Միքայել Արզումանյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։ 

 

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարում է

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարում է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։ Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։ Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։ Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։ Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։​ Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։ Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։ Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և հետ նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։ Բացի այդ էլ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․ -եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչու՞ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել․ – եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչու՞ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար, – Արեգասարի բարունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։ Որպեսզի հանկարծ ավելնորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։ Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թնամուն։ Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է ըստ ենթակայության։ Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար։ Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա ակնհայտ է, որ դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։Հենց դրա համար էլ դատարանին միջնորդել ենք հչապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու են ինձ նման շինծու մեղադրանքներ առաջադրվել։ Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել ևս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները։ Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել Հայրենիքս պաշտպանելու համար»։
15:12 - 06 հուլիսի, 2023
Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվեց․ պաշտպանը որոշումն անհիմն է գնահատում

Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվեց․ պաշտպանը որոշումն անհիմն է գնահատում

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշել է երկարաձգել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս 3 ամսով։ Infocom-ի հետ զրույցում Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց` դատարանի որոշումը դեռ չեն ստացել, հիմքերին ծանոթ չեն, սակայն այն անհիմն են գնահատում․ «Դատախազությունը նշում էր, որ քանի որ Միքայել Արզումանյանը հանդիսացել է ՊԲ հրամանատար եւ հեղինակություն ունի, կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների վրա եւ խոչընդոտել գործի քննությանը, ամբողջ նախաքննության ընթացքում այս հիմքն էին դրել եւ հեղինակության համար արդեն 8 ամիս է՝ կալանքի տակ են պահում։ Նախաքննության ավարտից հետո նորից նույն բանը պնդելն առնվազն անհիմն է, որովհետեւ հենց ՄԻԵԴ-ի որոշումներով է նշված, որ շարունակական կալանքի տակ պահելը բացառապես այդ հիմքով անթույլատրելի է, եթե անգամ նախնական փուլում կային հիմքեր»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ որոշումը ստանալուց հետո նախատեսում են բողոքարկել․ «Մենք պնդում էինք, որ խափանման միջոցի հիմք չկար կամ առավելագույնը կարող էր կիրառվել տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք կամ դրանք համակցությամբ, ինչը բավարար կլիներ պատշաճ վարքագիծը ապահովելու համար, բայց դատարանը դա էլ մերժեց»։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ քրեական գործով առնվազն 161 վկա պետք է հարցաքննվի․ «Դրա համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով եւս առավել քան անհիմն էր։» Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դատարանը որոշել էր այսօր նշանակված առաջին  դատական նիստն անցկացնել դռնփակ։ Նիստի ժամանակ Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել՝ դռնբաց քննություն իրականացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է․ «Դատարանը գտավ, որ ամեն դեպքում, կարող է պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակվի, եւ այդ հիմքով մերժեց»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դռնփակ քննություն անցկացնելու որոշումը վերաբերում է ողջ դատաքննությանը։ Նիստի ընթացքում Երեմ Սարգսյանը նաեւ բացարկի միջնորդություն է ներկայացրել հանրային մեղադրողներ Վազգեն Վարդանյանին եւ Հայկ Ռափյանին՝ միաժամանակ միջնորդելով, որ առնվազն այդ հարցը դռնբաց քննվի՝ հաշվի առնելով, որ որեւէ գաղտնիքի չի առնչվում, սակայն դա եւս մերժվել է։ Պաշտպանի խոսքով՝ բացարկի միջնորդության հիմքում քննչական ենթակայության խախտման հանգամանքն է․ «Մենք գտնում ենք, որ այս գործը չպետք է քններ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունը, այլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հետեւաբար, իրենք այս գործով պատշաճ սուբյեկտ չեն, հսկող դատախազները պետք է լինեին Գլխավոր դատախազության համապատասխան վարչության դատախազները»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ բացարկի միջնորդությունը նույնպես մերժվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 3-ին։ Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արզումանյանը կալանավորված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան
18:14 - 25 ապրիլի, 2023
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը կանցկացվի դռնփակ

