factor.am: Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, քանի որ նա փորձում է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունն ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, փոխանցում է VOA-ն։
Նրա կարծիքով՝ Եվրոպան այսօր պետք է նախապատրաստվի իրադարձությունների նման զարգացմանը։ «Ես չէի բացառի, որ Ռուսաստանը կշարունակի տարբեր խնդիրներ գտնել այստեղ և այնտեղ, և կշարունակի պատրվակներ գտնել՝ Եվրոպա գազի մատակարարումների հետագա կրճատման և, հնարավոր է, նույնիսկ ամբողջությամբ դադարեցնելու համար։ Հետևաբար, Եվրոպան պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագիր»,- Reuters-ին ասել է ՄԷԳ գործադիր տնօրենը։
Բիրոլի կարծիքով՝ Ռուսաստանից գազի հոսքերի վերջին կրճատումը պետք է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձ։ Այսպիսով, Ռուսաստանը նախապես ցուցադրել է մի սցենար, որը կարող է իրականացվել ձմռան ամիսներին, երբ գազի պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Միաժամանակ, Բիրոլը նշել է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունն (ՄԷԳ) ամենահավանականը չի համարում ռուսական գազի ամբողջական դադարեցման այս հիպոթետիկ սցենարը։
comment.count (0)