Հայաստանի բանկերի միություն

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ, ոչ առևտրային, հասարակական կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը: ՀԲՄ-ն հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:

ՀԲՄ և ԿԲ նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները

ՀԲՄ և ԿԲ նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ  Դանիել Ազատյանը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են ՀԲՄ-ից։ «Հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը և տարբեր ձևաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի: Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված երկկողմ արդյունավետ և կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի և Բանկերի միության միջև, կարևորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման»,- նշված է միության տարածած հաղորդագրության մեջ։
10:21 - 18 նոյեմբերի, 2023
Հայաստանի բանկերի տարեկան կապիտալը 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ |civilnet.am|

Հայաստանի բանկերի տարեկան կապիտալը 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2021-ի արդյունքները, ըստ որի՝ ՀՀ առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր ակտիվները 2021-ին աճել են 6,7%-ով՝ կազմելով 7 տրլն 80 մլրդ դրամ։ «Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5,1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1,7%-ով»,- ասված է ՀԲՄ հաղորդագրությունում։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 տրլն 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 տրլն 740 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները․ «Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%»,- նշում են միությունից։ 2021-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6,5%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8,5%-ով։ Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների տվյալները: Մասնավորապես՝ 2021-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14,6%-ով: ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ բանկային համակարգը 2021-ն ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
16:52 - 16 փետրվարի, 2022
Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր․ ՀԲՄ նախագահ

Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր․ ՀԲՄ նախագահ

Հարցազրույց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ․ - Պարոն Անանյան, նախորդ տարին ինչպես մեր պետության, այնպես էլ բանկային համակարգի համար լի էր մարտահրավերներով՝ սկզբում համավարակ, այնուհետև պատերազմ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ընդունեց ֆինանսական համակարգն այդ մարտահրավերները, ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմակայել և պահպանել կայունությունը, քայլեր ձեռնարկել բանկերի հաճախորդներին աջակցելու նպատակով: -Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ավելին, տնտեսության և հասարակության մեջ ծանրագույն ցնցումների ֆոնին, բանկերը կարողացել են հուսալի գործընկերներ մնալ օտարերկրյա ներդրողների համար, ինչը շատ կարևոր է: Բանկերի արձագանքը 2020 թվականին առաջացած լրջագույն տնտեսական մարտահրավերին եղել է արագ, ժամանակին ու լայնորեն կոորդինացված ՀՀ կառավարության և Կենտրոնական Բանկի հետ: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում բանկերը վերակառուցել են ավելի քան 550 հազ. ֆիզիկական անձ և 17.4 հազ. իրավաբանական անձ հաճախորդների վարկեր ընդհանուր 1.3 տրլն ծավալով: Միաժամանակ, բանկային համակարգն ակտիվ ներգրավվել է ՀՀ կառավարության կողմից մշակված և համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին, որի շրջանակում բավարարվել է ավելի քան 25000 վարկային հայտ 119 մլրդ դրամ գումարի չափով: 2020թ-ին բանկերն ակտիվորեն զարգացնում էին նաև սպասարկման հեռավար ուղիները և առաջարկում նոր լուծումներ՝ սկսած օնլայն բանկինգի ծառայություններից՝ վերջացրած անհպում բանկոմատների ներդրմամբ: – Ինչպես բխում է Ձեր պատասխանից՝ բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի  և հնարավորություն ունեն ցանկացած պահի լիարժեք կատարել իրենց պարտավորությունները: Իսկ ի՞նչ են ասում բանկիրները: Ի՞նչ կորուստներով են բանկերը դուրս գալու վիրուսային ճգնաժամից: Արդյո՞ք բոլորի մոտ կբավականացնի կապիտալը և կամքը: -Այս պահին կապիտալիզացիայի և իրացվելության առումով բանկերն ունեն բավարար պաշարներ: Միևնույն ժամանակ կան դեռևս խնդիրներ, որոնք մենք քննարկում ենք ինչպես կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի հետ: Օրինակ՝ այս պահին քննարկվող խնդիրները վերաբերում են Արցախի բնակչության ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարումներին, որոնց լուծման ուղղությամբ այժմ ակտիվորեն փնտրվում են տարբեր ուղիներ։ Հայաստանում գործում է 17 բանկ, որոնցից 7-ը մասնաճյուղեր են ունեցել Արցախում, մնացած 10 բանկերը նույնպես ակտիվորեն մասնակցել են վարկավորման ծրագրերին: Ռազմական գործողությունների արդյունքում նրանք բոլորն էլ ֆիզիկական և ֆինանսական վնասներ են կրել։ - Բանկերը դեռ ի վիճակի են մարսել ռիսկերը, սակայն երկրում սոցիալական, տնտեսական բարդությունների պատճառով վարկերը չվճարելու դեպքերը կարող են աճել: Այդ դեպքում ի՞նչ կլինի։ -Չեմ թաքցնի, մենք դիտարկում ենք իրադարձությունների զարգացման նման սցենար։ Իսկապես, վարկերի չվճարումը բանկերում տեսանելի ապագայում կարող է հաճախակիանալ։  Չաշխատող վարկերի ծավալը, որոնցով վճարումներ չեն կատարվում, մեր գնահատականներով, ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս: Այնուամենայնիվ, կրկնեմ, բանկերն ունեն բավականաչափ ռեզերվ՝ իրենց կապիտալի հաշվին կորուստները ծածկելու համար։  Ընդ որում, նման կայունության պաշար ունի ոչ միայն բանկային համակարգն ամբողջությամբ, այլև յուրաքանչյուր բանկ առանձին-առանձին: Բանկերը կարող են դրանք հաղթահարել վերոնշյալ կապիտալի «բարձիկի» հաշվին։ - Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք երկրի ամենախոշոր բանկերից մեկը: Երբևիցե չե՞ք ցանկացել փոխել աշխատանքի բնույթը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի բանկիրը, ի՞նչ որակներ են օգնում և որոնք են խանգարում աշխատել այդ համակարգում։ -Առաջին մասնագիտությամբ մեխանիկոս-մաթեմաթիկոս եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանն, այնուհետ պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բուհն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ նախ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, որպես գիտաշխատող, այնուհետև ստացել եմ նաև երկրորդ մասնագիտություն՝ ավարտելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ֆինանսներ և վարկ հեռակա ֆակուլտետը, այնպես որ մինչև բանկային համակարգ մտնելը հասցրել եմ աշխատել նաև այլ ոլորտում։ 1998թ-ից ի վեր ես այս բնագավառում եմ և այս տարիների ընթացքում չեմ փոխել գործունեությանս տեսակը: Իրականում ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Թեև այն չափազանց հետաքրքիր է, բայց դժվար և պատասխանատու, քանզի մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր վստահում են մեզ իրենց միջոցները, իսկ մեր պարտքն է արդարացնել այդ վստահությունը և ապահովել լրացուցիչ եկամուտներ մեր ավանդատու հաճախորդների համար։ - Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականից, ինչպիսի՞ն կլինի այն բանկային համակարգի համար: -Կանխատեսումները անշնորհակալ գործ են։ Առայժմ համավարակը դեռ էականորեն չի նահանջել և ամենայն հավանականությամբ, 2021թ. նույնպես կանցնի դրա հետևանքների դեմ պայքարով:  Բացի դրանից պատերազմով պայմանավորված տնտեսական հետևանքների ազդեցությունն առավելապես զգացնել կտան հենց 2021 թվականին: Շատ բան կախված կլինի համավարակով պայմանավորված իրավիճակի զարգացումից, իշխանությունների և կարգավորող մարմինների գործողություններից, երկրի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր իրավիճակից։ Վերոհիշյալ պատճառով Հայաստանի բանկերի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն ավանդական բանկային գործիքները, այլև ակտիվորեն զարգացնելու ենք 2020թ-ի մարտահրավերներով թելադրված նոր տեխնոլոգիաները: Ես խոսում եմ ինչպես հեռավար սպասարկման կատարելագործման և հաճախորդների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ բիզնես գործընթացների օպտիմալացման մասին։   Հուսով եմ, որ կգրանցվի հիփոթեքային վարկավորման շուկայի աճ՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի աճի հաշվին։ Որպես վարկային շուկայի կայունացման կարևոր գործոն, պետք է նշեմ գրավիչ տոկոսադրույքներով հիփոթեքային վարկավորման ծրագրերի զարգացումը, որպեսզի ձևավորվի շուկայի պահանջարկը։ - Այո, շատ բան է արվել, որպեսզի հիփոթեքը դառնա ավելի մատչելի բնակչության համար.  Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ մեզ մոտ, Հայաստանում, այսպես կոչված, «հիփոթեքային պղպջակ» առաջանա։ -Ես դրա նախադրյալներ չեմ տեսնում, հատկապես, որ հիփոթեքային շուկան շարունակել է աճել նույնիսկ 2020 թվականին։ Այդ աճի հիմնական որոշիչ գործոններն են եղել եկամտահարկի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, բանկերի միջև մրցակցության արդյունքում վարկավորման անընդհատ բարելավվող պայմանները, ինչպես նաև բանկերի և կառուցապատողների միջև համագործակցությունը:  Կենտրոնական բանկը և ՀԲՄ-ն, իհարկե, որոշակի անհանգստություն ունեն՝ կապված այն հանգամանքի հետ, որ բնակչության վճարունակությունը նվազում է, իսկ սպառողական վարկերը՝ աճում: Բայց դա չի նշանակում, որ կան պղպջակների առաջացման մտավախություններ։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում նման ռիսկեր ես չեմ տեսնում։ Շարունակվելու է քարտային բիզնեսի աճը քանի որ արդեն երկիր է մուտք գործել Android pay համակարգը և արդեն հայաստանյան 2 բանկ մատուցում է այդ ծառայությունները, կասկած չունեմ որ մեր շուկա մուտք կգործի նաև Apple pay համակարգը։ Հնարավոր է, որ կհայտնվեն նոր պրոդուկտներ և տեխնոլոգիաներ, որոնք կապված են անկանխիկ գործարքների հետ։ Ամենայն հավանականությամբ սպառողական վարկավորման շուկայում կգրանցվի զարգացման տեմպերի նվազում՝ ի նկատի ունեմ այսպես կոչված կանխիկով վարկավորմանը։ Ուզում եմ, որ պարզ լինի՝ ցանկացած ճգնաժամ, ցանկացած համավարակ մի օր կավարտվի։  Եվ եթե մենք դրանից դուրս գանք պատվով, ապա կունենանք բոլորովին նոր, ամբողջովին վերափոխված ֆինանսական և տնտեսական համակարգ։ Այսօր բանկերում, բորսաներում, տեղեկատվական և այլ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն արդեն արմատական են։ Վստահ եմ, որ այս փոփոխությունները մեր երկրի հետագա տնտեսական աճի և ֆինանսական զարգացման համար առողջ հիմք կհանդիսանան: – Պարոն Անանյան, ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ և երջանիկ մարդ դառնալու համար, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին: -Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական գիտելիքների վրա, հետաքրքրվեք ձեր ոլորտի նորություններով, մասնագիտորեն անընդհատ աճեք և զարգացեք: Իհարկե, կմաղթեի նաև հաջողություն, բայց դա երբեք  մարդուն հենց այնպես չի տրվում: Իսկ երջանիկ լինելու համար պետք է ունենալ լավ ընտանիք, սիրված աշխատանք և լավ աշխատանքային ընկերներ: Սրամիտ է ձևակերպված՝ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան չի ուզում գնալ աշխատանքի, իսկ երեկոյան չի ուզում գնալ տուն: - Դուք ունե՞ք աշխատանքի կազմակերպման որևէ կանոն: -Ես այսօրվա գործը չեմ թողնում վաղվան. նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր:
12:01 - 29 մարտի, 2021
Արցախի պետնախարարը հանդիպել է Հայաստանի բանկերի ղեկավարների հետ

Արցախի պետնախարարը հանդիպել է Հայաստանի բանկերի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 10-ին Երևանում հանդիպել է Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միությունը։ Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։ Կարևորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները: Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը: Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ: Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
11:41 - 11 փետրվարի, 2021
Երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

Երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը: Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝   Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն  դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն: Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7  միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն: Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով: Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:   Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։ Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։
12:14 - 01 դեկտեմբերի, 2020
Վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ. ՀԲՄ

Վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ. ՀԲՄ

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը ռազմական դրությամբ պայմանավորված՝ քաղաքացիների ունեցած վարկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.   «Անդրադառնալով մեր համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ: ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։ Ողջունելի է, որ նաև ՀՀ առևտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին առանց հարկային հետևանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ և ընդգրկուն: Հավաստիացնում ենք, որ բանկերը առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման մարդակենտրոն մոտեցմամբ և նպատակ ունենալով հնարավորությունների առավելագույն չափով աջակցել մեր հայրենակիցներին՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ: Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով ևս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվեն համարժեք լուծումներ: Վերոնշյալ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել բանկերի հայտարարություններին կամ դիմել սպասարկող բանկ»,- ասված է հայտարարության մեջ:
12:28 - 02 նոյեմբերի, 2020
Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից  |armenpress.am|

Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած 550 հազար ֆիզիկական և 17.4 հազար իրավաբանական անձ հունիսի 1-ի դրությամբ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ անդրադառնալով վարկային արձակուրդի և կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրերին։ «Վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:  Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով  ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 21693 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 98 մլրդ դրամ գումար։ Սա նշանակում է, որ միջինում մեկ հայտատուին տրամադրվել է 4,5 մլն դրամի վարկ»,- նշեց Սարգսյանը։  Նրա խոսքով՝ այսօր արդեն բավարարվել է 1071 վարկային հայտ՝ շուրջ 66 մլրդ դրամ չափով գումար: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 20.622 վարկային հայտ՝ 32.2 մլրդ դրամի չափով  գումար։
17:35 - 10 օգոստոսի, 2020
Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար

Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար

Ներգրավված լինելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում` ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ գումար։ Այս մասին նշված է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունում։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ հումք, սարքավորումներ ձեռք բերելու, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու համար, հուլիսի 7-ի դրությամբ բավարարվել է 947 վարկային հայտ՝ շուրջ  59 մլրդ դրամ գումարի  չափով. բավարարված մեկ հայտի միջին ծավալը կազմել ՝ 62․3 մլն ՀՀ դրամ։ Նշենք, որ առաջին ծրագրի շահառու ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է տնտեսության գրեթե բոլոր հիմնական ուղությունները, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություն, ռեստորաններ, գյուղ․վերամշակում, առևտուր, առողջապահություն։ Աշխարհագրության առումով ևս ծրագիրը բավականին ընդգրկուն է․արտոնյալ պայմաններով վարկեր ստացել են ընկերություններ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ 10 մարզերից: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 16.384 վարկային հայտ՝ շուրջ 24 մլրդ դրամ գումարի  չափով։ Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի գծով բանկերի կողմից սպասարկվել են նաև տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ ստանալով սոցիալական աջակցության՝ իրենց հասանելիք գումարները։ Բացի կառավարության ծրագրերից բանկերը շարունակում են նաև իրենց միջոցներով տնտեսության ակտիվ վարկավորումը։
15:25 - 13 հուլիսի, 2020
Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ |armtimes.com|

Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ |armtimes.com|

armtimes.com: Արտակարգ դրության ժամանակահատվածում բանկերն իրենց հաճախորդներին վարկային արձակուրդ տրամադրելուց բացի վերանայում են նաեւ գործող վարկերի պայմանները: Սկզբնական շրջանում նաեւ ավանդների նվազում է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ սպասվում էր, որ բանկերը որոշակի խնդիրներ կունենան, սակայն այս պահին դեռեւս մեծ խնդիրներ չեն առաջացել, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀ կառավարությունն իր միջոցառումներն իրականացնում է բանկերի միջոցով՝ այդպիսով նաեւ ակտիվ պահելով այդ ոլորտը։ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը անդրադարձել է վարկերին, ավանդներին եւ ստեղծված իրավիճակում հնարավոր զարգացումներին։ զարգացումներին։ - Պարոն Աբրահամյան, արտակարգ դրության ժամանակահատվածում քանի՞ քաղաքացու եւ քանի՞ բիզնեսի է վարկային արձակուրդ տրամադրվել եւ որքա՞ն են կազմել այն պարտավորությունները, որոնք երկարաձգվել են։ - Արտակարգ դրության հենց առաջին օրերից բոլոր բանկերը հայտնեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրել վարկային արձակուրդ ֆիզիկական անձ հաճախորդներին, ինչպես նաեւ դրսեւորել անհատական մոտեցում այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ տուժել են համավարակի պատճառով։ Պետք է փաստենք, որ բանկերի հաճախորդներն ակտիվորեն օգտվել են բանկերի ընձեռած այդ հնարավորություններից։ Մասնավորապես, հունիսի 1-ի դրությամբ վարկային արձակուրդից եւ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ։ Ընդհանուր առմամբ, վերանայվել է 1.3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր։ Միեւնույն ժամանակ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ դրան զուգահեռ՝ բանկերը պարտաճանաչ կատարում են իրենց պարտավորություններն ավանդատուների նկատմամբ՝ պայմանագրերին համաձայն վճարում են ավանդների դիմաց կուտակված տոկոսագումարները։ - Հաշվի առնելով, որ բանկային համակարգի աղբյուրներից մեկը ավանդներն են, այս ընթացքում արդյո՞ք ավանդների արտահոսք եղել է, եթե այո, ապա ի՞նչ չափով։ - Եկեք պարզաբանենք, թե ինչ նկատի ունենք «ավանդների արտահոսք» ասելով։ Բանկերում ավանդային պորտֆելը դինամիկ մեծություն է, որը փոփոխվում է ամեն ամիս եւ ամեն օր։ Նոր ավանդների ներգրավումը եւ ավանդների մարումը բանկերի ամենօրյա գործունեության անբաժանելի մասն են։ Բնական է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում եվս որոշ ավանդներ մարվել են, իսկ որոշները՝ ներգրավվել։ Հետեւաբար, ավանդային պորտֆելի տատանողականությունը բնական երեւույթ է եւ առկա է միշտ։ Եթե խոսում ենք կոնկրետ համավարակով պայմանավորված կտրուկ տատանումների մասին, ապա այո՛, պետք է նշեմ, որ համավարակի առաջին օրերին տեղի ունեցան որոշակի էական տեղաշարժեր՝ պայմանավորված ապագայի անորոշություններով եւ տնտեսության մի շարք ճյուղերի գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։ 2020 թ. առաջին եռամսյակում, որը ներառում է նաեւ համավարակի սկիզբը, ընդհանուր ավանդները նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1 տոկոսով։ Սակայն այստեղ կարեւոր է շեշտել, որ հետագա ժամանակահատվածում բանկային համակարգում կրկին նկատվել է ավանդային պորտֆելի աճ, եւ շատ կարճ ժամանակ անց բանկային համակարգում ավանդների ծավալը կրկին հավասարվել է մարտի սկզբին եղած ցուցանիշին։ Այսինքն, պետք է փաստել, որ շատ կարճատեւ տատանողականությունից հետո բանկային համակարգը կրկին վերադարձել է իր նախկին վիճակին՝ լիովին եւ բնականոն սպասարկելով իր հաճախորդներին։ Սա արդյունք է ոչ միայն վարած ճիշտ քաղաքականության, այլ նաեւ հաճախորդների կողմից բանկերի նկատմամբ ունեցած վստահության բարձր մակարդակի։ - Բանկային համակարգն ի վիճակի կլինի՞ արտակարգ դրությունից հետո սպասարկել բիզնեսին՝ հաշվի առնելով, որ շատերը վարկային նոր միջոցներ ներգրավելու կարիք կունենան։ - Բանկային համակարգն այսօր բավականին բարձր մակարդակի իրացվելիություն ունի։ Թե՛ ԿԲ վարած քաղաքականության, եւ թե՛ բանկերի ռիսկերի կառավարման ներքին քաղաքականությունների շնորհիվ այսօր բանկերում առկա են ե՛ւ կապիտալի, ե՛ւ իրացվելիության մեծ պաշարներ։ Այդ մասին բազմիցս նշել են ինչպես առանձին բանկերը, այնպես էլ վերահսկող մարմինը՝ Կենտրոնական բանկը։ Հասարակությունը հնարավորություն ունեցավ համոզվելու, որ կորոնավիրուսի համաճարակի ամբողջ ընթացքում բանկերը ոչ միայն սատարեցին իրենց հաճախորդներին՝ տրամադրելով վարկային արձակուրդ, այլ նաեւ տնտեսության բավականին խոշորամասշտաբ վարկավորում իրականացրին։ Ընդ որում՝ վարկավորումն իրականացվեց ինչպես կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների իրականացման շրջանակներում, այնպես էլ բանկերի սեփական միջոցների հաշվին։ Այս ամենը հնարավորություն է տալիս վստահությամբ նշելու, որ արտակարգ դրությունից հետո եվս բանկերը կունենան բավական քանակությամբ իրացվելի միջոցներ՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար։ Եվ այս առումով թե՛ տնտեսվարող սուբյեկտները, եւ թե՛ ֆիզիկական անձինք մտահոգվելու առիթ չեն ունենա։ Հատկապես, որ բանկերը գնալով կատարելագործում են մատուցվող ծառայություններն ու հարմարեցնում հաճախորդների պահանջմունքներին։ - Արդյո՞ք բանկային համակարգը առանձին բիզնես փաթեթներ մշակելու ծրագիր ունի, որպեսզի թե՛ բիզնեսը կարողանա ոտքի կանգնել, թե՛ բանկը կարողանա շահույթ ստանալ։ - Տեսե՛ք, այն, ինչ արվել է համավարակի ամբողջ ընթացքում, այդ թվում՝ այն, ինչ արվում է այսօր, հենց այդ առանձին բիզնես փաթեթներն են, որի մասին Դուք հարցնում եք։ Անխտիր բոլոր բանկերը հայտարարել են, որ պատրաստ են ցուցաբերել անհատական մոտեցում այն բիզնեսների եւ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ տուժել են համավարակի պատճառով։ Կարելի է ասել, որ ձեռք է բերվել բավականին ամուր եւ վստահելի համագործակցություն բանկերի եւ իրենց հաճախորդների միջեւ փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Քիչ առաջ նշված թվերն ու ցուցանիշները դրա վառ ապացույցն են։ Բնական է, որ յուրաքանչյուր անհատական մոտեցում պետք է այս կամ այն կերպ օգնի տնտեսվարողին, միեւնույն ժամանակ շահավետ լինելով նաեւ բանկի համար։ Ըստ այդմ, այն համագործակցությունը, որը ձեւավորվել է բանկերի եւ վերջիններիս հաճախորդների միջեւ, կպահպանվի նաեւ ապագայում։ Միեւնույն ժամանակ, իհարկե, բանկային համակարգը դինամիկ զարգացող ոլորտ է, եւ ամենօրյա կտրվածքով բանկերի կողմից մշակվում եւ ներդրվում են նորանոր պրոդուկտներ, առաջարկվում են նոր առաջադիմական լուծումներ տարբեր հաճախորդների պահանջները բավարարելու համար։ Ամփոփելով, կարող եմ փաստել, որ բանկերը մշտապես պատրաստ են համագործակցել իրենց հաճախորդների հետ փոխշահավետ պայմաններով։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:03 - 03 հուլիսի, 2020
Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9%

Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9%

Կորոնավիրուսի տարածումն ու կարանտինային խիստ միջոցառումներն ամբողջ աշխարհում ստիպում են մարդկանց փոխել իրենց սովորությունները։ Համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարաբնույթ գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա։ Այս մասին հայտնում է Հայաստանի բանկերի միությունը։ Այս տենդենցից անմասն չի մնացել նաև Հայաստանը, ինչի մասին փաստում են վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվայլներով ոչ միայն պահպանվել է անխանխիկ գործարքների   ծավալային և քանակական աճի տեմպն, այլև առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2020թ-ի առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների քանակն աճել է 73․6%-ով, իսկ ծավալը՝ 53․4%-ով: 2020թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որոնցով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 33.8%-ով: Աճ է գրանցվել նաև վճարային քարտերով գործարքների ծավալների մասով։ 2020թ-ի առաջին եռամսյակում այն կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 110 389 մլն դրամով կամ 22.9%-ով։   Զգալիորեն աճել են անկանխիկ գործարքների քանակն ու ծավալը։ Մասնավորապես՝ եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կանխիկ գործարքներն ավելացել են 2.4%-ով, ապա անկանխիկ գործարքների քանակը համապատասխանաբար ավելացել է 73.6%-ով։ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ   կանխիկ գործարքների ծավալն ավելացել է 13.3%-ով, իսկ ահա անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 53.4%-ով։ Հատկանշական է նաև, որ 2020թ-ի առաջին եռամսյակում քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` կազմելով 55.9%, երբ 2019թ-ի առաջին եռամսյակում այս նույն ցուցանիշը եղել է ընդամենը 36.6%: Գծանկարից նաև երևում է, որ 2020թ-ի առաջին եռամսյակում, ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս ցուցանիշը գրեթե կրկնակի է աճել, քան նախորդող 4 տարիների ընթացքում տարեկան աճերն են:  Այստեղ նույնպես արձանագրվում է, որ Հայաստանում առաջին անգամ քարտով կատարվող անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկով կատարվող մանրածախ առևտրի ծավալներին: Ամբողջ աշխարհում վճարային գործիքներով՝ այդ թվում նաև քարտերով գործարքները թե՛ ծավալային և թե՛ քանակական առումով տարեցտարի ավելանում են:  Հայաստանում միայն առաջին եռամսյակում և մասնավորապես մարտ ամսին (COVID-19-ով պայմանավորված) գրանցված աճի ցուցանիշները ևս փաստում են, որ մարդիկ գիտակցում են՝ անկանխիկ գործառնություններն ի թիվս մի շարք այլ առավելությունների, նաև ավելի ապահով են առողջապահական տեսանկյունից: Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաև հաջորդող ամիսների ընթացքում:
15:20 - 05 հունիսի, 2020
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։ Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից։ Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով: 2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները  նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն  աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն  աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով,  իսկ ֆիզ. անձանց ավանդներն   աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով: 2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:
13:25 - 26 մայիսի, 2020
Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սեյրան Սարգսյան |armtimes.com|

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սեյրան Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Առաջին անգամ Հայաստանում քարտերով իրականացված անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով կատարված գործարքների քանակը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։ «Անկանխիկ գործարքների քանակը 57 տոկոս է կազմում, իսկ կանխիկով գործարքները՝ 43 տոկոս։ 2020 թվականի առաջին եռամսյակում քարտերով կատարվել է 18 մլն 154 հազար գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 33.8 տոկոսով։ Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 մլն դրամով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22.9 տոկոսով»,- ասաց Սարգսյանը։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում  
12:58 - 26 մայիսի, 2020
ՀԲՄ-ն քաղաքացիներին հորդորում է չենթարկվել ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին

ՀԲՄ-ն քաղաքացիներին հորդորում է չենթարկվել ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին

Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի առջև կազմակերպված ակցիային՝ հորդորելով քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։ Ինչպես տեղեկացրին ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ «Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության  պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։ Ըստ այդմ, վերջին տվյալների  համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց: Բացի այդ, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։ Անդրադառնալով կազմակերպվող ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ ևս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետևանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»,- ասվում է հայտարարության մեջ։
19:55 - 12 մայիսի, 2020
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

 Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը։ «ՊԵԿ-ի կողմից հրապարակված  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների  ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը:  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է  237 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ,  ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր  214 մլն դրամ: Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է  8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:  Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ: ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը: Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում», -ասված է հաղորդագրության մեջ։
13:05 - 23 ապրիլի, 2020
«Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից». Հայաստանի բանկերի միության հայտարարությունը

«Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից». Հայաստանի բանկերի միության հայտարարությունը

Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից. «Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող: Ավելին, բանկային համակարգը լիովին  թափանցիկ է, և համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված: Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված  ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով  «միավորներ»  հավաքելու նպատակով: Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի  պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։ Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և  «վերլուծություններ» հնչեցնելուց։ Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ և որակյալ  տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին:  Հ.Գ.  Սույն հայտարարության առիթը, մասնավորապես,  ս.թ. ապրիլի 13-ին 5 TV Channel-ով հեռարձակվող «Խառը տնտեսություն» հաղորդման թողարկումն էր, որի հյուրը՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, հնչեցրեց ոչ մասնագիտական գնահատականներ ֆինանսական կառույցների կողմից գյուղոլորտին առաջարկվող բանկային ծառայությունների վերաբերյալ»։
11:39 - 20 ապրիլի, 2020
Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ: 2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի և կանխիկի համամասնությունը.   քանակական առումով կանխիկ և անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝   2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին  կազմել է   602 մլրդ դրամ, աճը՝  52%: Այս դինամիկան թերևս վկայում է այն մասին, որ  բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ: Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է  վկայում նաև   POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական և ծավալային  աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում  աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով: Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաև առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների  քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։ Հարկ է նաև նշել, որ  ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր: Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայություն
12:45 - 11 մարտի, 2020