Հայաստանի բանկերի տարեկան կապիտալը 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ |civilnet.am|
16:52 - 16 փետրվարի, 2022

Հայաստանի բանկերի տարեկան կապիտալը 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2021-ի արդյունքները, ըստ որի՝ ՀՀ առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր ակտիվները 2021-ին աճել են 6,7%-ով՝ կազմելով 7 տրլն 80 մլրդ դրամ։

«Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5,1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1,7%-ով»,- ասված է ՀԲՄ հաղորդագրությունում։

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 տրլն 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 տրլն 740 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները․ «Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%»,- նշում են միությունից։

2021-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6,5%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8,5%-ով։

Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների տվյալները: Մասնավորապես՝ 2021-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14,6%-ով:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ բանկային համակարգը 2021-ն ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել