Ուկրաինական փաստաթղթերով Հայաստան է եկել շուրջ 6 հազար անձ. նրանց մեծ մասը հայեր են

 |armenpress.am|
15:38 - 18 մայիսի, 2022

Ուկրաինական փաստաթղթերով Հայաստան է եկել շուրջ 6 հազար անձ. նրանց մեծ մասը հայեր են |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացը:

Մամուլի ասուլիսին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ մեծ թվով հայեր հետաքրքրվում են Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, կացության տարբեր կարգավիճակներ ստանալու հարցերով:

«Առաջին եռամսյակի տվյալներով՝ ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6 հազար սահմանահատում կա Հայաստան, այսինքն՝ ուկրաինական փաստաթղթերով մուտք են գործել մեր երկիր: Նրանց մեծ մասը հայեր են: Իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մշակել էր արևմտյան սահմանով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա դուրս գալու անցակետերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչը օգնել է մեր հայրենակիցներից շատերին դուրս գալ Ուկրաինայից: Դրանից բացի, համախմբել ենք ԵՄ այդ 4 երկրներում հայկական համայնքներին, որոնք կարողացել են կանգառի կայաններ ստեղծել մեր հայրենակիցների համար, մի քանի օր կանգ առնելու, Հայրենիք վերադարձը կազմակերպելու համար: Հայկական համայնքները զգալի օժանդակություն են ցուցաբերել մարդկանց տեղավորելու, փաստաթղթերը կարգի բերելու, ֆինանսապես աջակցելու, նրանց ճանապարհելու հարցում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Այն մեր հայրենակիցներին, որոնք երկրից դուրս գալու ֆինանսական հնարավորություն չեն ունեցել, Հայաստանը որոշակի օժանդակություն է ցուցաբերել, տոմսեր են ձեռք բերվել, որ կարողանան վերադառնալ: Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ եղավ մի պահ, երբ Ուկրաինայից դուրս եկած հայերին ընդունող եվրոպական երկրների հայ համայնքները, հատկապես Լեհաստանի հայ համայնքը, աշխատում էր ծանրաբեռնված, հնարավորությունները սեղմ էին: Հանձնակատարի գրասենյակը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստել դեսպանությունների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու համար, որպեսզի քաղաքացիներին ուղված աջակցությունը շարունակվի:

«Իհարկե, չեղավ օդանավով հատուկ չվերթի կազմակերպում, բայց այլ ձևաչափով աջակցություն կա, և այն ընտանիքնեըը, որոնք դիմում են դեսպանություն, կարողանում են այդ հնարավորությունից օգտվել: Ասեմ, որ Գերմանիայի կառավարությունը ֆինանսավորում է վերադարձի ծրագիրը: Նրանք, ովքեր ՀՀ քաղաքացիներ են և Ուկրաինայից դուրս գալուց հետո ժամանակավորապես գտնվում են Գերմանիայի տարածքում, կարող են դիմել Գերմանիայի կառավարությանը ստանալ ֆինանսական աջակցություն»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը: 

Ուկրաինայից դուրս եկող հայերին ուղղված աջակցության հաջորդ փուլն իրականացվում է արդեն Հայաստանում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ներկայում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ իրականացնում է մի ծրագիր, որն ունի 4 բաղադրիչ: Առաջին բաղադրիչը բնակվարձի սուբսիդավորումն է՝ մինչև 70 հազար դրամի չափով: Երկրորդ բաղադրիչը կրթական է. կան Ուկրաինայից ընտանիքներ, որոնց երեխաները սովորում են ՀՀ բուհերում: Եթե նրանք համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն, ապա կարող են ուսման վարձի սուբսիդավորում ստանալ: Երրորդ բաղադրիչը առողջապահական հարցերին է վերաբերում, 4-րդը՝ միանվագ աջակցությունն է: Ծրագրի տարբեր բաղադրիչներից օգտվելու համար գրասենյակին արդեն դիմել է Ուկրաինայից Հայաստան տեղափոխված շուրջ 80 ընտանիք:

Ուկրաինայի հայ համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում, ունի շուրջ 400 հազար հայ բնակչություն: Հովհաննես Ալեքսանյանը նկատեց, որ մեր բազմահազար հայրենակիցներ չեն պատրաստվում Ուկրաինայից դուրս գալ: Նրանք ունեն զինապարտ որդիներ, ամուսիններ, գույք ու չեն ցանկանում թողնել երկիրը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել