Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը
10:27 - 27 փետրվարի, 2025

Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Մեր գործընկերությունը ևս մեկ քայլ է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման, դիմակայունության ամրապնդման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման ճանապարհին։ Հոգեկան առողջությունը, կրթական բարեփոխումներն ու բուժանձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը մեր առաջնահերթություններից են։ Հավատացած ենք, որ առաջիկա երկուս ու կես տարիների ընթացքում կհասնենք կարևոր ձեռքբերումների և կունենանք արդյունավետ համագործակցություն»,- ողջունելով միջազգային գործընկերներին` նշել է Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարություն — Եվրոպական միություն — ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում բուժաշխատողների կարողությունների բարելավմանն ու հզորացնելով հոգեկան առողջության համակարգը:

Այս հարցում Հայաստանի քաղաքական կամքն ու պատրաստակամությունը բարձր են գնահատել միջազգային գործընկերները: Միջոցառմանը նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ընդգծել հոգեկան առողջության ոլորտում վերջին տարիներին կատարած և ընթացիկ աշխատանքները` կապիտալ շինարարությունից, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար արժանապատիվ պայմաններ ստեղծելուց մինչև բուժաշխատողների համար գործելակարգերի մշակում:

Կարևորելով մասնագիտական զարգացումը` Անահիտ Ավանեսյանը նշել է նոր չափանիշներ ներդնելու անհրաժեշտությունը ոչ միայն բժիշկների, այլև` բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կրթության համար` իրագործման այդ ճանապարհին բարձր գնահատելով ԵՄ-ի և ՄԱԿ-ի աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել