Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվեց․ պաշտպանը որոշումն անհիմն է գնահատում
18:14 - 25 ապրիլի, 2023

Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվեց․ պաշտպանը որոշումն անհիմն է գնահատում

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշել է երկարաձգել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս 3 ամսով։

Infocom-ի հետ զրույցում Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց` դատարանի որոշումը դեռ չեն ստացել, հիմքերին ծանոթ չեն, սակայն այն անհիմն են գնահատում․ «Դատախազությունը նշում էր, որ քանի որ Միքայել Արզումանյանը հանդիսացել է ՊԲ հրամանատար եւ հեղինակություն ունի, կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների վրա եւ խոչընդոտել գործի քննությանը, ամբողջ նախաքննության ընթացքում այս հիմքն էին դրել եւ հեղինակության համար արդեն 8 ամիս է՝ կալանքի տակ են պահում։ Նախաքննության ավարտից հետո նորից նույն բանը պնդելն առնվազն անհիմն է, որովհետեւ հենց ՄԻԵԴ-ի որոշումներով է նշված, որ շարունակական կալանքի տակ պահելը բացառապես այդ հիմքով անթույլատրելի է, եթե անգամ նախնական փուլում կային հիմքեր»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ որոշումը ստանալուց հետո նախատեսում են բողոքարկել․ «Մենք պնդում էինք, որ խափանման միջոցի հիմք չկար կամ առավելագույնը կարող էր կիրառվել տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք կամ դրանք համակցությամբ, ինչը բավարար կլիներ պատշաճ վարքագիծը ապահովելու համար, բայց դատարանը դա էլ մերժեց»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ քրեական գործով առնվազն 161 վկա պետք է հարցաքննվի․ «Դրա համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով եւս առավել քան անհիմն էր։»

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դատարանը որոշել էր այսօր նշանակված առաջին  դատական նիստն անցկացնել դռնփակ։ Նիստի ժամանակ Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել՝ դռնբաց քննություն իրականացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է․ «Դատարանը գտավ, որ ամեն դեպքում, կարող է պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակվի, եւ այդ հիմքով մերժեց»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դռնփակ քննություն անցկացնելու որոշումը վերաբերում է ողջ դատաքննությանը։

Նիստի ընթացքում Երեմ Սարգսյանը նաեւ բացարկի միջնորդություն է ներկայացրել հանրային մեղադրողներ Վազգեն Վարդանյանին եւ Հայկ Ռափյանին՝ միաժամանակ միջնորդելով, որ առնվազն այդ հարցը դռնբաց քննվի՝ հաշվի առնելով, որ որեւէ գաղտնիքի չի առնչվում, սակայն դա եւս մերժվել է։

Պաշտպանի խոսքով՝ բացարկի միջնորդության հիմքում քննչական ենթակայության խախտման հանգամանքն է․ «Մենք գտնում ենք, որ այս գործը չպետք է քններ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունը, այլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հետեւաբար, իրենք այս գործով պատշաճ սուբյեկտ չեն, հսկող դատախազները պետք է լինեին Գլխավոր դատախազության համապատասխան վարչության դատախազները»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ բացարկի միջնորդությունը նույնպես մերժվել է։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 3-ին։

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արզումանյանը կալանավորված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել