Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ինչպես  հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը: Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը: Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել Առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ:
19:34 - 27 հունիսի, 2022
Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցել է  Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի  նիստին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։   Նիստի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները, ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ: Առողջապահության նախարարն այս դաշինքում ներկայացնում է Հայաստանն ու Հոնդուրասը։ Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև «Քովիդ-19» համավարակի համատեքստում COVAX հարթակի գործունեությանը` որպես GAVI գլոբալ դաշինքի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնություն: Մասնավորապես, բարձրացրել է անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին COVAX հարթակի միջոցով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերով ապահովելու ուշացումները և այլ խնդիրներ` ընդգծելով դեղագործական ընկերությունների հետ երկրների համար ավելի լավ պայմաններ բանակցելու կարևորությունը:
21:47 - 22 հունիսի, 2022
Պահպանելով լավագույնը՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով. Անահիտ Ավանեսյան

Պահպանելով լավագույնը՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ տնօրեն Ահարոն Բարսեղյանին։   Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:   «Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին:   Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար:   «Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Ահարոն Բարսեղյանը:  
13:50 - 20 հունիսի, 2022
Զրուցեցինք համակարգային բարեփոխումների մասին. հանդիպել են առողջապահության նախարարն ու Արտեմ Փաթափությանը

Զրուցեցինք համակարգային բարեփոխումների մասին. հանդիպել են առողջապահության նախարարն ու Արտեմ Փաթափությանը

Առավոտյան հանդիպեցի հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ զրուցել են առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին: «Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:  Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»,-գրել է Ավանեսյանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:08 - 17 հունիսի, 2022
Հայաստանն ու Կատարը սերտ կգործակցեն նաև առողջապահության ոլորտում

Հայաստանն ու Կատարը սերտ կգործակցեն նաև առողջապահության ոլորտում

Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ Քուվարին:   Հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ:   Բացի այդ, հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելուն, առողջապահության համակարգի բարեփոխումներին, բժշկական սպասարկման բարելավմանը: Բժշկական տուրիզմի զարգացման կարևորությունն առանձնացնում են նաև Կատարում:   Հանրային առողջության պահպանման և բարելավման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և գերատեսչությունների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս եղել են երկկողմ հանդիպման առանցքում:  
15:55 - 14 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

  Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
13:50 - 13 հունիսի, 2022
Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս  դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտել էին Ավանեսյանի գրասենյակ և լուսանկարներ նետել նրա ուղղությամբ։  Միջադեպից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, , որ դիմելու է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Ավանեսյանը հույս հայտնեց, որ երբ ԱԺ-ում ստեղծվի էթիկայի հանձնաժողով, այն մանրամասն կքննի պատգամավորների վարքագիծը և դրան խստորեն արձագանք կլինի։ «Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց չգիտես ինչու օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած անձիք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»,-ասաց նա։  Ավանեսյանն ընդգծեց՝ ոստիկանական ուժերը և  բոլոր իրավապաները պետք է խստիվ գործեն օրենքի շրջանակում․ «Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թ․-ից, և դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրում են լինում, և տարեցտարի Հայաստանը՝ որպես ժողովրդավար երկիր իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը, ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»։
12:57 - 09 հունիսի, 2022
Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած անձանց, այդ թվում` ոստիկանների վնասվածքները հիմնականում եղել են հարվածի արդյունք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարն ընդգծեց, որ բժշկական կենտրոններ դիմածների մեծամասնությունը եղել են ոստիկաններ: «Բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը: Հիմնականում մոտ 70 տոկոսն առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել: Սակայն ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և դուրս գրվել: Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այդ քաղաքացու վիճակն այս պահին բավարար է, լավացման ընթացքի մեջ է, հույս ունենք, որ մոտակա օրերս դուրս կգրվի»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե այդ անձինք ինչի՞ արդյունքում են տուժել՝ Ավանեսյանն ասաց. «Հիմնականում եղել են հարվածների արդյունքում ստացված վնասվածքներ: Եղել են մանր պատռվածք ունեցող փոքրաթիվ անձինք»:
12:15 - 07 հունիսի, 2022
Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում |armenpress.am|

Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է 6 բժշկական կենտրոնների վերակառուցման, կառուցման ֆինանսավորում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եղեգնաձորի և Մարտունու բժշկական կենտրոնները կառուցվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մենք ունենք լրացուցիչ 6 բժշկական կենտրոնների ֆինանսավորում՝ արդեն պետբյուջեի միջոցներով: Դրանցից ամենամեծ ծրագիրը Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումն է, որն ընթացքի մեջ է և կավարտվի 4 տարում, հաջորդը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, նաև Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի բժշկական կենտրոնները, որոնց 4-ի կառուցման, վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից»,- ասաց Ավանեսյանը: Իսկ ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոնին, պայմանագիրն ուժի մեջ է մտել, և նախարարը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները կսկսեն իրականացվել անհրաժեշտ ժամկետների պահպանմամբ: Ըստ նախագծման փաստաթղթերի՝ Սիսիանի բժշկական կենտրոնը պետք է վերակառուցվեր, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում սեյսմիկ և այլ ծառայությունների հավելյալ գնահատման պարագայում ծրագիրը վերափոխվել է, և ամբողջությամբ նոր շենք է կառուցվելու: Լուրջ խնդիրներ են եղել շենքի հիմքում:
11:51 - 07 հունիսի, 2022
ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն այս շաբաթ Առողջապահության նախարարությանը կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ, սա կօգնի ապահովել պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: Պատգամավորներից մեկը նկատեց, որ պետպատվերի շրջանակում քվոտաները վերջացել են, և ստացվում է, որ սոցիալապես անապահով կամ հաշմանդամության կարգ ունեցող անձանց բուժսպասարկումը դառնալու է վճարովի և հետաքրքրվեց ավելացման հնարավորություններով: Նախարարն արձագանքեց, որ կա դիմելիության աճ: Դա պայմանավորված է կորոնավիրուսով, կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, նկատվում է հիվանդացության աճ: «Սա համադրելի է ամբողջ աշխարհի հետ, բոլոր երկրներն էլ ունեն դիմելիության աճ: Երկրորդը՝ դա պայմանավորված է ետպատերազմական ընթացքով, որը նաև հանգեցնում է լրացուցիչ առողջապահական խնդիրների: Արված կանխատեսման համաձայն՝ մենք դիմել ենք կառավարություն, և կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Ավանեսյանը: Սակայն նախարարը շեշտեց հերթագրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, հերթագրման համակարգերը գործում են, և, եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա՝ առաջնահերթության կարգով: «Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն»,- ասաց Ավանեսյանը: Նախարարությունն այս շաբաթ արդեն կստանա 5.2 մլրդ դրամը և կսկսի բաշխման աշխատանքները: Բայց, ընդհանուր առմամբ, նախարարության տարեկան հավելյալ միջոցների կարիքը 10.1 մլրդ դրամի շրջանակում է: Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը:
11:29 - 07 հունիսի, 2022
Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։ ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։ «Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի (UNAIDS), Ռոքֆելլեր հիմնադրամի, «Gavi» պատվաստանյութերի և մի շարք այլ գլոբալ առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը՝ բնակչությանը համավարակներից պաշտպանելու և վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համատեքստում։
22:48 - 23 մայիսի, 2022
Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում:Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»:
17:14 - 23 մայիսի, 2022
Անահիտ Ավանեսյանիի ուղերձը` Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Անահիտ Ավանեսյանիի ուղերձը` Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավերապես ասված է․ «Սիրելի բուժքույրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական միջազգային օրվա առիթով: Երախտագիտությունս եմ հայտնում, որ չնայած մի շարք մարտահրավերների ու աշխարհն ահաբեկած համավարակի, ձեր մասնագիտական բարձր որակների, համբերատարության ու հոգատարության շնորհիվ կարողացաք կատարել ձեր առաքելությունը: Դուք առանցքային դեր ունեք հիվանդների բարեկեցության, անվտանգության պահպանման և վերականգնողական բուժման հարցերում: Անփոխարինելի էր ձեր դերը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում. դուք աշխատեցիք առաջնագծում` ծայրահեղ ծանրաբեռնված, սթրեսային և լարված իրավիճակներում` կյանքը կորցնելու վտանգն աչքի առաջ: Առողջապահության նախարարությունը կարևորում է քույրական գործի բարեփոխումների անհրաժեշտությունը: Մենք մշակել ենք բուժքույրական գործի զարգացման ռազմավարություն, որի արդյունքում բուժքույրական ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով կկարողանանք բժշկական հաստատություններն ապահովել որակյալ մասնագետներով: Բուժքույրական ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման գործընթացներում: Գնում ենք բարեփոխումների` հստակ ուղենշելով բուժքույրերի որոշակի կատեգորիաների պայմանագրերով սահմանված նվազագույն աշխատավարձերի վերանայման,  «ծանրաբեռնված» աշխատանքի չափելիության սկզբունքների և խրախուսական մեխանիզմների սահմանման, կրթական համակարգի բարելավման, բարձրագույն կրթությամբ բուժքույրերի մոդելի ներդրման հարցերը:  Նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Առողջապահություն» բաժնում ավելացել է «Քույրական գործի բակալավր» որակավորումը: Իսկ բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորությունների ստեղծման առաջին քայլն է, որի նպատակն է  բուժքույրերի դերի մեծացումը, կարողությունների բարելավումը, ներգրավումը բուժքույրական կրթության, գիտահետազոտական աշխատանքներում և միջազգային չափանիշներին համապատասխան` կրթված բուժքույրական կադրային ներուժի պատրաստումը: Սիրելի բուժքույրեր, ձեր մասնագիտական օրվա այս տարվա ԱՀԿ կարգախոսի («Ներդրումներ կատարել քույրական գործ մասնագիտության զարգացման մեջ և հարգել բուժքույրերի իրավունքները») համաձայն, ամեն ինչ անելու ենք ձեր մասնագիտական զարգացման, մասնագիտական իրավունքի վերահաստատման ուղղությամբ»։
10:59 - 12 մայիսի, 2022