Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար
13:28 - 19 մայիսի, 2022

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման խնդրով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը․ «Բնականաբար, տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել։ Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի»։

Գրիգորյանը նաև ասաց, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը պատրաստ է․ «Կարծում եմ՝ երբ պատշաճ լինի, աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի, հանրությանը մանրամասն տեղյակ կպահենք աշխատակազմի անդամների և ղեկավարի մասին»։

Գրիգորյանը նաև ասաց՝ հայկական կողմը իրավական հիմքեր ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով․ «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, և այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացված անկլավների հարցում»։

ԱԽ քարտուղարը նաև վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության օրակարգի մասին․ «Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումը այն  է եղել, որ երկու փաթեթները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը և ՀՀ-ի կոմից առաջարկված փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։  Մենք այս հարցը Բրյուսելում բնականաբար բարձրացրել ենք, և ընդհանուր մեր տեսածը այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի երկու առաջարկները փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել