Մեր բակը․ հասարակության КВН-ացումը [Challenge 1.1 | Դավիթ Ստեփանյան]
20:58 - 20 փետրվարի, 2020

Մեր բակը․ հասարակության КВН-ացումը [Challenge 1.1 | Դավիթ Ստեփանյան]

Ստեփանյան Դավիթ

   1997 թվականի տարեմուտին Հայաստնի պետական հեռուստաընկերության եթերում առաջին անգամ ցուցադրվեց «Մեր բակը» հեռուստաֆիլմը, որը դրականորեն ընդունվեց անկախ Հայաստանի հասարակության կողմից և դարձավ առաջին նշանակալի մեդիա արտադրանքներից մեկը, եթե ոչ՝ հենց ամենակարևորը։ Պետական հեռուստաընկերությունը «Շարմ» հոլդինգին էր պատվիրել ամանորյա ծրագիրը, դրա արտադրությանը միացել էին «Շարկ» և «Պարադիզ» ընկերությունը, որպես ռեժիսոր հրավիրվել էր Միքայել Դովլաթյանը՝ ականավոր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի որդին։ Արդյունքում ստացվել էին ինչինչ ստուդիական նկարահանումներ, որոնք նույնպես ցուցադրվեցին Ամանորի գիշերը, իսկ դրսի տեսարաններից հավաքվեց խնդրո առարկա ֆիլմը։ Այս գրությամբ կփորձեմ այն տեղավորել պատմական համատեքստի մեջ և ցույց տալ դրա նախադրյալներն ու հետևանքները, որ առաջին հայացքից այդքան էլ ակնհայտ չեն։ Ֆիլմի արտադրողների, սցենարի հեղինակների և դերասանների մեծ մասը «КВН» (Ուրախների և հնարամիտների ակումբի ռուսերեն հապավում) կոչվող հեռուստախաղի տարբեր ժամանակների մասնակիցներ են, և դրանից էլ պիտի սկսենք, որպեսզի կարևոր բան բաց թողած չլինենք։

 

Նախապատմություն․ КВН

 

   КВН խաղի ծագումն ուղղակիորեն կապված է խորհրդային հեռուստատեսության զարգացման և ուղիղ եթերի հնարավորության հետ, ու պատահական չէ, որ հեղինակներն այն անվանակոչել են КВН՝ ի պատիվ «КВН 49» հեռուստացույցի, որը թողարկվել է 1949-1962 թվականներին։ Սկզբնական շրջանում՝ 1961-1963, այն հիշեցնում էր ավելի ուշ շրջանից մեզ հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և «КВН» հեռուստախաղերի խառնուրդ, և մասնակիցներն իրենք իրենց հաճախ անվանում էին էրուդիտ, խոսում գիտության անունից և փորձում իրենց հնարամտությունը ցուցադրել։ Հավելենք, որ կար նաև կապուստնիկ կոչվող ինքնագործ թատերական ներկայացումների նմանությամբ ստեղծված շերտ։

   Ձնհալի շրջանի ազատությունները շատ յուրօրինակ դրսևորում գտան КВН-ում․ արդիության գիտական միտքն այնպիսի երևույթ է, որի բնույթը թույլ չի տալիս այն դրսևորել չափից կարճ ժամանակահատվածում, էլ ուր մնաց՝ մրցման մեջ դնել ի ցույց հանդիսատեսի։ Հետևաբար, այս խաղում առաջնայինը ցուցադրականությունն էր և կարճ ժամանակամիջոցում ուրիշի աչքի առաջ մրցակցից օժտված և խելացի երևալու կարողությունը, իսկ մնացյալը ենթարկվում էր այդ տրամաբանությանը։ Ասել է թե՝ դրա մեջ գերակշռում էին սպորտային և թատերական որոշ միջոցառումների հատկանիշներ։ Հումորն ու սրախոսությունն էլ, եթե շիտակ լինենք, ծիծաղի տեղ չտվող իրավիճակներից՝ լեզվին զոռ տալու միջոցով հռհռոց պոկելու արդյունք են մեծ մասամբ։ Ստալինիզմի տարիներից հետո սովետական հասարակությունը ի զորու չէր խոսել իր խորքային խնդիրների մասին, և մարդկանց բերանից դուրս եկող խոսքն ավելի շատ ազատության վատնում էր, քան դրա փորձառումը։ Եվ այս իմաստով КВН-ը, թերևս, վատթարագույն դրսևորումն էր այդ վատնման՝ մի բութ սրամտություն, որ աղմուկի էր վերածվում։ 1964-ին փոխվեց խաղի կանոնադրությունը, և այն, ձևի և թեմաների առմամբ, ավելի շատ նմանվեց այսօրվա КВН-ին։ Գիտական թեթևամիտ հավակնությունները նահանջեցին, որ հետագա տարիներին երևային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն ռինգ» հեռուստախաղերում, ավելի շատ պահպանվեցին կապուստնիկին բնորոշ հատկանիշները։ Ինչևէ, ձնհալի շրջանի КВН-ի վերաբերյալ մի բան ակնհայտ է՝ այն սովետական ուսանողի, աշխատողի ազատ ժամանակը լցնելու մի միջոց էր և չնայած իր ահռելի պոպուլյարությանն ու տարածմանը հեռուստատեսային շրջանակից դուրս՝ սպառնալիք չէր պաշտոնական գաղափարաբանության համար, այլ ավելի շատ լրացնում էր դրա բացերը, զբաղեցնում ձանձրացողներին։

   Լճացման շրջանում խաղը նախ հեռացվեց ուղիղ եթերի ռեժիմից (1968) և հեռարձակվում էր պաշտոնական դիսկուրսի տեսանկյունից անցանկալի մասերը կտրել-հեռացնելուց հետո, իսկ 1972 թվականին առհասարակ փակվեց։ Ի դեպ է նշել, որ КВН-ի առաջին էպոխայի վերջին եզրափակչին մասնակցել է «Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ»-ի թիմը, որի կազմում էին Շավարշ Քոչարյանը (ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր, 2008-2019 թվականներին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ), Արա Երնջակյանը (Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր, 1998-2001 թվականների Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության գծով ղեկավար, ՀՀԿ համամասնական ցուցակով երկու անգամ ընտրվել է Երևանի ավագանու անդամ), մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը և այլոք։

   Վերակառուցման սկզբին՝ 1986 թվականին, «Կենտրոնական հեռուստատեսության» երիտասարդական խմբագրության առաջարկով КВН-ը վերսկսվում է և անմիջապես մեծ հաջողության հասնում։ Բայց, ի տարբերություն իր պատմության առաջին շրջանի, այն շատ ավելի մեծ ազդեցություն ուներ խորհրդային քաղաքացիների աշխարհայացքի ձևավորման վրա, քանի որ պաշտոնական գաղափարաբանությունը գնալով թուլանում էր ու գործորդության մեծ տեղ թողնում հնարավոր մրցակիցներին։

   ԽՍՀՄ գոյության վերջին ամիսներն էին, երբ ասպարեզ իջավ «Երևանի բժշկական ինստիտուտ»-ի КВН-ի թիմն ու հենց սկզբից բավականին հաջող հանդես եկավ։ Հայաստանում պատերազմ էր և էներգետիկ ճգնաժամ, մարդիկ հիմնականում զբաղված էին իրենց առաջնային կարիքները հոգալով, սակայն հնարավորության դեպքում հետևում էին թիմի խաղին, հպարտանում դրանով, որովհետև КВН-ը քիչ ասպարեզներից էր, որտեղ Հայստանն ուներ հաջողակ ներկայացուցիչ (1992 և 1994 թվականներին չեմպիոն հռչակվեցին), որը հաղթում էր ԽՍՀՄ կազմի նախկին պետությունների ներկայացուցիչներին։ КВН-ը նաև միակ հարթակն է, որի շնորհիվ «Կենտրոնական հեռուստատեսություն»-ը տեղ էր հատկացնում հայերին։ Եթե հաշվի առնենք, որ Բենեդիկտ Անդերսոնն իր «Երևակայական հանրույթներ» (Imagined Communities) աշխատության մեջ ժամանակակից ազգերի առաջացման նախապաման է համարում տպագրական կապիտալիզմի շնորհիվ լայնորեն տարածված վեպերն ու թերթերը, որոնք զբաղեցնում են աշխարհիկացման հետևանքով պարապ մնացած ժամանակի ընկալումը և երևակայության միջոցով իրար կապում անծանոթ մարդկանց, ու սրան էլ հավելենք, որ այդ ընդհանրության պատկերացման համար նաև անհրաժեշտ է ուրիշը, ապա 90-ականների սկզբին КВН-ը ամենահարմար հարթակներից մեկն էր, որտեղ հայերը կարող էին այդ պահին երևակայել իրենց ընդհանրությունը։ Գրքերը, թերթերը և նույնիսկ կինոն արդեն ի զորու չէին ի մի հավաքել շփոթված հանրությանը ու այդ առումով մրցել հեռուստատեսության հետ։ Զուգահեռաբար 1991-ին КВН-ականներն արդեն իսկ հիմնել էին «Շարմ Հոլդինգ»-ը (անվանումը կրում է միաժամանակ երկու հղում․ ռուսերեն՝ Шоу армянских мужчин - ШАрМ և հին ֆրանսերեն charme արմատից սերող իմաստներ՝ հրապույր, թովչանք, կախարդական ուժ), որը զբաղվում էր զանազան տեսաարտադրանքի և շոուների թողարկմամբ ու կազմակերպմամբ։

