300-ից ավելի օտարերկրացի աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է ստացել․ Ա․ Ղազարյան
 |hetq.am|
16:15 - 03 մայիսի, 2022

300-ից ավելի օտարերկրացի աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է ստացել․ Ա․ Ղազարյան |hetq.am|

hetq.am: Հայաստանում վերջին 4 ամսում աշխատանք է գտել 300-ից ավելի օտարերկրացի` ստանալով աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ: Խորհրդարանում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Օտարերկրացիները կացության վիճակ են ստացել Workpermit.am կայքի հեշտացված տարբերակով:

Արմեն Ղազարյանը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները:

«Դրանով դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը, թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից, և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելին, ներկայումս այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Workpermit.am կայքի միջոցով, և ամբողջ գործընթացն առավելագույնը տևում է 30 օր»,- ասաց նա:

Միգրացիոն ծառայության պետի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ազատված են աշխատանքի նման թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պարտավորությունից, վերջիններս կարող են տվյալ հարթակի միջոցով ստանալ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքն, ըստ Արմեն Ղազարյանի, տրամադրվում է առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում:

Հարցից հետաքրքրվող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը գործատուների ուշադրությունը հրավիրեց՝ հավելելով, որ դյուրացված կարգով կարող են նաև օտարերկրացի մասնագետներ ներգրավել ընկերություններում:

«Առաջին 4 ամիսների ընթացքում արդեն 300-ից ավել նմանատիպ կացության կարգավիճակ է տրամադրվել, դիմումները 500-ից ավելին են»,- հավելեց Արմեն Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել