Արցախի պետնախարարը հանդիպել է Հայաստանի բանկերի ղեկավարների հետ
11:41 - 11 փետրվարի, 2021

Արցախի պետնախարարը հանդիպել է Հայաստանի բանկերի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 10-ին Երևանում հանդիպել է Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միությունը։

Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։

Կարևորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները:

Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը:

Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ:

Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել