Ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միություն (ՀԺՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն, որը միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների աշխատողներին։ Ստեղծվել է 1959 թվականի մարտի 27-ին։ 1978 թ. հունիսի 1-ին Երևանում բացվել է ժուռնալիստի տունը։ Այժմ միության նախագահն է լրագրող Սաթիկ Սեյրանյանը։

ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտող հայտարարություն են տարածել ոստիկանության ծառայողների կողմից շարունակական բռնությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։ Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։ 2024թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։ Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։ Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։ Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։ Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։ Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․ Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝  ոստիկանությունում,      քննչական մարմիններում և դատախազությունում, Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում, Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին, Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում, Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ, Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում, Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում, Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանրային լրագրության ակումբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրավունքի կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ   Լուսանկարը՝ Հետքի արխիվից/22.09.2023
13:51 - 04 ապրիլի, 2024
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում». ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում». ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Փետրվարի 8-ին, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր, ըստ կարգի՝ դիմել եմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ամբակում Գրիգորյանին՝ խնդրելով թույլատրել ինձ, aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանին և 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին մինչև փետրվար ամսվա վերջ թույլատրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունենալ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Դիմումի մեջ տեղեկացրել էի, որ Արմեն Աշոտյանը համաձայնել է հարցազրույցի ձևաչափով հանդիպում ունենալ մեզ հետ, ինչը վերջինս ամրագրել էր նաև ՔԿԾ ղեկավարությանը հասցեագրած իր դիմումով: Փետրվարի 16-ին մեր դիմումը մերժվեց՝ անհեթեթ ու փնթի հիմնավորմամբ, այնքան փնթի, որ անգամ ՔԿԾ համապատասխան պաշտոնյայի՝ մեզ հասցեագրված պատասխանից նկատելի էր՝ մերժել են, որովհետև դիմել էինք ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույց վարելու նպատակով:   Այսպես, ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի անունից մեզ հասցեագրված պատասխանի մեջ նախ վկայակոչված էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, համաձայն որի՝ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց՝ նաև ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ապա հավելել էին, որ կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ կարճատև տեսակցություն՝ մինչև 3 ժամ տևողությամբ, ու «ավետել էին»,  որ 2024թ. փետրվարի 16-ին ստացված տեղեկանքի համաձայն՝ Արմեն Աշոտյանն օգտվել է իր փետրվար ամսվա հասանելիք տեսակցություններից, ուստի հնարավոր չէ տրամադրել վերջինիս հետ տեսակցությունը: Եթե այս տեքստը գրողները կամ այն ստորագրողը ամեն կերպ չձգտեին կատարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան-Նիկոլ Փաշինյան զույգի հրահանգը, մեկ անգամ գոնե կկարդային՝ ինչ հիմնավորմամբ են մերժում: Օրենքն ասում է՝ «ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ» կարճատև տեսակցություն, ինչը նշանակում է, որ նույն օրենքով կարգավորված է նաև լրացուցիչ տեսակցության տրամադրումը: Սա դեռ մեկնաբանում եմ իրենց ուղարկած պատասխանի տրամաբանության մեջ: Ի դեպ, ի գիտություն այս պատասխանը ստորագրողի, այն գրողների ու գրելու հրահանգը տվողների՝ բացի նշված օրենքից, կա նաև կառավարության համապատասխան որոշում «ՀՀ ԱՆ ՔԾ՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», որով կարգավորվում են նշված հարցերը: Այդ որոշման մեջ նաև տեսակցությունների տրամադրման կարգի մասին է նշվում, և որոշման 139-րդ կետը սահմանում է, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված քանակից ավելի տեսակցություն ում չի կարող տրամադրվել: Իսկ այդպիսին չի կարող տրամադրվել բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին: Հիմա հարց՝ մեզ ուղարկված պատասխանը ստորագրած Գևորգ Հովհաննիսյանը, ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ են ասել՝ նշվածներից ո՞ր հիմքով է մերժվել Արմեն Աշոտյանին լրացուցիչ տեսակցության տրամադրումը, եթե ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը դիտարկենք իրենց տրամաբանության մեջ ու ընդունենք որպես տեսակցություն: Հետաքրքիր է՝ այս պատասխանի հեղինակներն ինչպե՞ս էին պատկերացնում՝ լրագրողները ձայնագրիչներով պիտի գնային նստեին կարճատև տեսակցության ընդհանուր սենյակում, մյուս տեսակցողների հե՞տ: Կամ արդյո՞ք որևէ կալանավորված անձի ընտանիքի անդամը կարճատև տեսակցության գնալիս կարող է իր հետ ձայնագրիչ ներս տանել, ինչպես լրագրողներն են անում: Եվ երբ վերոնշյալ անձանց գլխում ծնվում էր այս կերպ հարցազրույցը «ցրելու» հանճարեղ միտքը, չէի՞ն մտածում, որ հարցեր կարող են առաջանալ, իսկ չգիտեի՞ն, որ երբ լրագրողը, ասենք, որևէ միջոցառում է  լուսաբանում ՔԿՀ-ում, հընթացս հարցազրույցներ է անում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ, այդ դեպքում դրանք ինչո՞ւ տեսակցություններ չեն համարվում: Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում չի կաշկանդվում ու հոդվածների միջոցով իր ասելիքը հասցնում է իր լսարանին, և լրագրողների միջոցով թե առանց նրանց, պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: Տրամաբանական չէ, որ ՔԿԾ պետը, այսքանը հասկանալով ու քաջ իմանալով, կարող էր խոչընդոտել խմբագիրների մուտքն Արմեն Աշոտյանի մոտ ու դառնալ թիրախ: Ակնհայտ է, որ այս որոշումը թելադրված է բարձրագույն մակարդակում, Նիկոլ Փաշինյանի կողմից, որն Ամբակում Գրիգորյանին հասել է Գրիգոր Մինասյան խողովակով: Վերոնշյալ հիմնավորումները, օրենքները և նախադեպերը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ մեր մուտքը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մոտ՝ հարցազրույց անելու նպատակով, մերժվել է քաղաքական խմբի ղեկավարի անմիջական հրահանգով: Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի պատասխանատու պաշտոնյաները վստահաբար լավ գիտեն՝ տեղեկությունների հավաքագրումը լրագրողական գործունեության կարևոր նախապատրաստական քայլ է և մամուլի ազատության պաշտպանության ենթակա բաղկացուցիչ մասը: Ազատազրկվածները պետք է մամուլի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, քանի դեռ առկա չեն այն արգելելու ծանրակշիռ պատճառներ անվտանգության և կարգի պահպանության, հանրային շահի կամ տուժողների, այլ դատապարտվածների կամ անձնակազմի պաշտպանության նկատառումներով: Եվ սա  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» (2006թ.) թիվ 2 հանձնարարականով է ամրագրված: Ի վերջո, բացի ներքին կարգավորումներից, այս հարցերը նաև միջազգային ստանդարտներով են կարգավորվում: Եվ, այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքն ազատ արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը, ինչը տվյալ պարագայում խոչընդոտվում է պետական մարմնի կողմից: Լրագրողական գործունեության  և խոսքի ազատության իրացման երաշխիքներն ամրագրված են օրենքով, ըստ որի՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: ՔԿԾ կամ այլ իրավասու մարմնի կողմից լրագրողի դիմումի մերժումը՝ ընդհանրական բնույթի որևէ պատճառաբանությամբ, նշանակում է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը, իսկ լրագրողական մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ունի հանրային կարևորություն:
20:52 - 26 փետրվարի, 2024
Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր․ ՀԺՄ հայտարարությունը

Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր․ ՀԺՄ հայտարարությունը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարաությամբ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով: Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր: Դավիթ Սարգսյանին ճանաչող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ խուլիգանական վարքագիծը որևէ աղերս չի կարող ունենալ նրա հետ: Դավիթի նկատմամբ, նրա լրագրողական գործունեությունը նկատի ունենալով, ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև այն, ինչ վերագրվում է մեր գործընկերոջը, տեղի է ունեցել ուղիղ եթերում, և դա որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող: Դավիթ Սարգսյանը՝ որպես համալսարանական, գիտության հետ առնչություն ունեցող մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ հայտարարության ընդունումը, որը փորձ էր արվում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել: Դավիթ Սարգսյանի քաղաքացիական կեցվածքն ու ակտիվությունը շատ լավ առիթ էին գործող իշխանության համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը, լրագրողական համայնքին կոչ անում անտարբեր չլինել իրենց գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողի հանդեպ, իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի: Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները»:
19:34 - 25 սեպտեմբերի, 2023
Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի հիմնադրման օրը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի հիմնադրման օրը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի հիմնադրման օրը։ Հայտարարությունում ասվում է․ «Սիրելի՛ գործընկերներ, մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, այսօր նշում ենք Հայ մամուլի հիմնադրման օրը:Մենք՝ գործող լրագրողներս, ամենօրյա աշխատանքով շարունակում ենք հայ մամուլի ավանդույթները, ինչը ոչ միայն հպարտության առարկա է, այլ նաև չափազանց պարտավորեցնող առաքելություն: Այսօր մեր պետությունը բախվում է լրջագույն մարտահրավերների, պայմանավորված` ինչպես արտաքին, գոյաբանական սպառնալիքներով, այնպես էլ ժողովրդավարությանն ուղղված ներքին ոտնձգություններով, ազատ խոսքի հանդեպ դրսևորվող՝ երբեմն թշնամանքի հասնող անհանդուրժողականությամբ: Բոլոր այս իրողությունները բազմապատիկ բարդացնում են մամուլի, զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Մյուս կողմից, սակայն, նաև մեր մասնագիտական գործունեությանն ուղղված այդ մարտահրավերները ստիպում են մեր աշխատանքին վերաբերվել ոչ միայն ծայրահեղ պատասխանատվությամբ, այլ նաև նույնքան պատվախնդրությամբ՝ մեր մասնագիտությունը ամենատարբեր ոտնձգություններից պաշտպանելու իմաստով:   Հարգելի գործընկերներ,Այսօր հայկական մամուլի դեմ ուղղված ամենահամակարգային մարտահրավերներից մեկն այն է, որ գործող իշխանությունները՝ արտաքին աշխարհի համար ձևական ժողովրդավարություն ցուցադրելու նպատակով պահպանում են խոսքի ու մամուլի ազատության արտաքին շղարշը, միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում անելով ամեն ինչ` ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելու համար մեզանից պահանջվում է առաջին հերթին ու առավելապես մասնագիտական համերաշխություն, յուրատեսակ հավատարմություն լրագրությանը, որը մեզ կհամախմբի անկախ մեր բոլոր տարբերություններից ու տարաձայնություններից: Այդ միասնականությանը մենք կարող ենք հասնել այդ թվում ու առաջին հերթին մեր գործունեության մեջ լրագրողական էթիկայի կանոնների խստիվ պահպանմամբ և մեր աշխատանքի հանդեպ ներքին պատասխանատվության բարձրացմամբ, ինչը, ցավոք, ոչ միշտ է դրսևորվում մեր օրերում: Ազատ խոսքն ու մամուլը ժողովրդավարության կենսական հիմնասյուներից մեկն է, որի պաշտպանությունն ու զարգացումն այսօր մեր՝ լրագրողներիս պարտականությունն է:Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա առիթով՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը բոլորիս մաղթում է կամք, վճռականություն, մասնագիտական ու մարդկային քաջություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ բաժին հասած մասնագիտական, բայց նաև հանրային պարտականությունը արժանապատվորեն կատարելու գործում»:
16:09 - 16 հոկտեմբերի, 2022
Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները. Ժուռնալիստների միություն

Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները. Ժուռնալիստների միություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով և ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքեց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները: Թեև անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած պատգամավորին գործընկերները մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց քիչ անց նրան օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա էլ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրահանգեց լրագրող Անի Գևորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչն անհապաղ կատարեցին. լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, թևերից բռնած քարշ տալով՝ նրան դուրս բերեցին ԱԺ շենքից: Տեղի ունեցածից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն հայտարարեց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլև, որ ինքն առաջնորդվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց՝ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: «Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը: Ակնհայտ է, որ մամուլի նկատմամբ իշխանությունների նման, մեղմ ասած, պաշտոնյային ոչ հարիր վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին երկրում տեղի ունեցող՝ իրենց անհանգստացնող իրադարձություններով, ռազմաճակատին զուգահեռ՝ քաղաքական հարթությունում կատարվող ստվերային գործընթացներով և դրանց նկատմամբ հասարակության մեջ առաջացած արդարացի վրդովմունքով: Իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց սխալների ու թերությունների մասին հանրությանն իրազեկող մամուլը համարում է թշնամի, քանի որ մեծապես ազատ ու իշխանության վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իր թիկունքում կատարվող իրադարձությունների մասին: Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները, այդ թվում՝ ներկայացուցչական մարմնի ղեկավարի՝ ԱԺ նախագահի հրահանգով, իշխանությունից պահանջում է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ գործելաոճ դրսևորել, կատարվածն արժանացնել իրավական գնահատականի, պատասխանատվության ենթարկել սեփական թիմի անդամ այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ չէ, որ լրագրողներին սպառնում են հաշվեհարդարով: Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն. այս դեպքում հիշատակված պատգամավորը ոչ միայն սպառնացել է, այլև փորձել է կոնկրետ գործողությունների դիմել: Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող միավորներին ու անհատներին՝ ցուցաբերել համարժեք գործելակերպ, զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները: Մեր գործընկերներին կոչ ենք անում, անկախ ստեղծված իրավիճակից, պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր նորմերը և սատար կանգնել միմյանց»:
20:38 - 15 սեպտեմբերի, 2022
Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու անդամները որոշում կայացրին՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ Որոշման համաձայն ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթի ժամանակ, նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա և չի մասնակցի տվյալ նախագծի քվեարկությանը։ «Այս հարցը սուբյեկտիվ է, իսկ ինձ համար կարող է կրկնակի սուբյեկտիվ լինել, քանի որ հանդիսանում եմ նույն դաշտում գործող մեկ այլ ՀԿ-ի՝ Ֆրանկոֆոն լրագրողների միության գլխավոր քարտուղար։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում մասնակցել այս քվեարկությանը, որպեսզի շահերի բախում չլինի»,- ասաց Աբգարյանը։ Որոշումն ընդունվեց 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։
16:35 - 28 ապրիլի, 2020
Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանում ստանալու համար դիմել են Տիգրան Ավինյանին

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանում ստանալու համար դիմել են Տիգրան Ավինյանին

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմում՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Հարգելի պարոն Ավինյան, Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»: Համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվության միջոց։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։ Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման դրույթները և դրանց հնարավոր մեկնաբանությունները զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով՝ ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ՝ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։ Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ 1. Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։ 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե՝ ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակվող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։ 3. Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձին չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվություն՝ նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյոք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։4. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերական կերպով նման հաղորդումներ տարածող անձինք արդյո՞ք չեն հայտնվում ավելի բարենպաստ իրավական վիճակում։ 5. Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։ 6. Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշերը։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե՞ ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմաքաղաքական իրադրությունը՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։7. Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություննե՞րն են, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից, և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։ 8. Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։ 9. ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյո՞ք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։10. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։ 11. Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։ 12. Որոշման 26-րդ կետն ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ո՞վ է լիազորված այդ խախտումները հայտնաբերել, և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։ 13. Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշերի հիման վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխանները մի կողմից՝ անհրաժեշտ են՝ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնելու ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովելու լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն և որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։ Լրատվամիջոցների ղեկավարներ Ֆլորա Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր 6.Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական–քաղաքական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն Արևիկ Սահակյան – factor.am կայքի գլխավորխմբագիր Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր 13. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական –վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք–Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր «Առկա» գործակալության տնօրեն –Կոնստանտին Պետրոսով Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն Արտակ Հերիքյան – 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն  
18:01 - 18 մարտի, 2020
Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել. փաստաբան

Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել. փաստաբան

Հայաստանի Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Աղավնի Մադոյանը: Նա հստակեցրեց, որ տարածքների վարձակալման մասին պայմանագրի ստորագրությունների կեղծման հետ կապված քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին ասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց վարչական կամ այլ լիազորությունների օգտագործումը ընդդեմ այդ կազմակերպությունների շահերի եւ իրենց ու այլ անձանց համար շահույթ եւ առավելություններ ստանալու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է զգալի վնաս) եւ 325 հոդվածի 1-ին մասով (իրավունք տրամադրող կամ պատասխանատվությունից ազատող վկայականի կամ այլ պաշտոնական փաստաղթի կեղծումը՝ կեղծողի կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ նման փաստաթղթի իրացումը, կամ կեղծ կնիքների, դրոշմների, ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների համարանիշերի պատրաստումը կամ իրացումը նույն նպատակներով, ինչպես նաեւ նախապես հայտնի կեղծ փաստաթղթի օգտագործումը): «Մեկ միլիոն դրամից ավելի վարձակալության պայմանագիր չի կարող կնքվել առանց Վարչության անդամների որոշման: Կեղծումը կատարվել է հենց այս նպատակով»,- պարզաբանեց նա:Փաստաբանի խոսքով՝ բացառված չէ, որ կդիմեն վնասի փոխհատուցման համար: «Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում տարածքների վարձակալության մասին պայմանագրում հավասարակշռությունը խախտվել է վարձակալողի եւ սեփականատիրոջ միջեւ: Սահմանվել է շուկայականի համեմատությամբ ակնհայտորեն ցածր վարձավճար»,- եզրափակեց Աղավնի Մադոյանը: news.am
13:39 - 21 մարտի, 2019