ՄԻՊ-ը քննադատել է ՀՀ-ում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով
21:49 - 09 ապրիլի, 2025

ՄԻՊ-ը քննադատել է ՀՀ-ում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից ու անհանդուրժող վերաբերմունքից:

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։

Պաշտպանը, նկատի ունենալով ատելության խոսքի դեմ պայքարում գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այս հարցերը մշտապես բարձրացրել է ինչպես իր հրապարակային ելույթներում ու հայտարարություններում, այնպես էլ ոչ հրապարակային հարթակներում ու տարբեր ձևաչափերով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն, խտրականություն քարոզող արտահայտությունների կիրառումից։

Առանցքային է, որպեսզի հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։
Առանցքային է նաև, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը:

Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժող, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել