ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Հաագայում

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Հաագայում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով հունվարի 20-ից 24-ը գտնվել են Հաագայում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում: Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, ոտնձգությունների դեմ պայքարի և զինվորական ծառայության մեջ նրանց ավելի լայն ներգրավվածության խթանման հարցերում: Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Նիդերլանդների պաշտպանության նախարարության, Ազգային օմբուդսմանի հաստատության, Կառավարության գործակալի գրասենյակի, Ռազմական դատարանի, Զինվորական դատախազության, Ռազմական ոստիկանության, Ռազմական օմբուդսմանի (Գլխավոր տեսուչի) հաստատության և Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել է միջազգային լավագույն փորձը զինծառայողների և վետերանների իրավունքների պաշտպանության ու խթանման, արտոնությունների տրամադրման, հոգեբանական աջակցության, բարեվարքության ամրապնդման, առողջության պահպանման, զինծառայողների մեջ առաջնորդի հատկանիշներ ձևավորելու և զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Այցը կարևոր նշանակություն ուներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման տեսանկյունից:
11:15 - 04 փետրվարի, 2025
Տրանսպորտի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

Տրանսպորտի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը:  Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար։ Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։  
18:10 - 03 փետրվարի, 2025
Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ․ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ․ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ «Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:   Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին: Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:   Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։   Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։   Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։   Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։   Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։   Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում», - նշված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգում Ղարաբաղի մասին:  ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ նշված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։  Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրության տարածեց այն մասին, որ, տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք տարածելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
17:36 - 02 փետրվարի, 2025
Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ «Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց դատարաններ տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը։ Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է, հարցը շարունակում է մնալ չլուծված։ Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, որոնց համաձայն՝ դատական նիստերի չտեղափոխելու պատճառներ են նշվել՝ ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների հետևանքով առաջացած աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, տրանսպորտային միջոցների անբավարարությունը կամ անսարքությունը։ Արդյունքում, դատական նիստերին մասնակցությունը չապահովելու պարագայում, վտանգվում է անձանց արդար դատաքննության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ պետության կողմից պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տրանսպորտային միջոցներով  դատարաններ ուղեկցումն ապահովվելու ուղղությամբ, ինչը գործնականում կարող է բարձրացնել նաև դատական իշխանության գործունեության արդյունավետությունը։ Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների համար հստակ չափանիշներ սահմանված չլինելու հարցը»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
15:11 - 31 հունվարի, 2025
Քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ու պաշտոնյաների մասնակցությամբ
 |azatutyun.am|

Քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ու պաշտոնյաների մասնակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում են՝ մասնակցելու փակ քննարկմանը: Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ քննարկումը տևելու է մոտ 3 ժամ: «Հասկանալի է, որ այս քննարկման շնորհիվ բոլոր հարցերի պատասխանները չենք կարող ստանալ, պրոցեսը պետք է շարունակվի», - հավելեց ԱԺ նախագահը: Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16-ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում: Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը երեկ «Ազատությանը» փոխանցել էր, որ ծնողների որոշումն է՝ փակ քննարկմանը մասնակցի 16 ծնող, որպեսզի իրենց հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի: Ավելի վաղ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ քննարկմանը հատուկ զեկույցով է հանդես գալու նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
14:17 - 30 հունվարի, 2025
ՀՀ ՄԻՊ-ն այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր

ՀՀ ՄԻՊ-ն այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, Պաշտպանն ու զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը քննարկել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ զինծառայողների առողջական վիճակի, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, զորքերում կարգապահության, սպա-հոգեբանի ինստիտուտի, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, զորամիավորման հրամանատարի, բարձրաստիճան սպայական անձնակազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին: Մարտական դիրքերում Պաշտպանն ու աշխատակազմը ծանոթացել  են մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։  Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։  Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
17:02 - 29 հունվարի, 2025
ԶՈՒ յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է․ ՀՀ ՄԻՊ

ԶՈՒ յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը: Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։ Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ուղերձում:
11:14 - 28 հունվարի, 2025
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից

ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Շատ հաճախ անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է և ոչ իրավաչափ։Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:Երեխայի անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանվեն անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ, բարձրացնել իրազեկվածությունը, ի թիվս այլնի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների և դրանք խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարնինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից  հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:
17:36 - 26 հունվարի, 2025
Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ ՄԻՊ-ը  սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին․ Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը

Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ ՄԻՊ-ը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին․ Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՄԻՊ-ի երեկվա հայտարարությանը, որտեղ նա հորդորում էր Դանիելյանին պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։ Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված: Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը: Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։ Քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանավորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելության խոսք հնչեցնում։ Որտե՞ղ են վերջինիս հստակ գնահատականներն ու գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվում են արգելված միջոցներ, աննախադեպ բռնություն։ Բոլոր նման դեպքերում արագ արձագանքում են կամ ընդդիմադիր պատգամավորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբևէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրավունքների պաշտպանին։ Նշեմ նաև, որ երբ Սրբազան պայքարի համակիրների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրավունքների գրասենյակից չլսեցինք որևէ արձագանք այդ մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրներին, ինքս անձամբ, պարբերաբար այցելություններ եմ ունենում այդ վայրեր, և փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։ Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։ Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են: Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել: Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը։ Այլապես, ոչ մեկիս պատիվ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդեպ աննախադեպ ցածր վստահությունն ու վարկանիշը», - նշել է պատգամավորը իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
18:23 - 25 հունվարի, 2025
ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ, իբր «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»: Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ: Սույն պատգամավորին հորդորում ենք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հանձնարարությամբ` իր ներկայացուցիչների կողմից իրականացվող պարբերական այցերի, դրանց արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին, Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներին, որոնք, ի դեպ, յուրաքանչյուր տարի քննարկվում են Ազգային ժողովում, արտահերթ զեկույցներին, որոնցից մեկը հրապարակվել է նախորդ տարվա ավարտին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային բազմաթիվ ելույթներին և զերծ մնալ հասարակության շրջանում թյուր կարծիք ձևավորելու փորձերից: Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ: Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում: Ավելին, այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց ՄԻՊ-ը: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և խթանման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո: Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
22:39 - 24 հունվարի, 2025
Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն. ՄԻՊ

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ  հրապարակված տեղեկատվության՝ ինքնասպանության 2 դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
19:19 - 23 հունվարի, 2025
ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել աշխատաժողով Պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների վերաբերյալ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը (առցանց)։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև պետական մարմինների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է այս ձևաչափով հանդիպումների անցկացումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից։ «Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է։ Բացառիկ են դեպքերը, երբ որևէ մարմնի կողմից հանդիպում ենք մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ մերժողական վերաբերմունքի։ Այս համատեքստում խնդիրների արագ լուծման նպատակով առանցքային է նաև մեր կողմից արված առաջարկությունների արդյունավետ և պրոֆեսիոնալ կատարումը, ինչպես նաև այդ առումով հայեցակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների որդեգրումը»,- ասել է Պաշտպանը։ Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է տարեկան հաղորդմամբ արձանագրված  համակարգային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ «փակ հաստատություններում» մարդու իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, «փակ հաստատություններում» բժշկական օգնության և սպասարկման խնդիրներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, զորակոչի ընթացքում հանդիպող խնդիրներին, զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների վերացմանը, խնամքի և այլ հաստատություններ իրականացվող մշտադիտարկման այցերին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային, հավաքների ազատության իրավունքին առնչվող խնդիրներին։ «Հարկ եմ համարում շեշտել, որ առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրախավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի, մեր միակ նպատակը խնդիրները համատեղ ուժերով լուծելն է՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի կատարելագործման»,- ընդգծել է Պաշտպանը։ Ամփոփելով միջոցառումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։  
21:39 - 21 հունվարի, 2025
Ձմեռային զորակոչի շրջանակում ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Նշվում է, որ հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: «Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում: Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակին առնչվող հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ: Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն: Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ»,- ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։ Պաշտպանի գրասենյակից հիշեցնում են նաև, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել թեժ գիծ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:
12:40 - 18 հունվարի, 2025
Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը: Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում են, որ նույնիսկ մինչև անձանց ապօրինի ազատությունից զրկելն Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նրանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիատիրույթում և սոցիալական հարթակներում շարունակում են լայնորեն տարածվել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն: Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։ Այս գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասին մտահոգություններ են բարձրացնում տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, հեղինակավոր միջազգային դերակատարներ: Արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում։ Ընդ որում՝ նշված իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։ Տարբեր դերակատարների կողմից բարձրացված մտահոգությունները վկայում են նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։  Մարդու իրավունքների պաշտպանը կիսում է պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված մտահոգությունները: Ավելին, ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում (օրինակ՝ «Human Rights Watch», ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե) պարբերաբար մտահոգություններ են ներկայացվել ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
20:11 - 17 հունվարի, 2025
ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|

ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է տեսնում:  Մանասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:  «Արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Բայց դրանով չի սահմանափակվում: Խնդիրներ են առկա նաև, օրինակ, հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ»,-ասաց Մանասյանը:  Նրա խոսքով՝ բացի ՄԻՊ գրասենյակի ընթացիկ այցերից, որ պարբերաբար իրականացնում են քրեակատարողական հիմնարկներ, ինքը տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ առավել հաճախ իրականացվող անձնական այցերով: ՄԻՊ-ը ցանկանում է անձամբ դատապարտյալներից, ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները:  «Կարծում եմ, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: Կարծում եմ՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց  բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կախված: Եվ այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը, կարծում եմ, շատ խնդրահարույց է»,–ասաց Մանասյանը:   Նրա խոսքով՝ այն պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են այդ հարցերով որոշումներ կայացնել, պետք է հանձնառություն ստանձնեն ու պատշաճ մակարդակով իրացնեն իրենց լիազորությունը: 
12:47 - 16 հունվարի, 2025