   Հարկ է նշել, որ եթե 60-70-ականների КВН-ը հարմար զբաղմունք էր պաշտոնական մշակույթից ձանձրացող խորհրդային երիտասարդի համար, ապա նոր շրջանում ողջ ԱՊՀ տարածքում այն դարձել էր պաշտոնական մշակույթ(ներ)ի յուրօրինակ ուղեկից և լավ կարիերա որսացողների ցատկահարթակ (տարբեր մեդիա ֆիգուրներ` հաղորդավարներից մինչև տեղեկատվամիջոցների հիմնադիր-սեփականատերեր, դիվանագետներ և այլն, ավելի ուշ՝ նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի)։ Արժե հիշել Բժշկականի թիմի հորինած կարգախոսը, որն այնուհետև լայն տարածում ստացավ՝ «КВН-ը խաղ չէ, այլ կենսակերպ»։ Թիմի անդամներից Արմեն Գրիգորյանը սև սմոքինգը,— դա էին բեմի վրա կրում ԵՐբԻ-ականները,— համարում է բուրժուական հասարակության և լավ կյանքի խորհրդանիշ ու խոսում դրա մասին՝ որպես հաջողության ակնկալիքով ընտրված հագուստի։ Թիմի ավագ Ռաֆայել Մինասբեկյանը 2015 թվականից «Գազպրոմ-մեդիա հոլդինգ»-ի «Կինո և հեռուստատեոսություն։ Արտադրություն, վարձույթ, տարածում» ուղղության ղեկավարն է, իսկ մինչ այդ՝ «Ռոսգոսստռախ» ընկերության փոխնախագահը, բիզնեսի և կապերի ռազմավարական զարգացման բաժնի ղեկավարը։ Ռուբեն Ջաղինյանը այժմ Հայաստանի Կինոակադեմիայի նախագահն է: «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրներից է և 1991-2013 թվականներին դրա գլխավոր տնօրենը։ 2013 թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է «Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության» խորհրդի անդամ, իսկ մարտի 5-ին ընտրվել դրա խորհրդի նախագահ, բայց Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ստիպված եղավ հրաժարվել խոշոր պաշտոնից։ Ըստ մամուլի՝ կոռուպցիոն կամուրջ է գցել Հանրային հեռուստաընկերության և «Շարմ Հոլդինգ»-ի միջև։ Հանրությանը քաջ ծանոթ են նաև Կարեն Ղազարյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Մարկ Սաղաթելյանը, Գագիկ Բունիաթյանը, Արսեն Դանիելյանը։ Ի դեպ, վերջինս Ռուսաստանում կինոսցենարներ է գրում և համահեղինակն է «Երկրաշարժ»-ի, որի մասին գրելու առիթ արդեն ունեցել եմ և այն դիտարկել եմ որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի մշակութային գաղութացման օրինակ։

   1993 թվականին նույն «Շարմ»-ի նախաձեռնությամբ հիմնվեց «ՈւՀԱ Հայկական լիգա»-ն (տարբեր թիմերից մասնակցել են ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը, Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ գործող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և շատ ուրիշներ), ինչպես նաև «Շարմ»-ն ակտիվորեն աջակցում էր ձևավորվող «Նոր հայեր» թիմին (դրա կազմում էին ռուսաստանյան «Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-մեդիա Ժամանցային հետուստատեսություն» ենթահոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը, հայտնի էստրադային կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը)։

   Կարճ ասած՝ 1986 թվականից վերսկսված КВН-ը դարձել էր նոր էլիտաների ձևավորման դարբնոց։ Բայց մի բան մնում էր պատմականորեն անփոփոխ․ հայերը շարունակում էին հանդես գալ կովկասցու դերում, և օգտագորվծում էին տարիների փոշով պարուրված պատումների պատառիկներ, օրինակ՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի սյուժեն։ Ծիծաղելի լինելու հույսով տեղ-տեղ հայերը միտումնավոր խոսում էին «կովկասյան» շեշտադրումներով ռուսերեն, հաճախ ապուշի դեր էին ստանձնում, ինչի գիտակցված կամ չգիտակցված լինելու սահմանը դժվար է որոշել։

 

Ֆիլմը

 

   1997 թվականին, երբ զինադադար էր հաստատվել և էներգետիկ ճգնաժամն էլ հաղթահարված էր, ԽՍՀՄ փլուզումից խճճված հասարակությունը պատրաստ էր նոր կարգավորող պատումների և հրահանգների մեծ բաժին ստանալու, և դրանք եկան «Մեր բակը» ֆիլմի տեսքով։ Այն սկսվում է Ռաֆայել Քոթանջյանի մարմնավորած կերպարի՝ պատմողի, հետևյալ խոսքերով. «Բարի լույս ․․․, Երևանի ժամանակով յոթն անց է հինգ րոպե։ Երևանյան առավոտ է։ Արթնանում է բնությունը, արթնանում է քաղաքը, արթնանո՛ւմ են և քաղաքի բնակիչները։ Առայժմ փողոցներն ու հրապարակները դատարկ են, քանի որ մարդիկ նոր-նոր են դուրս գալիս տներից և մինչ օրվա աշխատանքային ռիթմի մեջ մտնելը՝ անցնում են հարազատ բակով։ Իրոք, ի՞նչը կարող է ավելի հարազատ լինել, քան բակը, ուր ծնվել-մեծացել ես։ Բակի բնակիչների մեջ դուք կարող եք ճանաչել ձեր ծանոթներին, ընկերներին, բարեկամներին։ Բայց քանի որ անհնար է նրանց բոլորին հավաքել մեկ տեղ, նրանց փոխարինեցին դերասանները»։ Սույնից ակնհայտ է, որ հեղինակները փորձում են «Մեր բակի» մեջ խտացնել ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի պատկերը։ Դրա մասին է հուշում նաև այն, որ Երևանի Թումանյան 40 հասցեի բակը, որտեղ նկարահանվել է ֆիլմը, ցուցադրվում է միայն ներսից․ դա կարող է ցանկացած բակ լինել։ Արտաքին՝ տեսողական առումով ճանաչելի և առանձին հասցեն մատնող մասերը չկան ֆիլմում։

 

 

   90-ականների սուր խնդիրների արտացոլումը ֆիլմում

 

   Երիտասարդ Արմենի քեռին զինվորական է և գալիս է բակ՝ նրան, ինչպես ասում էին, բանակ տանելու։ Տղան փախչում է, քեռին հետապնդում։ Ֆիլմի վերջին մոտ Արմենին արդեն տեսնում ենք զինվորական հագուստով։ Հայտնի է, որ այդ շրջանում զինծառայության հարցը շատ բարդ էր․ մի կողմից պետությանն անհրաժեշտ էր որոշակի քանակի զինծառայող ապահովել բանակի համար, մյուսից՝ այն ի վիճակի չէր փոքրիշատե ընդունելի պայմաններ՝ նորմալ սնունդ և առողջապահություն, տրամադրել զինծառայողներին, տարբեր մակարդակներում իշխում էին կաշառակերությունը և ոչ կանոնակարգային հարաբերությունները։ Շատ երիտասարդներ բանակից խուսափելու նպատակով պարզապես հեռացան Հայաստանից։ Եվ ահա այս հանգամանքներում, երբ բարձր դիրք և փող ունեցողին հաճախ հաջողվում էր խույս տալ զինծառայությունից, ֆիլմի հեղինակները քեռու ձեռքով բերման են ենթարկում բանակից փախչող Արմենին՝ մյուս երիտասարդներին ուղղորդելով զինծառայության։

   Հաջորդը գործազրկության խնդիրն էր․ խորհրդային արդյունաբերության փլուզումից հետո բավականին ծանր վիճակ էր, և մարդկանց գիտելիքը, որ գործածելի էր դրանից առաջ, զգալի չափով դարձել էր իրադրությանն անհամապատասխան և չաշխատող։ Շատերը ստիպված ուժերը փորձում էին առևտի մշուշոտ հորիզոններում, և դա ո՛չ միշտ և ո՛չ բոլորի համար էր հաջողությամբ պսակվում։ Այսքանը նկատի առնելով՝ դիտարկենք Ռաֆայել Քոթանջյանի մարմնավորած կերպարի խոսքից մի հատված ևս․ «Իսկ այս բնակիչը, որը հենց նոր փախավ, Աշոտն է՝ բակի անբանը։ Իր պարտքն է համարում ներկա գտնվել բակում կատարվող բոլոր իրադարձություններին ...։ Կյանքի մենամեծ երազանքն է աշխատանքի ընդունվելը, կյանքի ամենամեծ ցանկությունը՝ չաշխատելը»։ Սա կարծես քողարկված հնար լինի, որը, չնկատելով գործող սոցիալ-տնտեսական կարգի հարուցած խնդիրները, մեղավոր զգալ պիտի տա այն մարդկանց, որոնք չէին կարողանում աշխատանք գտնել և, ընդսմին, համակերպման տանի հասարակությունը։

   Տեղին է նաև միգրացիայից խոսելը․ ֆիլմում հնչում է հանրածանոթ ռաբիզ երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» երգը․

 

Վաղուց ապրում եմ օտար ափերում,

Ուր ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ։

Բայց մի աղջիկ կա՝ աչքերը թախծոտ,

Կարծես կանչում է նա դեպի իր մոտ։

 

- Հա՛յ ես դու։

- Հա՛յ եմ ես։

- Վա՛խ, քո ցա՜վը տանեմ ես։

- Հա՛յ ես դու։

- Հա՛յ եմ ես։

- Դու հա՛յ ես։

- Ես հա՛յ եմ։

- Վա՛խ, քո ցա՜վը տանեմ ես։

 

Ու այսպես տխուր օտար ափերում,

Մենակ տղա եմ, սերս եմ փնտրում,

Բայց օտարները ինձ չեն հասկանում,

Կյանքս անցնում է, անցնում, սերս չեմ գտնում։

 

Էլ ի՞նչ ես անհույս թափառում, ասա՛,

Հայի ծարավ է՝ քեզ ընկեր չկա։

Արի միանանք, բախտներս կապենք՝

Օտար աշխարհում ուրիշ ճար չունենք։

 

Այդ շրջանում զգալաչափ արագացել էին միգրացիոն տեղաշարժերը, դրանց շուրջ հյուսվող պատումը, և շատերի կողմից սիրված երգում տեսնում ենք միանգամից երկու խոշոր խնդիր, որ առաջ էր եկել դրա հետևանքով։ Հայտնի է, որ երգիչի հայացն ուղղված էր ԱՄՆ կողմը և ըստ շրջանառվող լուրերի՝ նա նույնիսկ զբաղվում էր վճարի դիմաց հայ միգրանտների համար փաստաթղթեր և վիզաներ հայթայթելով։ Ուստի, խնդիրներից մեկը հետսովետական տարածքից անդին գտնվող աշխարհի հետ հաղորդակցման մեջ մտնելու դժվարություն է՝ «օտարները ինձ չեն հասկանում», ընդ որում, պիտի կարծել, որ դա վերաբերում էր ինչպես լեզվական խութերին, այնպես էլ բարքերին։ Մյուսը՝ ամուսնական շուկայի շարժերն էին․ «Ու այսպես տխուր օտար ափերում,/Մենակ տղա եմ, սերս եմ փնտրում, - ու դրանից բխող, - Արի միանանք, բախտներս կապենք՝/Օտար աշխարհում ուրիշ ճար չունենք»։

   Սրա մեկ այլ դրսևորում է ըստ սյուժեի ԱՄՆ-ից ժամանած Ռաֆոյի զրույցը բակի հարևանների հետ․

Աշոտ - Ընդեղի աղջիկները լա՞վն են։

Ռաֆո - Գիտես՝ չէ, մեր աղջիկներից ճիշտը չկա․ համե՛ստ, սիրո՛ւն։ Իրանց կանայք էլ՝ to be, or not to be՝ յա կան, յա չկան։

   Այստեղ գենդերային վարքի մեկնաբանման լայն տեղ է բացվում, բայց ես հանձն չեմ առնի դա։

 

 

   Օրվա բարքերի ու բարոյականության ներկայացումը ֆիլմում

  

   Ամենաակնառու օրինակը Ինժեներ բալա մականվամբ (Հայկ Խաչատրյան) կերպարն է։ Ֆիլմի հեղինակները կիրթ մարդուն որոշակի հատկանիշներ են վերագրում և ծանակում դրանք՝ ինժեներ, որը Ռոլան, Դրայզեր և Բայրոն է կարդում, փորձում է գրական լեզվով խոսել, բարկացած և բղավող կնոջը շատ մեղմ է պատասխանում՝ փորձելով հանդարտեցնել նրան, բացի կնոջից ուրիշ ոչ մեկի հետ չի քնում, մրսկան է։ Հարևանները առանց առանձնակի պատճառի նրան կանչում են բեսեդկա («տաղավար» թարգմանությունը լիարժեքորեն չի արտահայտում ռուսերեն այս բառի նշանակությունը) և խմբովի ծաղրի առարկա դարձնում։ Եվ ի վերջո, ինժեներին կատարելապես տրորելու համար պետք էր ցույց տալ, որ Արմեն Միսակիչի և Զառայի տան երեկույթի ժամանակ նրա կինը նազկտում է Ազատի հետ շփվելիս։ Իմիջիայլոց, վերը նկարագրվածը հետագայում մշտական ռազմավարություն դարձրին վաղամեռիկ Հայկ Խաչատրյանի երկու գործընկերը (Հայկո-Մկո-Հայկո տրիո)՝ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, իրենց «Կարգին հաղորդում» նախագծում։ Նույն տրամաբանությունն է գործում նաև Արմեն Միսակիչի պարագայում․ սովետական շրջանից մնացած բարձր չինովնիկ, ըստ ամենայնի՝ սեռապես անկարող, որը գիշերը սառնարանի լույսի տակ գիրք է կարդում։ Որպեսզի նրան օժտած հիմարությունն առավել խտացնեն, հեղինակները նրա կնոջը սիրային կապի մեջ են դնում անբան Աշոտի հետ։

   Մեկ այլ շերտ է քրեական երանգ ունեցող փողոցային բարքերի պատկերումը․ թզբեհով կամ բերանը չոփ դրած բակում լռվող, պոռոտ փողոցային բարբառով խոսող, կարճ զգեստ հագած կանանց հասցեին հայացքներ և ռեպլիկներ նետող երիտասարդ տղաներին ֆիլմը ցուցադրում է բավականին չեզոք (եթե նման բան առհասարակ հնարավոր է), եթե չասենք՝ դրական, լույսի ներքո։ «Մեր բակի» թերևս ամենաստացված հատվածը «Վեսթսայդյան պատմություն» հայտնի մյուզիքլ-ֆիլմի համանմանությամբ նկարահանված երաժշտա-խորեոգրաֆիկ տեսարանն է, որտեղ երկու տղայախումբ հարաբերություններ են պարզում։ Այստեղ նկատվում է որոշակի լեզվական բարդություն, որին բախվել են հեղինակները՝ երկփեղկվելով Երևանի այն ժամանակների փողոցային բարբառի և գրական լեզվի միջև․

 

- Մանթո՛ եմ։

- Ապե-ապե։

- ժամո՛ եմ։

- Ապե-ապե։

- Օտար թաղում ես իմ համար

  Հանգիստ գնում էի հացի,

  Եկան կպան գազանաբար,

  Բայց ես ինձ ծանր պահեցի։

- Չլինի՝ կո՞ւլ ես գնացել եղբայր,

  Ասա՝ իմանանք՝ ինչ մոտեցում տանք։

- Ստիպում էին ընկերուհուցս հրաժարվել,

  Չհասցրի մերժել՝ ապտակեցին։

- Իսկ ի՞նչ քանակությամբ էին հակառակորդները։

- Ասեմ ընկերությանը, որ շատվո՜ր էին, շատվո՜ր։

 

- Գողի փոշի, տղերք, վերցնենք,

  Որոշ հարցեր տեղում լուծենք։

  Վերցնենք փոշին, գնանք կաշի,

  Հանձնենք պանիրը լավաշին։

 

- Ահա և դեպքի վայրը, տղանե՛ր,

  Այստեղ եմ ես սլաք խփե։

- Կարո՞ղ ա պատահի՝ վախենան չգան,

  Երևի տուն կանչեց բալիկներին մաման։

 

- Պռապուսկատ, աբռաշատ,

  Աբխադիտ, տինդիրիտ,

  Դիշիվիտ, դավադիտ,

  Ռազբիրատ, ատպուսկատ։

 

  Որտե՞ղ ես, աբիժնի՛կ, որտե՞ղ ես,

  Չլինի՞ մեզանից դու վառվել ես։

- Դե սկսիր, իմ եղբայր գլավառեզ,

  Ներխուժել գողական ասպարեզ։

 

- Էս ի՜նչ բազառ-վակզալ եք ստեղ սարքել,

  Ձեր գալը ստեղ իզուր է եղել։ 

- Ապե՛, դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ։

- Քրոջս պատիվը պտի՛ պաշտպանեմ։

 

- Ինքը քո հետ չի՛ խոսա,

  Դու լուչե կեր պերեդ զագսմ սվոյ պասպռտ։

- Աղջկա խոսքերը ասնավանի չի՛։

- Ձեզ հավատանք մենք հանուն ինչի՞։

 

Այսքանն արդեն բավարար է ցույց տալու համար, թե ինչ լեզվական խառնաշփոթի հետ գործ ունենք, բայց այստեղ կարևոր մեկ այլ բան էլ կա․ խորհրդային շրջանում նման կերպարները եթե հանկարծ հայտնվեին որևէ ֆիլմում, վստահաբար կներկայացվեին բացասական երանգով՝ որպես, ինչպես ասում էին, неформал (նեֆորմալ)։ Այստեղ նույնիսկ այլ կերպարներ չկան, որոնց համեմատ սրանք կարող էին բացասական դիտվել։ Եվ հենց այս հանգամանքների ներքո է, որ քրեական բարբառը բարձրացվում է պաշտոնական մակարդակ ու ցուցարվում Պետական հեռուստատեսությամբ՝ իբրև ըստինքյան ենթադրվող մի բան։ Բաց թողնելով որոշ հատվածներ՝ անդրադառնանք տեքստի վերջին․

 

- Մենք մի բուռ ազգ ենք, և մեզ սազական չի վիճել,

  Չէ որ իրար նկատմամբ առաջ լավ ենք եղել։

  Սարը սարին հանդիպում է տարին մեկ անգամ,

  Դե, մի լավ բան ասա, ի՛մ բարեկամ։

 

- Տո, լա՜վ է, օ-օ՜,

  Դե, բա՛վ է, օ-օ-օ՜,

  Գնանք ուտեղ-խմելու,

  Այ սենց բաներ մազալու։

 

- Հայհոյանք, տառապանք,մոտեցում, միացում՝

  Կամավոր, չափավոր, զորավոր։

  Այս բոլորը մի պահ է կյանքում չափազանց կարևոր,

  Բայց ինչքան հաճելի են և քաղցր նրանք մեզ համար։

 

- Տո լա՜վ է, օ-օ՜,

  Դե բա՛վ է, օ-օ-օ՜,

  Էլ բան չունենք ասելու,

  Այ սենց բաներ մազալու։

 

Տեքստում ակնհայտ է ազգային հողի վրա բոլորին հաշտեցնելու ձգտումը, բայց այդ թվերին հարաբերություններ պարզելու նման եղանակը վաղուց դուրս էր եկել աղջիկների սերը կամ բակի վերահսկողությունը ստանալու շրջանակից և տարածվել դեպի սեփականության ու հանրային տարածությունները նվաճելու համար մղվող պայքարի դաշտ։ Որոշ տեսաբաններ հակված են այս պահը կարծել առևտրայնացման և բիզնեսի հաղթանակ քրեական (ենթա)մշակույթի նկատմամբ՝ դրսևորման տարածքների համար մղվող պայքարում, իսկ ես համարում եմ, որ այդ երկուսը զգալաչափ համընկնում են, և փոփոխությունները տեղի էին ունենում քրեականի ներսում՝ նրանցից ոմանք պարզապես սկսեցին նաև բիզնեսով զբաղվել։ Եվ պարզ է, որ սա ներկայացված չէ ֆիլմում․ սոցիալական իրականության մեջ կոնֆլիկտները, մեղմ ասած, ոչ միշտ էին հեփի էնդով փակվում։

   Քանի որ խոսք գնաց լեզվի մասին, արժե արձանագրել՝ ֆիլմում երկու անգամ հնչում է ռուսերեն երգ․ երբ Սոնան ու Մկոն ձախողում են սեր խոստովանելու փորձերը, միայն ռուսերեն երգի միջոցով են կարողանում ասել թաքնվածի մասին։ Մյուսը Զառայի և Արմեն Միսակիչի տան երեկույթի դրվագն է, երբ մի շարք չկապակցված խոսակցություններից և գործողություններից հետո, ոչինչ չի մնում, քան վերջինիս հորդորով «Очи чёрные» (Սև աչքեր) երգը՝ կես ռուսերեն, կես հայերեն երգելը, որն էլ, ի վերջո, Աշոտի նախաձեռնությամբ մեկեն փոխարինվում է ռաբիզ երգով՝ «Գալիս ես ու անց կենում»։ Երկու անգամ էլ երգը ենթագրերով կամ մի այլ կերպ չի թարգմանվում հայերեն։

 

 

   ֆիլմի կառուցվածքը

 

   Այստեղ որոշիչ դեր ունի նույն КВН-ից փոխառված մի հնարք՝ բառերի հարանշանակություններով ձեռնածությունը, որը քայքայում է համատեքստը։ Դիտարկենք Հրանտի և Դավիթի՝ շախմատ խաղալու տեսարանի խոսակցությունը․

 

Դավիթ—Բա գիտե՞ս, Հրանտ, մեր դասարանի Սերոժը Նոբելյան մրցանակ ա ստացել։

Հրանտ—Ո՞ր Սերոժը։

Դավիթ—Նոբելյա՛ն։

Հրանտ—Լսի, Բոտվիննիկ, երեկ ֆոտբոլը նայեցի՞ր։

Դավիթ—Ոչ, ի՞նչ կար որ։

Հրանտ—Մերոնք տարան։

Դավիթ—Ինչքա՞նով։

Հրանտ—Տասով՝ մի հատ էլ դարպասապահ։

 

Նաև խաղի կեսից շախմատային ժամացույցի փոխարեն կադրում հայտնվում են հեռախոս ու լուսամփոփ, և խաղացողները քայլ անելուց հետո ժամացույցի կոճակի փոխարեն սեղմում են հեռախոսի և լուսամփոփի սեղմակը։ Սա հարմար ձև է հումորի տեղիք չտվող իրավիճակներից հռհռոց կորզելու համար ու նաև հնարավորություն է բացում՝ իրար ոչնչով չկապված դրվագները զոռով զուգակցելու․ եթե կարելի է շախմատի ժամացույցը հենց այնպես փոխարինել հեռախոսով կամ լուսամփոփով, նույն կերպ էլ կարելի է վերը նկարագրված երկու փողոցային դրվագը կարել Ռուբեն Մաթևոսանի կատարմամբ հնչող «Չքնաղ երազ» երգի ներքո արտասվող Մկոյի և Աշոտի ու Զառայի սիրային տեսարանի արանքը՝ չէ՞ որ դրանք բոլորն էլ ենթադրաբար զվարճալի են։ Որոշ դեպքերում հնարքը դուրս է գալիս վերբալ սահմաններից․ Ազատն Աշոտին ասում է՝ «Աշոտ, մի-մի հատ նարդի չգցե՞նք», և նրանք բացում են նարդին ու երկրորդ հարկից նետում ցած։ Ամեն ինչ պարզ է․ «գցել» ասվածը նարդու համատեքստում հղում է զառ նետելուն և նշանակում ընդհանրապես նարդի խաղալը, բայց դրանից զատ ունի պարզապես մի բան նետելու, շպրտելու իմաստը, ինչն էլ հնարավորություն է տալիս խոսքը կտրել համատեքստից և նարդու տախտակը նետել ցած։ Հնարքը գուցե կարող է զվարճալի լինել, երբ գործածվում է չափավոր և մտածված, բայց դրա վրա ամբողջ պատումը կառուցելը տափակամտության է հանգեցնում։

  Հեռուստաֆիլմն, իսկապես, ոչ այնքան հեռուստաֆիլմ է, որքան ամանորյա հեռուստահանդեսի, КВН-ի և գովազդի խառնուրդ, որտեղ սյուժետային գծերի զարգացումը, կապակցվածությունը կամ նույնիսկ գիտակցված չկապակցվածությունը տեղ չունեն։ Դրա մասին կա ուղիղ ակնարկ․ Աշոտն ի վերջո աշխատանքի է ընդունվում, թխվածքով ու շամպայնով մաղարիչ մատուցում․

 

Լալա - Վայ, Աշոտ ջան, դու միշտ պտի երկար կյանք ունենաս՝ ջրի նման, դու պտի Կոկա-կոլայի նման ընդմիշտ լինես։

Հրանտ - Ընդմիշտ Կոկա-կոլա՜։

Լալա - Վայ, Ազատն էլ եկավ։

Ազատ - Էս ի՞նչ հաշիվ ա։

Հրանտ - 0 - 2, հահահահահա։

Աշոտ - Հրանտ, դու ընչի՞ КВН չես խաղում։

 