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը կանցկացվի դռնփակ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի կունենա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այս մասին հայտնում է Արզումանյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ ի թիվս այլնի, քննարկվելու է Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի երկարաձգման կամ վերացման հարցը։  Արզումանյանը, հիշեցնենք, կալանավորված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ից։ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն (այն ի սկզբանե բացակայում էր, ավելացվել է պաշտպանի գրառումից հետո)՝ գործը գտնվում է դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախնական դատալսումներ նշանակելով՝ դատավորը միաժամանակ որոշել է դռնփակ քննություն անցկացնել՝ հաշվի առնելով, որ գործում առկա են պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ։ Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, ասաց՝ պաշտպանական կողմը միջնորդելու է դռնբաց քննություն անցկացնել, որպեսզի հանրությունն իրականությունը իմանա։ Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված, 3-րդ մաս) եւ պաշտոնեական անփութության համար (2003 թ․ ՔՕ, հոդված 376-րդ հոդվածի 3-րդ մաս): Մեղադրանքի մի դրվագը վերաբերում է «Արեգա» բարձունքի, մյուսը՝ Շուշիի պաշպանությանը։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկված հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը եւ հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Սակայն դրանից ժամեր անց գեներալ-մայոր Մ.Ա.-ն (Միքայել Արզումանյանը-հեղ․), մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և չունենալով նրանց հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն եւ հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը եւ նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում: Դրա հետևանքով, ըստ ՔԿ-ի, յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել եւ նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 3-ին եւ 5-ին, այն հետ գրավելու նպատակով յուրային ստորաբաժանումների իրականացրած հակագրոհները ձախողվել են։ Պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում հայտնեց, որ նախաքննության փուլում Արզումանյանը մեղադրանքը չի ընդունել՝ այն աբսուրդ որակելով․ «Այն, ինչ նշվում է, ուղիղ հակասում է տեղի ունեցած իրադարձություններին եւ այն ջանքերին, որ նա գործադրել է պատերազմի ժամանակ»,- ասաց պաշտպանը։ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020 թ․ հոկտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ հաղորդվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին։ Մինչ այդ նա ՊԲ հրամանատարի տեղակալն էր։   Միլենա Խաչիկյան
12:30 - 25 ապրիլի, 2023
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպանի հայտարարությունը՝ իրականացվող քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպանի հայտարարությունը՝ իրականացվող քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին

Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին նշված է Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանի տարածած հայտարարության մեջ: «Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։ Իսկ իրականում, որքան այս քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Միքայել Արզումանյանին ներկայացված մեադրանքներն անհիմն են»,-նշել է Սարգսյանը։ Պաշտպանն ընդգծել է, որ վերոնշյալն առավել քան ակնհայտ էր դառնում Միքայել Արզումանյանի մասնակցությամբ կատարված առերեսումների ժամանակ, որոնց ընթացքում նրանց կողմից տրված հարցերին հնչում էին այնպիսի պատասխաներ, որոնց առկայության դեպքում անհնար էր այս քրեական վարույթով Միքայել Արզումանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմել և գործ ուղարկել դատարան։ «Նշեմ նաև, որ վերջին անգամ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին է դատարանը 2 ամիս ժամանակով երկարաձգել Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին համոզում էր, թե իբրև մի քանի տասնյակ վկաների պետք է հարցաքննեն, շարունակեն Միքայել Արզումանյանի մասնակցությամբ սկսված, սակայն դեռևս չավարտված առերեսումները, բազմաթիվ նոր առերեսումներ կատարեն վկաների ու Միքայել Արզումանյանի միջև և այդ հիմքով էլ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է, սակայն կալանքի երկարաձգման որոշումը ստանալուց կարճ ժամանակ անց մեղադրանքի կողմը հանկարծ որոշել է, որ ոչ միայն առերեսումներ չպետք է կատարի, այլ նաև՝ նույնիսկ սկսված առերեսումներ էլ կիսատ պետք է թողնի և շատ արագ կարգով քրեական գործի նախաքննության ավարտ հայտնի։ Ինչպես հայտնի է, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի արդյունքում էլ թշնամին գրավել է այն։ Հայտարարում և պնդում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, իսկ քրեական վարույթի նյութերի համաձայն՝ առկա իրավիճակում Միքայել Արզումանյանն արել է առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար»: Երեմ Սարգսյանը նշում է, որ Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա. «Սակայն, այդքանով հանդերձ, առկա են անհերքելի փաստեր, որ Միքայել Արզումանյանի կողմից պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն և առաջընթաց չի ունեցել, կրել է հսկայական կորուստներ (հիշեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները, այդ թվում՝ «Գյոռբագյոռ» օպերացիան, որի արդյունքում թշնամին հսկայական կորուստներ է ունեցել)։ Ավելին, Միքայել Արզումանյանի հմուտ գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստները 2-3 անգամ կրճատվել են։ Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել։ Պետք չէ մոռանալ այդ ժամանակ Հայաստանի և Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները, որ Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, որ Շուշիի գրավումն անխուսափելի է եղել, որ դա է եղել պատերազմը կանգնեցնելու պայմանը։ Ինչպես նաև այդ նույն բարձրագույն իշխանության կոչերը, որ քաղաքացիներն ինքնուրույն խմբեր կազմեն և ով՝ ինչ միջոց տանը ունի, վերցնի ու գնա Շուշին պաշտպանելու, քանի որ այն կորցնելու լուրջ վտանգ կա։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքի, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը հետ են նահանջել և թշնամին նորից զբաղեցրել է այն, ապա դա ևս անհիմն մեղադրանք է։ Մասնավորապես, հաստատատապես պնդում եմ, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել, ինչի վերաբերյալ բազմաթիվ անհերքելի ապացույցներ են առկա քրեական վարույթում, հետևաբար Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ։ Առավել ևս, որ նա այդպիսի հրաման տալու իրավասություն չի ունեցել։ Մեղադրանքների մասով պաշտպանական մարտավարությունը չբացահայտելու նկատառումներից ելնելով առավել մանրամասն հիմնավորումներ չենք ներկայացնում, սակայն վստահեցնում ենք, որ օբյեկտիվ դատական քննության պարագայում այս մեղադրանքները որևէ պարագայում չեն կարող հաստատվել»,-գրել է նա։
17:12 - 06 ապրիլի, 2023
«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։   Այսպես.   2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։   Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:   Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։   Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:   Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):   Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:48 - 01 սեպտեմբերի, 2022
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է․ հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր եւ նա երեկ ազատ էր արձակվել։ Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին՝ պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, այդպիսի  գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
10:31 - 01 սեպտեմբերի, 2022
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի
 |news.am|

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի |news.am|

news.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է եւ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ «Դատավորը ժամկետ տվեց, որպեսզի նյութերին ծանոթանանք։ Երբ սկսվեց նիստը, մենք խնդրեցինք՝ մեկ օր ժամանակ տրամադրել, քանի որ նյութերին ծանոթանալու համար ամենաքիչը մեկ օր է պետք, նյութերն են ծավալուն էին։ Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, որ նյութերին ծանոթանանք։ Հետո դատարանը փոխեց որոշումն ու մի քանի ժամ տրամադրեց, որպեսզի  նյութերին ծանոթանամ»,- ներկայացրեց Սարգսյանը։ Անդրադառնալով այն վարկածին, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, սակայն չի ներկայացել, Սարգսյանը պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Նկարագրվածն մեղադրանքն աբսուրդ է։ Իրենք նկարագրում են իդեալական իրավիճակում կանոններն ինչպես են նախատեսում եւ ինչպես պետք է ընդհանրապես գործի Պաշտպանության բանակի հրամանատարը, բայց իրենք հաշվի չեն առնում, որ ամսի 27-ին է նշանակվել նա։ Նա նշանակվել է այն իրավիճակում, երբ քաոս է տեղի ունեցել, հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի քաոսը վերացվի։ Նույնիսկ հնարավորություն չի ունեցել սովորական կարգով հանձնում-ընդունում իրականացնել։ Իրենք դիտարկում են՝ դու որ Պաշտպանության բանակի հրամանատար ես, դու պատասխանատու ես օրինակ՝ նյութատեխնիկական ապահովվածության համար, զորքի բարոյահոգեբանական վիճակի համար, պատրաստակամության համար. այն դեպքում, երբ նա 27-ին է նշանակվել»,- նշեց Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի անկման համար: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու  առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
16:09 - 31 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։Այսպես.Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի  երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարինտակ խաչմերուկից մինչև «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարինտակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։Բացի դրանից՝ Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշ­ման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի-Քարինտակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի - Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։Նախաքննությունը շարունակվում է։
20:08 - 30 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: Այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։
17:29 - 30 օգոստոսի, 2022