Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ ՀՀ լեզվական քաղաքականության բնագավառում։ Գործում է ՀՀ ԿԳՆ ենթակայության ներքո։ Հիմնվել է 1993 թվականին որպես ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն։ 2018 թ․ այն վերակազմավորվել է որպես Լեզվի Կոմիտե։ 2018թ․ հուլիսի 12-ին կոմիտեի նախագահ է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն դեկտեմբերի 1-ին կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում: «Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին: Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում: Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները: Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն: Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: «Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների»,- ասել է Սիրանուշ Դվոյանը: Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:
10:24 - 02 դեկտեմբերի, 2023
Լուծումը՝ դատարանում. տնտեսավարողների զգալի մասը շարունակում է չպահպանել լեզվական օրենսդրության պահանջները

 |armenpress.am|

Լուծումը՝ դատարանում. տնտեսավարողների զգալի մասը շարունակում է չպահպանել լեզվական օրենսդրության պահանջները |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ լեզվի պետական կոմիտեն լեզվական օրենսդրության պահանջների խախտման առնչությամբ 2022-ին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 41 հայցադիմում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք, ՀՀ վճռաբեկ դատարան՝ 7 բողոք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջինյանը նշեց, որ նախորդ տարի վարչական հնարավոր իրավախախտումները կանխարգելելու նպատակով կոմիտեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ է հանձնել տնտեսավարողներին՝ տեղեկացնելով լեզվական օրենսդրության պահանջների և դրանց խախտումից բխող իրավական հետևանքների մասին։ Հիմնականում խնդիրը կապված է ցուցանակների գրառումների հետ: «Մեր մոտեցումն այնպիսինն է, որ ավելի լավ է մարդկանց համոզենք, հորդորենք, բացատրենք օրենքի պահանջը: Շատերը թյուրընկալում ունեն, որ անպայման օտար պետք է լինի անունը: Կարծում են, թե օտարալեզու գրությունը կգրավի այցելուներին: Շատ դեպքերում հայերենի պահանջը ձևական են կատարում: Եվ սա անում ենք մենք, մեր երկրում: Մեր կողմից մարդկանց հստակ նշվում է, որ սա օրենքի պահանջ է, խախտելու դեպքում հետևանքը լինելու է դատական գործընթացը, տուգանքը: Կան գիտակից անձինք, տնտեսավարողներ, որոնք պատրաստակամ են, փոխում են գրառումները: Շատերը սպասում են մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է դատարան: Հենց գործը մտնում է դատարան, մի մասը մեկ օրվա մեջ շտկում է խնդիրը»,-ասաց Գագիկ Գյուրջինյանը: Լեզվի կոմիտեի նախագահն ընդգծեց, որ իրենց խնդիրը պատժելը չէ, այլ իրազեկելը, օրենքի պահանջները ներկայացնելը և հասնելը նրան, որ տնտեսավարողները փակցնեն հայատառ գրառումներով ցուցանակներ, հայերենը լինի գերակշռող: Տնտեսավարողների շրջանում լեզվական օրենսդրության պահանջների պահպանման առումով դրական միտում կա, սակայն, ըստ Գագիկ Գյուրջինյանի, դա գոհացուցիչ չէ: Նրա խոսքով, մեծ տոկոս են կազմում հայատառ, բայց ոչ հայերեն գրությունները: Այս հարցում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահն ակնկալում է հասարակության ու բոլոր պետական, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների գործուն մասնակցությունը: Իրազեկման համատեքստում Լեզվի կոմիտեն ամենամսյա պարբերականությամբ հրապարակվում են հորդորակներ։ Դրանք ուղղված են հանրությանը, պետական և տեղական ինք­նա­կա­ռա­վարման մարմիններին, հիմնարկներին և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, զանգվածային լրատվության մի­ջոց­նե­րին։ Այդ հորդորակները հիմնականում օտար բառերի հայերեն համարժեքների ցանկեր են, լեզվական սխալների և տարբեր իրողությունների  վերլուծություններ։
15:34 - 25 հունվարի, 2023
Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրությունից և «Լեզվի մասին» ՀՀ օրենքից․ Լեզվի պետական կոմիտե

Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրությունից և «Լեզվի մասին» ՀՀ օրենքից․ Լեզվի պետական կոմիտե

Lեզվի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վերաբերյալ։ Հաղորդագրությունում ասվում է․«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։
14:50 - 09 հուլիսի, 2021
Լեզվի և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն բոլոր անունների գրանցման միասնականություն ապահովելու համար

Լեզվի և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն բոլոր անունների գրանցման միասնականություն ապահովելու համար

Հայերենի լիակատար կիրառում, անձնանունների, աշխարհագրական անվանումների, տեղանունների, փողոցների և մյուս բոլոր անունների գրանցման միասնականություն, փաստաթղթերում՝ լեզվական ու ոճական ճիշտ, միասնական ձևեր, այս ամենի համար՝ օրենսդրական փոփոխությունների մշակում… Այս հարցերի շուրջ, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, այսօր պայմանավորվեցին Լեզվի և Կադաստրի կոմիտեների ղեկավարները։ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և տեղակալ Մարատ Յավրումյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանի և խմբագիր Լիլիթ Ազատյանի հետ Կադաստրի կոմիտեում ավելի քան մեկ ժամ քննարկեցին… լեզվական հարցեր։ Դավիթ Գյուրջինյանը հանդիպման սկզբում գոհունակությունը փոխանցեց, որ Կադաստրի կոմիտեն հայերեն հեռախոսագրերը (sms-ները) պարտադիր է դարձրել, հետաքրքրվեց դրա տեխնիկական հնարավորություններով՝ Հայաստանում առավել լայնորեն կիրառելու համար։ Սարհատ Պետրոսյանը խոստովանեց, որ հատկապես հին և «հայերեն չկարդացող հեռախոսների» գոյության պայմաններում դա բավական բարդ էր, բայցև «մի կերպ հաղթահարեցինք այդ մարտահրավերը»։ Կարևոր բան էր։ Պետք է հարգել պետական լեզուն, մայրենի լեզուն, Սահմանադրությունն ու Լեզվի մասին օրենքը։ Իսկ Կոմիտեն տարեկան նվազագույնը 160 հազար հեռախոսագիր է ուղարկում իր կոնկրետ հաճախորդներին։ Կոմիտեի ղեկավարը նշեց նաև, որ հեռախոսագրերի անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը շուտով կվերանան, քանի որ կնիքի գործածումն օրենսդրորեն վերացնելուց հետո ծանուցումները հաճախորդներին կուղարկվեն էլեկտրոնային փոստով։ Այստեղ կա Լեզվի կոմիտեի հետ համագործակցության մյուս եզրը. գրագրությունը, Կոմիտեի տրամադրած վկայականները, մյուս փաստաթղթերը բերել ճիշտ և միասնական տեսքի։ Կոմիտեի գլխավոր քատուղար Գոհար Գրիգորյանի հետ պարբերական շփումներով կհստակեցվեն «ճիշտ կամ երկու տարբերակներից առավել ընդունելի» լեզվական ձևերը, կետադրական նրբությունները, կմշակվեն «ստանդարտներ»։     Ավելին՝ hetq.am-ում
09:11 - 13 մարտի, 2019