Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը
Երեկվանից հայաստանյան մի շարք կայքերում «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով նյութեր են տարածվում։ Նյութերի որոշ մասի գլխավոր լուսանկարում Ռուբեն Ռուբինյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն են (7or.am, hayeli.am, armeniasputnik.am, mitk.am, yerevan.today, արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5)
Վերնագրի ու լուսանկարի այսպիսի համադրությունից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին հայտարարություն է արել, սակայն նյութն ամբողջությամբ կարդալիս պարզ է դառնում, որ խոսքը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչի մասին է։
Մի քանի այլ լրատվամիջոցների վերնագրերում շեշտվում է, որ խոսքը Աքիֆ Քըլըչի մասին է, և գլխավոր լուսանկարում Սերդար Քըլըչը չէ։ Որոշ լրատվամիջոցներ էլ նյութը հրապարակել են «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով՝ չհստակեցնելով, թե որ Քըլըչի մասին է խոսքը։
Հայաստանյան լրատվամիջոցների աղբյուրը РИА Новости-ն է, որը հղվում է թուրքական Star-ին։ РИА Новости-ն գրել է․ «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»»։
Այնուհետև մեջբերվում են Աքիֆ Քըլըչի խոսքերը․ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում)։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»։
Թուրքական Star-ում, սակայն, նշված չէ, որ Աքիֆ Քըլըչը որևէ բան է ասել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։ Star-ն, իր հերթին, հղում է անում թուրքական մեկ այլ լրատվամիջոցի՝ Sabah-ին, որն էլ հենց Աքիֆ Քըլըչի հետ հարցազրույց է անցկացրել։ Լուրի սկզբնաղբյուրում ևս «ֆուտբոլային դիվանագիտության» մասին ոչինչ չկա։ Ըստ Sabah-ի՝ թուրք պաշտոնյան նշել է միայն Հայաստանի և Թուրքիայի հավաքականների գալիք ֆուտբոլային հանդիպումների մասին․ «Հայտարարելով, որ մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին Թուրքիայում կանցկացվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղ, Քըլըչը ասել է․ «Մեր ազգային հավաքականը գնալու է այնտեղ (Հայաստան- խմբ․), գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը (հայ-թուրքական հարաբերությունների- խմբ․) դրական է ընթանում։ Ադրբեջանի հետ էլ է դրական։ Պետք է քայլեր անել՝ առանց սադրանքների դիմելու»»։
Այպիսով, «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին ձևակերպումը РИА Новости-նն է, իսկ հայաստանյան լրատվամիջոցներն այդ ձևակերպումը վերագրում են թուրք պաշտոնյային։ Բացի այդ՝ մի քանի լրատվամիջոցներ վերնագրում գրել են միայն պաշտոնյայի ազգանունը՝ Քըլըչ, և տեղադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի մասնակցությամբ լուսանկար՝ տպավորություն ստեղծելով, որ վերջինս է նման հայտարարություն արել։
Հավելենք, 2008 թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան։ 2009թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում ստորագրել էին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ 2009թ. հոկտեմբերի 14-ին էլ Սարգսյանն էր Թուրքիա մեկնել՝ ֆուտբոլային խաղ դիտելու։ Ստորագրված արձանագրությունները, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների կողմից։
2014-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց․ «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» (մանրամասն կարող եք կարդալ Թաթուլ Հակոբյանի հոդվածում)։
Գլխավոր լուսանկարում՝ Աքիֆ Քըլըչը (լուսանկարը՝ Sabah-ից)
Աննա Սահակյան
17:40 - 18 հոկտեմբերի, 2022