Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|
12:35 - 28 փետրվարի, 2025

Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում մի քանի ուղղություններով։  

«Վստահ եղեք, մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, թե ամբուլատորիաներում, թե պոլիկլինիկաներում։ Դիտարկում ենք ուսումնական հաստատություններում հաճախելիությունը, բուժհաստատություններ դիմելիությունը։ Մեր ուշադրության կենտրոնում են հիվանդանոցները, վերակենդանացման բաժանմունքները։ Մենք ունենք հստակ ուղեցույց այն մասին, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների վարակի բռնկումները զսպելու համար։ Ասեմ, որ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ  հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն չկա»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս շրջանում փակվեն դպրոցներն ու մանկապարտեզները՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա անարդյունավետ միջոց է։ Սուր շնչառական վարակների ակտիվացման սեզոնը սկսվում է նոյեմբերից և տևում է մինչև մարտ։ Այդ ընթացքում սուր շնչառական վարակների ակտիվացման պարագայում ուսումնական հաստատությունները փակելը տեղին չէ։ 

«Դա պարզապես անհնար է։ Ի վերջո, ցանկացած միջոցառում պետք է խելամիտ իրականացվի, որպեսզի արդյունքն ունենանք։ Առանձին դեպքերում մենք ունենք լուծումներ։ Մասնավորապես, ունենք առանձին հնարավորություններ դպրոցների մասով։ Եթե կոնկրետ դպրոցում  բացակայությունների թիվը 25 տոկոսից աճել է՝ ելնելով երեխաների հիվանդացությունից, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ համաձայնեցնելով կրթական գերատեսչության հետ։ Այսինքն՝ մեխանիմզը ստեղծված է։ Ամեն դեպքում կրկնում եմ, այս պահին և դրանից առաջ ունեցած համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չէ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակների հետ կապված հիվանդացության նվազման միտում է նկատվում։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դպրոցներում բժշկից տարված թուղթը հաշվի չի առնվում ու մտավախություն կա երեխաների բացակայության առնչությամբ, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը կքննարկի իր գործընկերոջ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորեց հետևել մասնագետների խորհուրդներին, պահպանել ձեռքերի հիգիենան, հագնվել եղանակին համապատասխան, փակ տարածքները պարբերաբար օդափոխել, գանգատների դեպքում դիմել բժշկին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել