Կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն հանդիսացող «Սթրեյթ գրուպը» մեկ տարի է փորձում է ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, բայց ինչ-որ մարդիկ խանգարում են. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը, դիմելով Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Խնդրում եմ պարզել մարդկանց շրջանակը և ուղղակի խնդրում եմ՝ թող չխառնվեն, որովհետև չի հաջողվելու»,-ասաց նա և նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել:
Նա նշեց, որ դեկտեմբերին մեծ ոգևորությամբ ընդունեցին հայկական զրահաբաճկոնների մուտքը ՀՀ, որովհետև այդ ընկերությունը 7 տարի է պայքարում էր և մերժում էր ստանում: «Իսկ մերժում էին, որովհետև «հայտնի» մարդիկ ներկրումների հաշվին գումարներ էին աշխատում և խանգարում էին: Հիմա պայմանագիրը ստորագրել ենք, այդ մարդիկ սկսել են մատակարարել, բայց շուտով խնդիր են ունենալու»,-ասաց նա:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ «Օպտոէլեկտրիկ գիտաարտադրական կոպերատիվի» համար ևս փորձում են խնդիր ստեղծել, և այս մարդկանց այսքան արածը և զրահաթիթեղները նորից փոխարինեն ներմուծմամբ: «Այս դեպքում, կոնկրետ մարդու ականջներ են երևում, չէի ուզենա խոսել, բայց եթե խնդիրը չլուծվի, արդեն կասենք»,-ասաց նա:
Զինթոշակառուների բնակարանների հետ կապված ևս խնդիր կան: Պատգամավորը նշեց, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող երեք բնակարան ունենալ, որի մասին գրվել է նաև մամուլում: Հարցին թե ում մասին է խոսքը, պատգամավորը նշեց՝ Գառնիկ Հայրապետյան, չգիտեմ էլ ով է, գրվել է, որ երեք բնակարան ունի, ստուգեք այս փաստը»,-ասաց նա:
Գաբրիել Բալայանը նշեց, առաջին հարցի խնդիրը կփոխանցի նախարարին: «Անպայման կտեղեկացնեմ պարոն նախարարին, կզեկուցվի և համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն»,-ասաց նա:
Զրահաբաճկոների հետ կապված խնդրի հարցով ևս ՊՆ փոխնախարարն ասաց, որ ծանոթ է: «Ենթադրում եմ՝ ում նկատի ունեք, սրա մասին ևս կզեկուցեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայրապետյանին, ապա նշեց, որ մի փոքր վերապահումով է մոտենում: «Այն տվյալները, որը մենք ունենք, այդ թվում և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական աղբյուրներից չեն հաստատում այն տվյալները, որ ասում եք, բայց վարչությունում նրա հետ խոսակցություն կունենամ»,-ասաց նա:
comment.count (0)