Խնդիրն ինչ-որ կերպ առանձին հումորային ու երաժշտական համարները միացնելն է, և դրանց սոսինձն է դառնում «մեր բակի» երևակայումը՝ ամեն ինչ այստեղ է կատարվում և մեզ է վերաբերում։

   Մյուս երկու բաղկակից տարրը բամբասանքն ու ձանձրույթն են։ Եվ այդ շրջանում, իսկապես, երկուսի ծաղկման համար էլ պարարտ հող կար։ Բայց հեղինակները, վատնելով այս երկուսի ահռելի ներուժը, ավելի շատ շոշափում են դրանց արտաքին կողմը և դրանք զոհ տալիս բառերի հարանշանակություններով ձեռնածությանը։

 

   Ամփոփելով՝ «Մեր բակին» բնորոշ է մի կողմից իրավիճակի նկատմամբ անադեքվատությունը՝ որպես կատարվողի արդարացման հնար, մյուսից՝ իրար չկապակցված պատառիկները մի ընդհանուր պատմության մեջ հյուսելու չստացված ճիգը՝ իսկը ինչպես այդ շրջանի հասարակական կյանքն էր։ Եվ մարդիկ ընդօրինակում էին ֆիլմի միջի խոսքն ու վարքը ոչ այն պատճառով, որ նրանց սրտով էր, այլ այն, որ պետական հեռուստաալիքով Ամանորին դա էր ցուցադրվել։

 


Հետևանքը

 

   Անդրադառնանք վերջին դրվագին․ երկու նորաոճ գործարար գալիս են բակ և օրենքով հաստատված փաստաթղթին հղելով՝ պահանջում նկարիչ Դավիթից ստորագրել թուղթը և ազատել իր արվեստանոցը՝ դրա փոխարեն ստանալով մեկ այլ արվեստանոց։ Բակի բոլոր բնակիչները՝ ներառյալ Ինժեներ բալան և Արմեն Միսակիչը, միացյալ ուժերով քշում են զավթիչներին։ Սակայն հետագա տարիներին «Մեր բակի» արտադրությանն առնչակից որոշ ընկերություններ և մարդիկ զբաղված էին ֆիլմից դուրս ծավալվող կյանքում այնպիսի՛ քաղաքական ուժերի լեգիտիմացմամբ և այնպիսի՛ քաղաքական գործիչների քարոզարշավների կազմակերպմամբ, որոնք նույն բանն էին անում, ինչ ֆիլմի միջի գործարարները, բայց անհամեմատ մեծ մասշտաբով։ «Մեր բակ 3» (2007) ֆիլմի վերջում բակի դալանը նկարազարդվում է քաղաքի՝ իբր մտերմիկ պատկերներով, և տարիներ անց դերասան Հրանտ Թոխատյանն («Շարմ հոլդինգ»-ի հիմնադիրներից, 2013-2016 թթ․ ՀՀԿ խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ) ասում է, որ իրենց ֆիլմն առիթ դարձավ, որպեսզի քաղաքի մյուս դալաններն էլ նկարազարդվեն, և դրանից հետո մարդիկ դալաններում այլևս աղբ չեն թափում։ Ի՜նչ հեգնանք․ ճիշտ այդ շրջանում Երևանի ճարտարապետական նկարագիրը բռնաբարվում էր, և դրա ամենաակնառու օրինակը Հյուսիսային պողոտան էր, որ կառուցվել էր տվյալ տարածքում մինչ այդ բնակվող մարդկանց ոտնահարված իրավունքների վրա։ Երբ այլևս չկա մտերմիկ քաղաքի հույս, այն պետք է փոխարինել մտերմիկ քաղաքի պատկերներով՝ դրոշմված դալանների վրա։ Եվ հետագա ընթացքում «Մեր բակը», «Մեր բակը 2» և «Մեր բակը 3» ֆիլմերի հեռարձակման արանքում և յություբյան վերբեռնումների մեջ հայտնվում է գովազդը «Ռոսգոսստռախ» ընկերության, որի գրասենյակը Հյուսիսային պողոտայում է, և պողոտան էլ պատկերված է գովազդում։ Նույն «Ռոսգոսստռախ»-ը, որում տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել Բժշկականի КВН-ի թիմի ավագ, «Շարմ»-ի առնչակից Մինասբեկյանը։

   Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ֆիլմը դարձավ КВН-ական մտածողությունը պաշտոնական մակարդակ բարձրացնող մի զսպանակ և հասարակության գլամուրացման ծիծեռնակը։ Ֆիլմի ռեժիսոր Միքայել Դովլաթյանը զրույցի ժամանակ, փորձելով գնահատական տալ «Մեր բակին», վկայակոչում է իր հոր՝ Ֆրունզե Դովլաթյանի, արձագանքը․ «Տղերք, դուք չեք պատկերացնում՝ ինչ եք արել»։ Իսկապես, դժվար է չհամաձայնել նրա հետ։



Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Արմեն Հայաստանցուն (Օհանյան)՝ ենթադրելով, որ նա ասելիք կունենա «Մեր բակի», КВН-ի կամ հարակից բաների վերաբերյալ։

 


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել