Լուծումը՝ դատարանում. տնտեսավարողների զգալի մասը շարունակում է չպահպանել լեզվական օրենսդրության պահանջները

 |armenpress.am|
15:34 - 25 հունվարի, 2023

Լուծումը՝ դատարանում. տնտեսավարողների զգալի մասը շարունակում է չպահպանել լեզվական օրենսդրության պահանջները |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ լեզվի պետական կոմիտեն լեզվական օրենսդրության պահանջների խախտման առնչությամբ 2022-ին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 41 հայցադիմում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք, ՀՀ վճռաբեկ դատարան՝ 7 բողոք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջինյանը նշեց, որ նախորդ տարի վարչական հնարավոր իրավախախտումները կանխարգելելու նպատակով կոմիտեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ է հանձնել տնտեսավարողներին՝ տեղեկացնելով լեզվական օրենսդրության պահանջների և դրանց խախտումից բխող իրավական հետևանքների մասին։ Հիմնականում խնդիրը կապված է ցուցանակների գրառումների հետ:

«Մեր մոտեցումն այնպիսինն է, որ ավելի լավ է մարդկանց համոզենք, հորդորենք, բացատրենք օրենքի պահանջը: Շատերը թյուրընկալում ունեն, որ անպայման օտար պետք է լինի անունը: Կարծում են, թե օտարալեզու գրությունը կգրավի այցելուներին: Շատ դեպքերում հայերենի պահանջը ձևական են կատարում: Եվ սա անում ենք մենք, մեր երկրում: Մեր կողմից մարդկանց հստակ նշվում է, որ սա օրենքի պահանջ է, խախտելու դեպքում հետևանքը լինելու է դատական գործընթացը, տուգանքը: Կան գիտակից անձինք, տնտեսավարողներ, որոնք պատրաստակամ են, փոխում են գրառումները: Շատերը սպասում են մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է դատարան: Հենց գործը մտնում է դատարան, մի մասը մեկ օրվա մեջ շտկում է խնդիրը»,-ասաց Գագիկ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահն ընդգծեց, որ իրենց խնդիրը պատժելը չէ, այլ իրազեկելը, օրենքի պահանջները ներկայացնելը և հասնելը նրան, որ տնտեսավարողները փակցնեն հայատառ գրառումներով ցուցանակներ, հայերենը լինի գերակշռող: Տնտեսավարողների շրջանում լեզվական օրենսդրության պահանջների պահպանման առումով դրական միտում կա, սակայն, ըստ Գագիկ Գյուրջինյանի, դա գոհացուցիչ չէ: Նրա խոսքով, մեծ տոկոս են կազմում հայատառ, բայց ոչ հայերեն գրությունները:

Այս հարցում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահն ակնկալում է հասարակության ու բոլոր պետական, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների գործուն մասնակցությունը:

Իրազեկման համատեքստում Լեզվի կոմիտեն ամենամսյա պարբերականությամբ հրապարակվում են հորդորակներ։ Դրանք ուղղված են հանրությանը, պետական և տեղական ինք­նա­կա­ռա­վարման մարմիններին, հիմնարկներին և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, զանգվածային լրատվության մի­ջոց­նե­րին։ Այդ հորդորակները հիմնականում օտար բառերի հայերեն համարժեքների ցանկեր են, լեզվական սխալների և տարբեր իրողությունների  վերլուծություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել