Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարը՝ Թուրքիայում «3+3»-ի նիստից առաջ |tert.am|
tert.am: Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, ասել է Իրանի ԱԳ նախարարը, որն այսօր Թուրքիայում մասնակցելու է «3+3»-ի (ՀՀ, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա, ՌԴ-Խմբ.) նիստին, հայտնում է Mehrգործակալությունը:«Բացի Վրաստանից, որը նիստին չի մասնակցելու, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», - ասել է Արաղչին:Նախօրեին հաղորդվել էր, որ այսօր Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: Դրանում շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային երկրները լուծեն իրենց հարցերը երկխոսության միջոցով, ընդգծեն տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և մարդու իրավունքների հարգման հիման վրա:
Հայտարարությունը նախատեսում է կողմերին պարտավորեցնել մեծացնել համագործակցությունը տարբեր տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային «միջանցքների» և կապի հարցերում, որպեսզի երաշխավորվի, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կառուցողական դեր է խաղում վստահության ձևավորման, բարգավաճման և կայունության հաստատման գործում:
12:11 - 18 հոկտեմբերի, 2024