Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը
15:56 - 15 փետրվարի, 2022

Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը

«Ազատ կամք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հունվարի 26-ին հրապարակվեց տեսանյութ, որտեղ նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանն ասում էր, թե 2021 թ․ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված, կորոնավիրուսով վարակված և մահացած անձանց թիվը 80 է։

«Այս պարագայում արդյոք չպետք է հնարավորություն տալ քաղաքացուն՝ ինքը որոշի՝ պատվաստվի, թե ոչ: Արդյոք պետությունը չպետք է հսկողի և քաղաքացու առողջության երաշխավորի դերում հանդես գա, այլ ոչ թե պատվաստանյութերի առաքիչի և գովազդատուի: Բա ինչպես է պաշտպանելու իր քաղաքացուն, եթե իր գովազդած պատվաստանյութը վնասի հանրությանը: Ինչ է, ինքն իրեն պատժելու՞ է»,- նշում էր Զոհրաբյանն իր խոսքում:

Նախաձեռնության հրապարակումը տարածել են մի քանի կայքեր (iravaban.net, mamul.am, livenews.am, armday.am

Infocom-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե Հայաստանում պատվաստումային գործընթացի մեկնարկից մինչև այս պահը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված, ինչպես նաև կորոնավիրուսից մահացած մարդկանցից քանիսն է եղել պատվաստված։ 

Ըստ նախարարության ներկայացրած տվյալների՝ 2022-ի հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումից հետո վարակված մարդկանց թիվը 7841 է, մահացածներինը՝ 80։ Սա նշանակում է, որ ամբողջական պատվաստումից հետո վարակված մարդկանց 1,02%-ն է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից։

Ամբողջական պատվաստված են համարվում այն մարդիկ, որոնք ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո անցել է 14 օր։

Պարզելու համար, թե արդյո՞ք ամբողջական պատվաստվելուց հետո կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացության մակարդակը բարձր է, պետք է հասկանալ, թե որքան է մահացության մակարդակը չպատվաստվածների շրջանում։

Չպատվաստվածների խմբում ենք ներառել նաև այն մարդկանց, որոնք ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը կամ ստացել են նաև երկրորդ դեղաչափը, սակայն դրանից չի անցել 14 օր։ Պատճառն այն է, որ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո՝ 14 օր անց է մարդը համարվում ամբողջական պատվաստված։

Նախ հասկանանք, թե Հայաստանում, պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր, կորոնավիրուսային հիվանդության քանի դեպք է գրանցվել։ Մասսայական պատվաստումները մեր երկրում սկսվել են 2021-ի ապրիլի 13-ին, սակայն, ինչպես փոխանցում է ԱՆ-ն, մինչ այդ որպես նվիրատվություն ստացված պատվաստանյութերով իրականացվել են փոքրաթիվ պատվաստումներ։ Այդ պատճառով վարակների թիվը հաշվարկել ենք ապրիլի 1-ից։

Այսպիսով, Հայաստանում 2021-ի ապրիլի 1-ից 2022-ի հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 154 972 դեպք։ Քանի որ հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիներից 7841-ը է եղել ամբողջական պատվաստված, ստացվում է, որ այս ընթացքում վարակվածներից 147 131-ը պատվաստված չի եղել։ Նույն ժամանակահատվածում մահացել է 4492 մարդ, նրանցից 4412-ը պատվաստված չի եղել։ Սա նշանակում է, որ չպատվաստված ու վարակված մարդկանց ~3%-ը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից։

Փաստորեն, պատվաստման գործընթացի մեկնարկից մինչև 2022-ի հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ամբողջական պատվաստված մարդկանց շրջանում վարակից մահացության մակարդակը մոտ 3 անգամ ցածր է եղել, քան չպատվաստվածների շրջանում։

Այսպիսով, «Ազատ կամք» նախաձեռնության պնդումը, թե Հայաստանում ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունից 80 քաղաքացի է մահացել, ճիշտ է։ Սակայն այս թիվը համատեքստից կտրված ներկայացնելու դեպքում պատկերն ամբողջական չէ։ Ամբողջական պատվաստված մարդկանց շրջանում մահերը ներկայացնելիս կարևոր է նաև նշել, որքան է մահացության մակարդակը չպատվաստված մարդկանց շրջանում։ Ինչպես տեսանք, ամբողջական պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը մոտ 3 անգամ ցածր է։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել