-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ համարում է քաղաքական հետապնդում։ Նա կալանքի տակ է 2021 թ․ դեկտեմբերից։    
11:58 - 26 ապրիլի, 2024
«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
 |hetq.am|

«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել |hetq.am|

hetq.am: Երեկվանից՝ փետրվարի 27-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է՝ պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են: «Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասում է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը: Նշենք, որ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Ազատությունից զրկված անձինք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
18:07 - 28 փետրվարի, 2024
Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ հայտարարություն

Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ հայտարարություն

Անկախ դիտորդ դաշինքը հանձինս՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի, Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի, Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ի, Կանանց իրավունքների տուն ՀԿ-ի, տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ «2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո արդեն գրեթե երկու տարի Վանաձոր համայնքը փաստացի չունի համայնքի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի: Պատճառն այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր վիճահարույց բողոքի քննությանը զուգահեռ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջել էր արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ գումարել, ինչը կատարվել է վարչական դատարանի որոշմամբ (ՎԴ/13416/05/21): Անկախ դիտորդն արդեն քանիցս արձանագրել է, որ այս հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմնի գործունեությանը։ Ի դեպ, այս գործով դատավարությունը, որն ուղղակիորեն վերաբերում է ընտրություններին, դատավոր Հ․ Այվազյանը քննում էր ընտրական գործերի համար նախատեսված սեղմ ժամկետներում։ Նրա ինքնաբացարկ ներկայացնելուց հետո՝ գործը փոխանցվեց դատավոր Ա․ Ղազարյանին, ով այն քննում է սովորական ընթացակարգով՝ փաստացի անարդյունավետության հասցնելով ընտրական վեճի լուծումը։  2023թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության բողոքը, որով վիճարկվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կուսակցության հայցի մերժումը։ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման արդյունքում վերջնականապես ու անբեկանելիորեն ուժի մեջ են մտնում 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները:  ցՀՀ Վարչական դատարանը կիրառել էր վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ապահովման համակցված միջոց՝  որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը և դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։ Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով, անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Այսպիսով՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանման հայցի ապահովումը գործում է մինչև այդ ժամկետի լրանալը, որը կարող է որոշվել որևէ իրադարձության մատնանշմամբ, ինչն էլ անխուսափելիորեն վրա է հասնելու։ Այդ իրադարձության վրա հասնելու պարագայում հայցի ապահովումը վերանում է՝ առանց դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշման ընդունման։ Հակառակ տրամաբանությամբ՝ ժամանակավոր եզրույթը կիմաստազրկվեր, և դատարանի կողմից կիրառված ցանկացած հայցի ապահովում կվերանար միայն դատարանի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշման ընդունմամբ։ Ըստ այդմ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը, որը հայցի ապահովման միջոց էր հանդիսանում, կորցնում է իր հիմքը և դադարում է գործել:  Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պիտի հրավիրեր ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով:   Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 64-ի մաս 1.1-ի համաձայն՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Համաձայն 69-րդ հոդվածի 2-րդ մասի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Չնայած այս հոդվածը չի կարգավորում այն դեպքը, երբ ոչ թե ավագանու նիստի արդյունքում չի ընտրվում համայնքի ղեկավարը, այլ չի կայանում նիստը, կառավարությունը պետք է առաջնորդվեր այս հոդվածի կարգավորումներով՝ ելնելով անալոգիայի կիրառման սկզբունքից, որը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասից: Չնայած վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին ուղարկվել է 2023թ. սեպտեմբերի 6-ին, ավագանու նիստը չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ կառավարությունը վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները և չի նշանակել նոր արտահերթ ընտրություններ:  Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետին՝ պարզելու, թե ինչու ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացը չի մեկնարկել և ինչ է նախատեսվում իրականացնել։ ՀՀ Վարչապետին ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն իր հերթին  մեջբերում է Լոռու մարզպետարանի պատասխանը, որը նշում է, որ «գրությունը քննարկվել է Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ» և տեղեկացնում, որ «Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից բարձրացված հարցով հերթական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին»։  Այս մասին համայնքապետարանի աշխատակազմին նոյեմբերի 1-ին գրավոր տեղեկացրել է նաև Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Ուղղակի Ժողովրդավարություն կազմակերպությունը և  նոյեմբերի 28-ին ստացել պատասխան՝ նիստի հետաձգման մասին։ Ակնհայտ է, որ այդ նիստն անհրաժեշտ չէ ավագանու նիստերի արգելքի պահպանման կամ վերացման համար, քանի որ արգելքը վերացել է օրենքի ուժով։  Եթե անգամ ընդունենք արգելանքի ուժի մեջ լինելու մասին Վանաձորի համայնքապետարանի պատասխանի տրամաբանությունը, ապա համայնքի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այնուամենայնիվ պարտավոր էին միջոցներ ձեռնարկեին արգելանքի վերացման վերաբերյալ հստակ որոշումը ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից:   Ավելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը ներկայացվել է 2023թ․ նոեմբերի 13-ին։ Հենց այդ նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել, որ դատավորի «հերթական սեմինարների օրվա հետ» համընկնելու պատճառով 2023թ․ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվում է մինչև 2024թ․ ապրիլի 17-ը։ Վերոշարադրյալը հաշվի առնելով, հարկ է արձանագրել, որ մենք ականատես ենք դառնում ոչ թե ուղղակի անիրազեկվածության, այլ ակնհայտ, համակարգված անգործության, որի արդյունքում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։ Ավագանու կազմում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը, որպես դատավարությունում ներգրավված երրորդ կողմ, հնարավորություն է ունեցել նախաձեռնել գործընթաց, որը կհանգեցներ նիստի կայանալուն և օրինականության վերականգմանը: Խմբակցությունները, ըստ ամենայնի, ավագանու նիստի անցկացումը  դիտարկում են միայն սեփական իրավունքի և ոչ թե համայնքի, ընտրողների առջև պարտականության իրացման տեսանկյունից։ Մինչդեռ տեղական ինքնակառավարման ձևավորումը և գործունեությունն առաջին հերթին համայնքի բնակիչների իրավունքն է և այս պահին այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվում է իրենց շահերից ելնելով անգործություն ցուցաբերող քաղաքական ուժերի և համայնքապետարանի կողմից»։
16:46 - 05 դեկտեմբերի, 2023