Տիգրան Կարապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1981թ. փետրվարի 10-ին: 2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2006թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագետ: 2003-2006թթ. աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ ապրանքագետ, 2006-2008թթ.՝ փոխտնօրեն, 2008-2019թթ.՝ գործադիր տնօրեն: 2005-2008թթ.՝ Գորիսի ավագանու անդամ:

2011 թվականից՝ Սյունիքի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանն ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն: Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ խոսել է Տիգրան Կարապետյանը։ - Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին: - Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը, եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ՝ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք: - Սերժ Սարգսյանն իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է: - Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում՝ գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել, եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից, հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին: - Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանո՞վ: - Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի: - Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից: - Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնսժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք: - Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին: - Քանի որ հարցերը պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին: - Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը Խաչատուրովից հարցեր կան պարզելու, այն պարագայում, երբ Խաչատուրովը չի ընդունել նիստին մասնակցելու առաջարկը, բաց հարցեր չկա՞ն: - Իհարկե, այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խոչընդոտները հաղթահարել եւ ամբողջական պատկերը ստանալ: Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի մասով մենք ասել ենք, որ դուռը բաց ենք թողնում եւ դեռեւս ակնկալում ենք, որ նա կգա հանձնաժողով: Հաշվի առնելով, որ իր անձի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, եւ եթե այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողով գալը կօգնի գեներալին, որը, ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, փայլուն մարտական ուղի է անցել, որ նրա վերաբերյալ հնչող ասեկոսեները մենք հերքենք, եթե իրականությանը չեն համապատասխանում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:21 - 08 ապրիլի, 2020
Փորձում են ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, ինչ-որ մարդիկ խանգարում են․ Տիգրան Կարապետյան

Փորձում են ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, ինչ-որ մարդիկ խանգարում են․ Տիգրան Կարապետյան

Կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն հանդիսացող «Սթրեյթ գրուպը» մեկ տարի է փորձում է ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, բայց ինչ-որ մարդիկ խանգարում են. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը, դիմելով Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: «Խնդրում եմ պարզել մարդկանց շրջանակը և ուղղակի խնդրում եմ՝ թող չխառնվեն, որովհետև չի հաջողվելու»,-ասաց նա և նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել: Նա նշեց, որ դեկտեմբերին մեծ ոգևորությամբ ընդունեցին հայկական զրահաբաճկոնների մուտքը ՀՀ, որովհետև այդ ընկերությունը 7 տարի է պայքարում էր և մերժում էր ստանում: «Իսկ մերժում էին, որովհետև «հայտնի» մարդիկ ներկրումների հաշվին գումարներ էին աշխատում և խանգարում էին: Հիմա պայմանագիրը ստորագրել ենք, այդ մարդիկ սկսել են մատակարարել, բայց շուտով խնդիր են ունենալու»,-ասաց նա: Տիգրան Կարապետյանը նշեց, որ «Օպտոէլեկտրիկ գիտաարտադրական կոպերատիվի» համար ևս փորձում են խնդիր ստեղծել, և այս մարդկանց այսքան արածը և զրահաթիթեղները նորից փոխարինեն ներմուծմամբ: «Այս դեպքում, կոնկրետ մարդու ականջներ են երևում, չէի ուզենա խոսել, բայց եթե խնդիրը չլուծվի, արդեն կասենք»,-ասաց նա: Զինթոշակառուների բնակարանների հետ կապված ևս խնդիր կան: Պատգամավորը նշեց, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող երեք բնակարան ունենալ, որի մասին գրվել է նաև մամուլում: Հարցին թե ում մասին է խոսքը, պատգամավորը նշեց՝ Գառնիկ Հայրապետյան, չգիտեմ էլ ով է, գրվել է, որ երեք բնակարան ունի, ստուգեք այս փաստը»,-ասաց նա: Գաբրիել Բալայանը նշեց, առաջին հարցի խնդիրը կփոխանցի նախարարին: «Անպայման կտեղեկացնեմ պարոն նախարարին, կզեկուցվի և համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն»,-ասաց նա: Զրահաբաճկոների հետ կապված խնդրի հարցով ևս ՊՆ փոխնախարարն ասաց, որ ծանոթ է: «Ենթադրում եմ՝ ում նկատի ունեք, սրա մասին ևս կզեկուցեմ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Հայրապետյանին, ապա նշեց, որ մի փոքր վերապահումով է մոտենում: «Այն տվյալները, որը մենք ունենք, այդ թվում և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական աղբյուրներից չեն հաստատում այն տվյալները, որ ասում եք, բայց վարչությունում նրա հետ խոսակցություն կունենամ»,-ասաց նա: tert.am  
12:44 - 22 մարտի, 2019